Հունվարի 8-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացել է Բերդ քաղաքի 49-ամյա բնակիչ Վրեժ Աթոյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 1990-ական թվականներից Բերդ քաղաքում գտնվող իր առանձնատանն ապօրինի կերպով պահել է ընդհանուր թվով 15 հատ գործարանային արտադրության 9 մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող մարտական փամփուշտներ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով («Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է առավելագույնը 3 ամիս ժամկետով կալանք կամ առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում: Վ. Աթոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Վ. Աթոյանը մասնակցել է 1990-ական թվականների մարտական գործողություններին, որպես բուժակ սահմանագծում է եղել, սակայն ազատամարտին նրա մասնակցության վերաբերյալ փաստաթղթեր չկան: Նա Հայաստանի որսորդմիության անդամ է , որսորդմիության ներկայացուցիչը ոստիկանության աշխատողի հետ այցելել է նրա տուն, որպեսզի տեսնեն վերջինիս որսորդական զենքի պահպանման պայմանները, ոստիկանության աշխատակիցը նկատել է պատուհանի գոգին դրված, նշված փամփուշտները:
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը հունվարի 8-ին վճռել է Վ. Աթոյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածով, նրան դատապարտել մեկ ամիս ժամկետով կալանքի, ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել, նշանակել մեկ տարի ժամկետով փորձաշրջան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ