Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան անելանելի է Ալիեւի վիճակը

Հունվար 10,2018 12:00

Նա ստիպված բանակցությունների վերադառնալու
իր քայլը ներկայացնում է որպես Բաքվի հաղթանակ

«Ղարաբաղյան հարցում «միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով»,- ամփոփելով տարին, ելույթ ունենալով արտաքին գործերի նախարարությունում՝ դիվանագետների եւ օտարերկրյա դեսպանների առջեւ հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ պնդելով, թե դա լավագույնս արտացոլված է Հայաստան-Եվրամիություն համաձայնագրում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների պատվիրակությունների ղեկավարների եւ ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովի հայտարարություններում: Հիշեցնենք, որ վերոնշյալ փաստաթղթերում Արցախյան խնդրի կարգավորման երեք սկզբունքներն էին շեշտվել՝ ժողովուրդների ինքնորոշում, տարածքային ամբողջականություն եւ ուժի չկիրառում:

Սերժ Սարգսյանն անդրադարձել էր նաեւ Ժնեւում Ալիեւի հետ բանակցություններին՝ նշելով. «Անկախ բանակցային գործընթացում շոշափելի առաջընթացի բացակայությունից՝ մենք կարող ենք արձանագրել, որ շուրջ մեկ տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ժնեւյան հանդիպումը, որի արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն, եւ ձեռք բերվեց պայմանավորվածություն լարվածության թուլացման վերաբերյալ»:

Իր ամանորյա ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նույնպես անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին՝ շեշտելով, թե Ադրբեջանի արտաքին քաղաքականության օրակարգի առանցքային թեման շարունակում է մնալ ԼՂ խնդրի լուծումը: Ալիեւի խոսքով՝ 2017 թվականի գլխավոր արդյունքը այն էր, որ «Հայաստանն անվերապահորեն միացավ բանակցություններին՝ չնայած այն իրողությանը, որ նախկինում նախապայմաններ էր առաջ քաշում»: «Հայաստանի կողմից առաջ քաշված նախապայմաններից եւ ոչ մեկը Ադրբեջանը չընդունեց, եւ բանակցություններն անվերապահորեն վերսկսվեցին: Հուսով եմ, որ բանակցությունների միջոցով մենք կկարողանանք հասնել այս խնդրի կարգավորմանը»,- հավելել է նա։

Ալիեւն ակնհայտորեն քարոզչական աճպարարության է դիմում. այն, ինչին ստիպված է եղել համաձայնել նա բանակցությունների վերադառնալու առումով, ներկայացնում է որպես Ադրբեջանի արձանագրած ձեռքբերում: Սա այն դեպքում, երբ ապրիլյան պատերազմից հետո մինչ այժմ Ալիեւը համաձայնություն չի տվել միջնորդների ներկայացրած պահանջների, մասնավորապես՝ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման պահանջի իրագործմանը:

Իհարկե, Ալիեւի համար ծանր է արձանագրել, որ տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը նսեմացնելով, բանակցային գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելով՝ նա այսօր կրկին ստիպված է վերադառնալ բանակցությունների սեղանին: Կարելի է պատկերացնել այս առումով, թե որքան անելանելի է Ալիեւի վիճակը, որ նա ստիպված է բանակցությունների վերադառնալու իր քայլը ներկայացնել որպես Ադրբեջանի հաղթանակ:

Ինչ վերաբերում է նրա մեկնաբանությանը, թե՝ «Հայաստանի կողմից առաջ քաշված նախապայմաններից եւ ոչ մեկը Ադրբեջանը չընդունեց», ապա, եթե նա կրկին նկատի ունի Բաքվի համար մերժելի՝ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման պահանջը, ապա միջնորդները, թերեւս, մտորելու նոր առիթ ունեն: Դա նշանակում է՝ Ալիեւի հույսը բանակցային գործընթացը 2018-ին եւս փակուղում պահելն է ու շփման գծում իրավիճակը ժամանակ առ ժամանակ լարելը: Այս համատեքստում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ալիեւի կեցվածքն էլ ավելի է նպաստում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը:

Ընդհանուր առմամբ, իհարկե, պետք է արձանագրել, որ բանակցային գործընթացն իսկապես բարդ ու անորոշ փուլում է: Հիշեցնենք, որ դա նույնիսկ արձանագրեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նոյեմբերի վերջին Երեւանում նշելով. «Մենք կվերլուծենք ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մեր գործընկերների կարծիքները եւս եւ կփորձենք ակտիվ ջանքեր գործադրել կարգավորման հասնելու համար: Մեծ լավատեսություն չեմ արտահայտի, խնդիրը բարդ է, բանակցություններն արագ չեն իրականանա»: Բայցեւ հարկ է նկատել, որ այսօր իսկապես միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են նույն լեզվով Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, ինչը չի կարելի ասել պաշտոնական Բաքվի դեպքում:

Տարեվերջին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարին տված հարցազրույցում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից անդրադարձել էր հարցին, թե ինչու կարգավորման գործընթացը արդյունքներ չի գրանցում: «Մեր ու Ադրբեջանի մոտեցումների տարբերությունը, էական տարբերությունը հենց նրանում է, որ Ադրբեջանը փորձում է ինչ-որ հորինած առաջարկներ ներկայացնել՝ իբրեւ թե համանախագահների կողմից արված, ինչ-որ հորինած բանակցային գործընթացներ ներկայացնել, որոնք չեն համապատասխանում իրականությանը, որովհետեւ հենց Վիեննայում վերջին նախարարական համաժողովի ժամանակ արված եռանախագահող երկրների նախարարների մակարդակով՝ Լավրովի, Թիլերսոնի եւ Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարի կողմից արված հայտարարությունը եւս մեկ անգամ հաստատեց, որ՝ ո՛չ, կան կոնկրետ առաջարկներ, սկզբունքներ, որոնք այս բանակցային գործընթացի հիմքն են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կարելի է նվազեցնել լարվածությունը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, Նալբանդյանն ասել է. «Դրանց մասին ասվել էր, եւ պայմանավորվել էինք Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովների ժամանակ:

Իսկ Դուք լավ գիտեք, եւ ոչ միայն Դուք, բոլորը լավ գիտեն, որ Ադրբեջանը ամեն ձեւով փորձում էր ձեւացնել, որ պայմանավորվածություններ չկան, ամեն քայլ ձեռնարկում էր, որ այդ պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն, եւ անգամ ասում էր՝ իբրեւ թե Հայաստանը նախապայմաններ է առաջ քաշել, որ պետք է իրականացվեն, որպեսզի բանակցություններն ընթանան: Սա իրականությունից շատ հեռու էր, եւ եռանախագահների այս վերջին հայտարարությունը դրա մասին էր խոսում, որ ո՛չ, բոլոր պայմանավորվածությունները պետք է իրականացնել: Բայց ոչ միայն այդ: Մի փոքր փակագիծ բացեմ. ես հարցրի իմ գործընկերոջը՝ թե, լավ, նախագահները պայմանավորվեցին լարվածությունը նվազեցնելու համար լրացուցիչ քայլեր ձեռնարկել: Արդյո՞ք Ադրբեջանն այսօր կարող է վերահաստատել այն հանձնառությունը 1994-1995թթ. զինադադարի եռակողմ, անժամկետ համաձայնագրերի վերաբերյալ: Եվ դա միայն մեր պահանջը չէ: Դա այն կոչն է, որը եռանախագահող երկրները տարիներ շարունակ հնչեցնում են: Դուք գիտեք՝ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ղարաբաղը միշտ հայտարարել են, որ, այո՛, հավատարիմ են մնում այդ համաձայնագրերին, իսկ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է հետ կանգնել այդ պայմանավորվածություններից: Եթե Ադրբեջանը չի կարողանում զինադադարի համաձայնագրերի իրականացման վերաբերյալ վերահաստատել իր հանձնառությունը, ինչպե՞ս մենք կարող ենք խոսել շփման գծում լարվածության նվազեցման, իրական, էական նվազեցման մասին»:

Նալբանդյանն ընդգծել է. «Ո՞րն է եռանախագահող երկրների կողմից առաջարկված գլխավոր սկզբունքը կամ մոտեցումը. ոչ Հայաստանի կողմից՝ եռանախագահող երկրների կողմից, որոնք ունեն այս գործընթացում միջնորդության միջազգային մանդատ՝ աջակցելու կողմերին կարգավորման հասնելու համար, եւ իրենք առաջարկում են երեք հիմնարար սկզբունքներ, որոնց մասին մենք բազմիցս հնչեցրել ենք մեր դիրքորոշումը, որ՝ այո, մենք հավատարիմ ենք այդ սկզբունքների հիման վրա կարգավորմանը գնալուն: Գիտեք, երեք այդ սկզբունքներն են՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն եւ ինքնորոշման իրավունք ու ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում: Եվ ես հարցրի իմ գործընկերոջը՝ արդյո՞ք այսօր պատրաստ է վերահաստատել իր հանձնառությունը այդ սկզբունքներին, որովհետեւ եղել է ժամանակ, որ Ադրբեջանը համաձայնել է դրանց: 2009թ. ԵԱՀԿ նախարարական խորհրդի ժամանակ՝ Աթենքում, Ադրբեջանը, փաստորեն, համաձայնեց, եւ մենք հնգակողմ հայտարարություն արեցինք՝ Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարները եռանախագահող երկրների հետ միասին, որտեղ հենց այս երեք սկզբունքներն էին գրված: Այս վերջին՝ Վիեննայի հանդիպման ժամանակ նորից Ադրբեջանը չկարողացավ վերահաստատել այդ հանձնառությունը: Եվ ի՞նչ պատահեց:

Եռանախագահող երկրներն իրենց հայտարարության մեջ նորից վերահաստատեցին՝ այո՛, միջազգային հանրության մոտեցումն այն է, որ կարգավորումը պետք է հիմնված լինի այս երեք միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, որոնց Հայաստանը, իհարկե, բազմիցս իր հավանությունն է տվել եւ աջակցել է այս սկզբունքների հիման վրա կարգավորմանը: Գիտե՞ք՝ այս հանդիպումներն ինչքան են եղել, միայն նախագահների մակարդակով գրեթե երկու տասնյակ հանդիպում է եղել, իսկ արտգործնախարարների մակարդակով գրեթե վեց տասնյակ հանդիպում: Երեւի դժվար է ընդհանրացված ձեւով ներկայացնել, թե ամեն հանդիպման ժամանակ ինչպես է իրեն պահում Ադրբեջանը։ Բայց ասեմ, որ շատ հանդիպումների ժամանակ, այո՛, Ադրբեջանը լրջորեն բանակցում էր, քննարկում էր, եւ դա էր պատճառը, որ մենք բազմաթիվ անգամ շատ մոտ էինք համաձայնության գալուն։ Դա, հիշեցնեմ Ձեզ, Կազանն էր, բայց ոչ միայն Կազանը, Կազանից առաջ նաեւ Սոչիի հանդիպման ժամանակ, Սոչիից առաջ՝ Աստրախանի հանդիպման ժամանակ, Աստրախանից առաջ՝ Սանկտ Պետերբուրգի, եւ այսպես կարող ենք շարունակել, բայց ամեն պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը նորից հետքայլ էր արել։ Սա է պատճառը, որ մենք չենք կարողանում առաջընթաց արձանագրել։ Բայց բանակցությունները բավական լուրջ են եղել, եւ երբ երբեմն Ադրբեջանը ասում է՝ վերջապես պետք է լուրջ բանակցություններ վարենք, ստացվում է՝ իրենց նախագահը քսան հանդիպումներին անլո՞ւրջ բանակցություններ էր վարում»,- մանրամասնել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նա շեշտել է, որ Հայաստանը երբեք այդպիսի մոտեցմամբ չի գնում բանակցությունների, միշտ կառուցողական է տրամադրված, նույն կառուցողական տրամադրվածությամբ գնացել է Ժնեւի գագաթնաժողովին: «Մի փոքր առաջ անցնեմ եւ ասեմ, որ եռանախագահների առաջարկությամբ նախատեսվում է եւս մեկ հանդիպում, որը լինելու է հունվարի երկրորդ կեսին։ Պայմանավորվածությունները արդեն կան, թե կոնկրետ որ օրը եւ որտեղ է լինելու այդ հանդիպումը: Մենք նորից կառուցողական ենք տրամադրված, որ իսկապես քննարկենք, տեսնենք՝ ինչպես կարող ենք մոտեցնել դիրքորոշումները, որպեսզի ստեղծենք այնպիսի պայմաններ, որ հնարավոր լինի առաջ շարժել այս գործընթացը»,- տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նալբանդյանը նաեւ ընդգծել է, որ համանախագահների առաջարկած կարգավորման փաստաթղթից չի կարելի տարանջատել ինչ-որ մեկ դրույթ, ինչպես ադրբեջանական կողմն է անում: Նրա խոսքով` դա փաթեթային առաջարկ է, եւ այստեղ կա էական գլխավոր առաջարկը, այն է՝ ԼՂ վերջնական կարգավիճակի հարցը, որը պետք է որոշվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Այդ ինքնորոշումը պետք է իրականացվի ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա միջազգային իրավական պարտադիր ուժ, պարտադիր՝ նաեւ Ադրբեջանի համար։ «Մինչեւ այդ վերջնական կարգավիճակի որոշումը՝ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա նաեւ միջանկյալ կարգավիճակ, այսինքն՝ երբ ասում ենք միջանկյալ կարգավիճակ, ապա նշանակում է, որ պետք է նաեւ վերջնական կարգավիճակ լինի, իսկ այդ միջանկյալ կարգավիճակը նշանակում է այն, ինչն այսօր ունի Լեռնային Ղարաբաղը, գումարած այն, որ միջազգային հանրությունը համապատասխան բանաձեւով պետք է ֆիքսի, ճանաչի այդ միջանկյալ կարգավիճակը մինչեւ վերջնական կարգավիճակի որոշումը։ Սա է էականը եւ գլխավորը, մնացածը ածանցյալ են, ինչպես որ Հայաստանի Հանրապետության նախագահն է բազմիցս ասել, եւ ես էլ նույնն եմ կրկնել, պետք չէ այստեղ տարանջատել կամ գլխիվայր շրջել այս ամբողջ գործընթացը»,- նշել է նախարարը: Նալբանդյանը հավելել է, որ ԼՂ հակամարտությունը լուծում չի ստանում, որովհետեւ Ադրբեջանը դեմ է դուրս գալիս ոչ թե Հայաստանի մոտեցմանը, այլ դեմ է դուրս գալիս միջազգային հանրության դիրքորոշմանը. «Արդյո՞ք Ադրբեջանը կփոխի իր դիրքորոշումը 2018 թվականին: Հուսանք: Բայց այլընտրանք չկա բանակցային գործընթացին, եւ մենք պետք է շարունակենք բանակցությունները եւ փորձենք գնալ այդ ուղղությամբ միջազգային հանրության հետ միասին եւ համատեղենք ջանքերը եռանախագահող երկրների հետ»:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

09.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031