Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ բյուրոյի անդամ Վիգեն Բաղումյան. «Բոլորս գիտենք, որ հարեւանների մէջ ամենավստահելին եւ ամենադրական մօտեցում ունեցողը՝ Իրանն է»

Հունվար 10,2018 12:18

Իրանական վերջին զարգացումները՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանի դիտանկիւնից

«ԱԼԻՔ» – Իրանում տեղի ունեցող վերջին անցուդարձերը որքան էլ յատուկ լինեն աշխարհում գոյութիւն ունեցող երկրների ներքին ճգնաժամերին, մեզ համար առանձնանում են իրենց բազամավեկտոր իրավիճակներով, որոնք իրենց մէջ ներառել են տնտեսական եւ հասարակական խնդիրներ:

Այսօր, այս սիւնակում, ստեղծւած իրավիճակի շուրջ զրուցեցինք ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանի հետ, ով մեր հարցին մօտեցաւ բազմակողմանի դիտանկիւններից՝ թէ՛ տարածաշրջանային, թէ՛ Իրան-Հայաստան եւ թերեւս որպէս Իրանի կայունութեան պահպանման գլխաւոր եւ ամենաէական գործօնի՝ իրավիճակի ամենաապահով հանգուցալուծման, որից էլ կը բխեն առաջին երկու հիմնահարցերի պահպանումը:

Պարոն Բաղումեանի կարծիքով այստեղ արտաքին գործօնի դերը չպէտք է բացառել, որը ակնառու կերպով երեւաց. «Ցանկացած հզօր երկիր նման իրավիճակներում պէտք է առաջնահերթաբար լուծի ներքին խնդիրները. եթէ թոյլ չես տալիս ներսում առաջանան դժգոհանքի հիմքեր՝ արտաքին ուժերը չեն կարողանայ ոչինչ անել: Հետեւաբար, հասկանալով իրավիճակի զգօնութեան աստիճանը՝ արտաքին միջամտութիւնների առումներով, քանզի սա մշտապէս գոյութիւն ունեցող երեւոյթ է, այնուամենայնիւ լուծումը պէտք է գտնել ներքին հարցերի կարգաւորման եւ կայունութեան պահպանման մէջ: Կան հնարաւորութիւններ, որոնք պէտք է տրւեն ժողովրդին, դրանից օգտւելու համար՝ առողջապահական, կենսոլորտի հետ կապւած, սոցիալական եւ այլ բնագաւառներում: Այսինքն՝ բազմաշերտ հարցեր կարող են ստեղծել նման դժգոհութիւններ: Ես համոզւած չեմ, որ կան միայն տնտեսական հարցեր, այլ կան նաեւ հասարակական բնոյթի խնդիրներ, որոնց լուծման եղանակները պէտք է գտնել:

Հարցի առողջ լուծման բանալին ներքին դժւարութիւնների վերացումն է, պէտք է լսել եւ հարթել ու ողջ իրողութիւնը չվերագրել միայն արտաքին միջամտութիւններին»:

Անդրադառնալով այս ֆոնին Հայաստանի վրայ թողած ազդեցութեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամը նշեց, որ. «Մեր համար թէ՛ որպէս Իրանի հայ քաղաքացիներ, եւ թէ՛ որպէս Հայաստանի ապագայով շահագրգռւած համայնք, չափազանց կարեւոր է Իրանի կայունութիւնը, Իրանի անվտանգութիւնը եւ զարգացումը: Կայունութիւնը ինքը բացարձակ արժէք լինելով հանդերձ, առանձին չի կարող գոյութիւն ունենալ, եթէ չկայ կողքին զարգացման հնարաւորութիւն, չկայ խաղաղութիւն, չկայ ճիշտ ղեկավարման բոլոր յատկանիշերը:

Իրանի կայունութիւնը առաջնահերթութիւն է: Իրանի հողային ամբողջականութիւնը, որը կարող է ցանկացած պահի խնդրոյ առարկայ դառնալ, հիմնականում արտաքին ձգտումների բերումով, սրանք բոլորը մեզ համար ծայրագոյն խնդիրներ կարող են ստեղծել թէ՛ որպէս Իրանի քաղաքացիներ, եւ թէ՛ որպէս համայնք, եւ թէ՛ որպէս Հայաստանի Հանրապետութիւն: Բոլորս գիտենք, որ հարեւանների մէջ ամենավստահելին եւ ամենադրական մօտեցում ունեցողը՝ Իրանն է»:

«… Տարածաշրջանային առումով մեր հիմնական խնդիրը մեր յարաբերութիւնն է ԱՄՆ-ի հետ: Այդ յարաբերութիւնների խորքում երկու հակադրութեան մեկնակէտ կայ՝ մէկը հեգեմոնիկ կամ մեծապետական տրամադրութիւններն է, որը չի սիրում իրական ինքնուրոյն երկիր, սիրում է բոլորի վրայ ունենալ վերահսկողութիւն եւ բնական է՝ Իրանը այդ հնարաւորութիւնը չի տալիս իրեն, սա առաջնահերթ հակադրւող կէտերից մէկն է: Երկրորդ հակադրութեան կէտը Իսրայէլի հարցն է. Իսրայէլի հարցը նաեւ այն խնդիրներից է, որ ԱՄՆ-ի, յատկապէս ներկայ ադմինիստրացիան շատ հակւած է դէպի այդ երկիր:

Հետեւաբար այստեղ էլ մեր ճիշտ քաղաքականութիւնը՝ դիպուկ հակաիսրայէլ, բայց ոչ անտեղի քայլերով արտացոլւող, կարող են հարցերը աւելի ճիշտ հունի վրայ դնել՝ մեր, որպէս Իրան, բարեկամների թիւը աւելացնել, թշնամիների թիւը նւազեցնել եւ թոյլ չտալ, որ սկզբնական յայտարարութիւնների հիմքերով հրահրւի հակաիրան տրամադրութիւններ արտաքին աշխարհում:

Իմ մտահոգութիւնը այս հարցում հետեւեալն է, որը գալիս է Միջին Արեւելքի ժամանակակից պատմութիւնից, եւ կասկած չունեմ, որ Ամերիկայի ներկայ վարչախմբի մօտ կայ իշխանափոխութեան երազանք Իրանի նկատմամբ: Այս հարցը կարող է սրւել, երբ որ ԱՄՆ-ն աւելի խոցելի ճակատի վրայ խնդիր չունի: Մենք միշտ պէտք է հաշւի առնենք, որ գոյութիւն ունի ոչ շատ խելօք, ոչ շատ մտածող ԱՄՆ-ի ղեկավարութիւն, որը կարող է ճակատագրական սխալների գնալ, եւ մենք չնայենք, որ քանի որ սխալ է ուրեմն չեն անի, պէտք է այնպէս անենք, որ այդ սխալը մեր կողմից ղեկավարելի լինի:

Զրոյցի աւարտին որպէս հիմնական մտահոգութիւն նա նշեց. «Այսօր երկրի տնտեսութեան հետ կապւած խնդիրներ կան, իհարկէ սա ներքին տնտեսութեան վրայ անշուշտ իր անդրադարձը կունենայ ժողովրդի կարողութեան առումով եւ նրանք (Արտ. ուժեր) այն յոյսն են փայփայելու, որ արտաքին ճնշումների բերումով ծունկի կը բերեն Իրանին: Սա մենք պէտք է կարողանանք արտաքին եւ տնտեսական քաղաքականութեան ճիշտ դիւանագիտութեան շնորհիւ նւազագոյնի իջեցնել:

Մեր ղեկավարութիւնը այս զգայուն պայմաններում պէտք է կարողանայ իր տնտեսական, քաղաքական եւ ներքին հասարակական մօտեցումները կշռադատւած դարձնի, աւելի կուռ քաղաքականութիւն վարի, որպէսզի կարողանայ այս դժւար պայմաններից երկիրը ապահով դուրս հանի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031