Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատող դպրոցահասակ երեխաների 40%-ն աշխատում է շինհրապարակներում

Հունվար 10,2018 14:30

«Ձեր հասակակիցներից ճանաչո՞ւմ եք մեկին, ում ծաղրել են կամ ոտնձգության են ենթարկել հավատքի, ընտանիքի վատ սոցիալական վիճակի, այլ մարզի կամ երկրի բնակիչ կամ քաղաքացի լինելու, հաշմանդամություն ունենալու, արտաքին տեսքի պատճառներով». Հայաստանի տասը մարզերի եւ Երեւանի 1200 երեխայի այսպիսի հարցեր են ուղղել մասնագետները` պարզելու երեխաների իրավունքների իմացությունը նրանց շրջանում: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ կատարված հարցումների հիման վրա «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության եւ «Վորլդ Վիժն Հայաստանի» նախաձեռնությամբ հրապարակվել է լայնածավալ հետազոտություն:
Հարցված երեխաների 4,9 տոկոսը նշել է, որ կրոնի պատճառով իր հասակակիցները ծաղրանքի են ենթարկվել, 9,9 տոկոսը նշել է` սոցիալական վատ վիճակի, երեխաների 8,6 տոկոսը տեսել է, թե ինչպես են ծաղրանքի ենթարկվում այլ մարզի կամ քաղաքի բնակիչ լինելու պատճառով, 3,4 տոկոսը արձանագրել է, որ իրենց հասակակիցները ծաղրանքի են ենթարկվել հաշմանդամություն ունենալու պատճառով, 21,4 տոկոսը փաստել է, որ արտաքին տեսքի պատճառով իրենց հասակակիցներին ծաղրել են:

Ամփոփելով որոշ հարցերի պատասխաններ՝ վերոնշյալ կազմակերպությունների մասնագետները զեկույցում նշում են. «Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ունենալու ապահով մանկություն՝ առանց բռնության որեւէ տեսակի կիրառման: Նրանք չպետք է ենթարկվեն բռնության, պիտակավորման կամ ցանկացած տեսակի ոտնձգության: Երեխաներն իրավունք ունեն իրենց լավ զգալու եւ պետք է պարտադիր օգնություն ստանան, եթե իրենց վատ են զգում կամ իրենց վատ են վերաբերվել, կամ վնասել են: Եթե ընտանիքում մեծահասակները չեն կարողանում օգնել խոցելի իրավիճակում գտնվող իրենց երեխաներին, ապա հասարակությունը պետք է իր վրա վերցնի պատասխանատվությունը եւ ապահովի, որպեսզի երեխաները ստանան համապատասխան օգնություն»:

1200 երեխայից մասնագետները նաեւ հետաքրքրվել են, թե որ վայրերում իրենց անվտանգ չեն զգում: Հարցված տղաների 1,9 տոկոսը, աղջիկների էլ 0,8 տոկոսը նշել են, որ անվտանգ չեն զգում տանը: Դասարանում իրենց անվտանգ չեն զգում հարցված տղաների 1,2 տոկոսը, աղջիկների էլ՝ 1 տոկոսը, դասամիջոցի ժամանակ տղաների 2,2 տոկոսն է հայտնել, որ իրեն անվտանգ չի զգում, աղջիկների` 2,6 տոկոսը, դպրոց գնալիս կամ վերադառնալիս տղաների 1,5 տոկոսն է վտանգ զգում, իսկ աղջիկների` 5,3 տոկոսը, համայնքի ժամանցային վայրերում իրենց անվտանգ չեն զգում տղաների 4,1 տոկոսը, աղջիկների 8,1 տոկոսը: Ինտերնետից օգտվելիս էլ անվտանգ չեն զգում հարցված 1200 երեխաներից տղաների 6,8 տոկոսը, աղջիկների 8,5 տոկոսը: Հանրային տրանսպորտում երեկոյան ժամերին իրենց անվտանգ չեն զգում հարցված երեխաներից տղաների 7,3 տոկոսը, աղջիկների` 19,8 տոկոսը:

Մասնագետները կարծում են, որ սրանք անհանգստացնող տվյալներ են:
Ըստ նրանց՝ մեկ այլ մտահոգող տվյալ է նաեւ, որ հարցվածների մոտ 3 տոկոսը նշել է, որ մեծահասակի կողմից բռնության ենթարկվելու վտանգ է զգացել: Նրանցից 5 տոկոսն էլ անհանգստացած է եղել խտրականության հնարավոր սուբյեկտ դառնալու վտանգից: Մեկ այլ անհանգստացնող տվյալ, ըստ զեկույցի հեղինակների, առնչվում է անչափահասների եւ մեծահասակների միջեւ առցանց հաղորդակցությանը: Հարցվածների 13 տոկոսը փաստել է, որ նրանց հետ մեծահասակն առցանց հաղորդակցվել է եւ ցանկացել է խոսել անձնական թեմաների մասին: Հարցվածների մոտ 11 տոկոսը նշել է, որ այլ երեխաներից կամ մեծահասակներից առցանց կամ բջջային հեռախոսով ստացել է վիրավորական հաղորդագրություններ:

Զեկույցի հեղինակները կարծում են, որ այդ հարցերը պահանջում են հատուկ ուշադրություն` կապված թե՛ երեխաների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության մասին իրազեկվածության մեծացման եւ թե՛ իրավապահ մարմինների կողմից ավելի արագ մոնիտորինգի կանխարգելման մեխանիզմների ընդլայնման հետ:
Մասնագետները հարցումների միջոցով նաեւ պարզել են, որ որոշ դեպքերում աշակերտները փորձում են կանխել ծաղրանքը դպրոցներում` օգտագործելով բռնի եւ ոչ բռնի միջոցներ: Բռնի միջոցներից են համարվում, օրինակ, բացատրելը, որ ծաղրելը եւ հաշմանդամություն ունեցող երեխաներին ձեռք առնելն անընդունելի են իրենց համար: Ոչ բռնի միջոցներից են ընկերական շրջապատում զրույցները: Ուսուցիչները նույնպես փորձում են կանխել նման պահվածքը:

Զեկույցն անդրադառնում է նաեւ երեխաների` վաղ տարիքում աշխատելու խնդիրներին: Ըստ մասնագետների՝ վաղ տարիքում աշխատելը երեխաների կրթության խոչընդոտներից մեկն է: Ըստ զեկույցի հեղինակների՝ այն առավել տարածված է գյուղական վայրերում եւ հեռավոր բնակավայրերում. Երեւանում երեխաները դասերից հաճախ չեն բացակայում: Որոշ շրջաններում ձմռանը եղանակային պայմանների պատճառով ճանապարհներն անանցանելի են դառնում: Սա նաեւ նշվել է որպես դպրոցից բացակայելու պատճառ: Սակայն Հայաստանի որոշ մասերում, ինչպիսիք են Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերը, որոշ հարցվածներ նշել են, որ ճանաչում են այնպիսի երեխաների, որոնք բացակայել են դպրոցից աշխատանքում ներգրավված լինելու պատճառով: Տասը հարցվածներից մեկը փաստել է, որ աշխատանքում ներգրավված լինելու պատճառով չի կարողացել դպրոց հաճախել: Այս առումով ամենամեծ տոկոսները գրանցվել են Գեղարքունիքում` 26 տոկոս, Տավուշում՝ 19 տոկոս, եւ Վայոց ձորի մարզում`15 տոկոս: Աշխատելու պատճառով ավելի շատ դասերից բացակայում են տղաները, քան աղջիկները: Ինչպես պարզել են զեկույցի հեղինակները, աշխատող երեխաների 40 տոկոսն աշխատում է շինարարական հրապարակներում, որն, ըստ ՀՀ օրենսդրության, համարվում է վտանգավոր աշխատանք:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

09.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031