Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի խորհրդարանի պատգամավորը հայտնել է, որ ցույցերին մասնակցելու համար մինչ այժմ ձերբակալվել են շուրջ 3700 հոգի. Լուրեր Իրանից

Հունվար 10,2018 13:10

1.Իրանի իսլամական հանրապետության առաջնորդ պրն Խամենեին երեկ իր ելույթում անդրադարձել է երկրի վերջին ցույցերին։ Նա ցուցարարների սոցիալական պահանջները համարել է ազնիվ, բայց դատապարտել է վայրագությունն ու ավերածությունը։ Պրն Խամենեին ցույցերի հրահրման համար դատապարտել է ԱՄՆ-ին, Իսրայելին և Սաուդական Արաբիային․ նա Վաշինգտոնին սպառնացել է վրեժխնդրությամբ և վնասների փոխհատուցմամբ (taghās تقاص ):

2.Իրանի խորհրդարանի պատգամավոր Մահմուդ Սադեղին հայտնել է, որ ցույցերին մասնակցելու կամ հրահրելու համար մինչ այժմ ձերբակալվել են շուրջ 3700 հոգի․ ներքին գործերի նախարարությունը հայտնել է միայն 1700 ձերբակալվածի մասին։ Ձերբակալվածներից երկուսը մահացել են Թեհրանի և Արաքի բանտերում․ պաշտոնապես հայտարարվել է, որ մահացածները ինքնասպանություն են գործել, իսկ Արաքի մահացածը թմրամոլ է եղել և ոչ ցուցարար։ Ձերբակալվածների թվում կան նաև ուսանողներ։

3. Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր և Կանաչների կուսակցության մարդու իրավունքների գծով փորձագետ Ֆոլկեր Բեկը բողոքել է Իրանի նշանավոր ղեկավարներից մեկի Գերմանիայում բուժվելու դեմ։ Իրանի «Վարչակարգի նպատակահարմարության ճշտող խորհրդի» (Expediency Discernment Council of the System) նախագահ պրն Մահմուդ Հաշեմի Շահռուդին այժմ օրեր է, որ բուժվում է Գերմանիայի Հաննովեր քաղաքում․ նրա գլխում ուռուցք են հայտնաբերել: Պրն Շահռուդին Իրանի ազդեցիկ դեմքերից է, նախապես վարել է ուրիշ շատ պաշտոններ, այդ շարքում նաև դատական ատյանի նախագահ։ Նա համարվում է երկրի առաջնորդ պրն Խամենեիի փոխարինողներից մեկը։

Ֆոլկեր Բեկը բողոքի նամակ է հղել Հաննովեր քաղաքն իր մեջ ներառող Ներքին Սաքսոնիա երկրամասի դատախազին և հայտնել, որ պրն Շահռուդին մեղադրվում է մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման կապակցությամբ և պահանջել է բեկանել նրա դիվանագիտական անձեռնմխելիությունը՝ որպեսզի հնարավոր լինի նրան դատական պատասխանատվության կանչել։

Իրանցիները շատ զգայուն են իրենց ղեկավարների արտասահմանում բուժվելու կապակցությամբ․ երկրի առաջին առաջնորդ Իմամ Խոմեյնին ծանր հիվանդ լինելով հանդերձ երբեք այդ քայլին չգնաց, իսկ ազգայնական նշանավոր վարչապետ Մոսադեղը բժիշկների հորդորներին դեմ գնալով մերժեց իր բուժումը արտասահմանում շարունակել։ Գերմանիայում ապրող մի խումբ իրանցիներ բողոքի ցույցեր են կատարել Հաննովերի հիվանդանոցի մոտակայքում։

4. Թուրքիայի կառավարությունը Սիրիայի բանակի Իդլիբում կատարած ռազմական գործողությունների կապակցությամբ Անկարայում բողոքի նոտա է հանձնել Իրանի և Ռուսաստանի դեսպանություններին։ Իդլիբը Սիրիայի հյուսիսային մարզերից է և հարևան է Թուրքիային։ Անկարան հավակնում է, որ ըստ Աստանայի համաձայնագրի Իդլիբը համարվում է բախումներից զերծ շրջան, որի երաշխավորը Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան են, բայց Սիրիայի բանակը Իրանի և Ռուսաստանի հովանավորությամբ խախտել է այդ համաձայնագրի կետերը։

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031