ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պարզվում է, հանճար է: Համենայնդեպս, նա իրեն այդպիսին է համարում: Ինչպե՞ս է Թրամփը հիմնավորում իր հանճարեղ լինելը: Շատ պարզ. քանի որ նա մեծ հաջողությունների է հասել բիզնեսում, ինչպես նաեւ հեռուստատեսային գերաստղ էր, իսկ հետո դարձել է ԱՄՆ նախագահ, ուրեմն նա հանճար է: Սակայն ակնհայտ է, որ Թրամփն առաջին հաջողակ բիզնեսմենը չէ ու առաջին աստղը չէ Միացյալ Նահանգների պատմության մեջ: Կարելի է հիշեցնել նաեւ, որ Թրամփից առաջ այդ հրաշալի երկիրն ունեցել է 44 նախագահ: Մի՞թե նրանք բոլորը հանճարներ էին: (Գիտեմ, որ անգլերեն «genius» եւ հայերեն «հանճար» բառերի իմաստների միջեւ որոշակի տարբերություն կա, բայց լեզվաբանական նրբություններն այստեղ այնքան էլ էական չեն):
ԱՄՆ ներկայիս ղեկավարը որոշել է բարձրաձայնել իր արտառոց արժանիքների մասին ի պատասխան ամերիկացի լրագրող Մայքլ Վուլֆի գրքի, որտեղ հեղինակն ապացուցում է, որ ԱՄՆ նախագահն օժտված չէ բարձր մտավոր կարողություններով, քիչ է կարդում եւ բացարձակապես հետաքրքրասեր չէ: Վուլֆի գիրքը, որը կոչվում է «Կրակ եւ ցասում», լույս է տեսել երեկ, սակայն որոշ դրվագներ մինչ այդ արդեն իսկ հայտնի էին դարձել հանրությանը:
Իսկ մեր կողմից արձանագրենք, որ պետական գործչի հանճարը եւ նույնիսկ տաղանդը բացահայտվում է նրա քայլերի արդյունավետության միջոցով: Եթե դիտարկենք թեկուզ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին երկու քվեարկությունները Երուսաղեմի եւ Իրանի հարցերով (դեկտեմբերի 18-ին եւ հունվարի 5-ին), երբ անգամ ԱՄՆ-ի դաշնակիցներն էին հակադրվել ամերիկյան նախաձեռնություններին, կարելի է ենթադրել, որ այդ նախաձեռնությունները հանճարեղ չէին: Նման բարձրագոչ մակդիրը, հավանաբար, չի կարելի կիրառել նաեւ 18 միլիարդ դոլարով Մեքսիկայի հետ պատ կառուցելու գաղափարին:
Իհարկե, ԱՄՆ ներկայիս վարչակազմն ունի նաեւ լավ, ճիշտ մտահղացումներ, որոնց շարքից են, իմ կարծիքով, «գրին-քարտի» խաղարկության դադարեցումը կամ հարկային բարեփոխումները: Ինչպես եւ աշխարհի ցանկացած ղեկավար, Թրամփն արել է եւ անելու է բազմաթիվ ճիշտ եւ սխալ քայլեր: Բայց նա, ինձ թվում է, հանճար չէ: Հանճարը Մոցարտն է, որի ցանկացած ստեղծագործություն գլուխգործոց է:
Սակայն ամերիկյան համակարգի առավելությունն այն է, որ 3 տարուց կամ (որն ավելի քիչ հավանական է) 7 տարուց Թրամփն այլեւս նախագահ չի լինի: Իսկ, օրինակ, Պուտինը հավերժ է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Երբ մարդ ինքն իրեն գովում է, ստեղ վատ բան չկա, ես էլ երբ մի ինչ որ կենցաղային կամ մասնագիտական բարդ խնդիր եմ լուծում ու ստացվում է՝ մեկ աստծու ցավն եմ տանում, մեկ էլ ինքս ինձ ասում՝ ախպեր ջան, դու հանճար ես: Կարեւորը համեստությունը չի, կարեւորը մարդ բարդ խնդիրներից չխուսափի, չբողոքի, իսկ հաջող լուծման դեպքում ինչքան քեֆը տա թող ինքն իրեն գովի՝ միանգամայն արժանի է:
Հարկային բարեփոխումներ ել վիճելիա որ ճիշտ եմ։ ԱՄՆ-ի պարտքը արդեն հնա 100 տոկոսն անցելա ու շարունակումա աճել։ էտ պայմաններում հարկերը իջացնելը ինչքանով ճիշտա։
Հիմա կասեք մեծ երկիրա քո չափ չեն հասկանում։ Հասկանում բայց շախմատում կ ա ցուգցվանգ այսինքն դիրք երբ լավ քայլ չկա։ Ինչ քայլել անես դիրքդ վատանալույա։
Հենց տրամպի նմանին ընտրելը, ագրեսիվ պահվածքը փորձելով ամենուր կոնֆլիկտներ հրահրել/Սիրիա, Ուկրաինա հիմա Իրան/ ցուգցվանգի դրսեվորումա։