Լրահոս
Օրվա լրահոսը

Որդու արդարացման դատավճիռը լսելուց հետո նախկին դատավորը լաց է եղել

Հունվար 10,2018 14:00

2014թ. մարտի 26-ին հարուցված քրեական գործի քննությունը մեկ քննչական մարմնից մեկ այլ քննչական մարմին է փոխանցվել առանց ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարության եւ ստորագրության:

Անցյալ տարեվերջին ավարտվեց Էրեբունի համայնքի անձնագրային բաժնի պետ Արտյոմ Սեդրակյանի եւ աշխատակիցների գործով դատական գործընթացը, հրապարակվեց արդարացման դատավճիռը: Ազգությամբ եզդի Ալբերտ Սլոյանին կորստյան հիմքով անձնագիր տրամադրելու գործընթացը սկսվել է 2013թ. օգոստոսի 8-ից: Բաժնի պետ Արտյոմ Սեդրակյանը արձակուրդ է մեկնել 2013թ. օգոստոսի 12-ին, ապա 21-ին հատել է Վրաստանի սահմանը:

Դատական գործընթացի ժամանակ այդ փաստը հաստատվել է ՍԷԿՏ համակարգի տեղեկատվությամբ: Եզդու պապին՝ ամբաստանյալ Նավո Սլոյանին անձնագիրը տրամադրվել էր նույն թվականի օգոստոսի 26-ին, իսկ առհասարակ, անձնագիրը տպագրվել էր օգոստոսի 22-ին:

Ինչպես քրեական գործի նախաքննության եւ դատաքննության մասին մեր ռեպորտաժներում ենք տեղեկացրել, կալանավորված Արտյոմ Սեդրակյանն այդ գործի հետ առնչվել էր քաղաքացու անունից տրված դիմումը մակագրելու եւ այդ կապակցությամբ կատարված հարցումները ստորագրելու հետ, իսկ մնացած գործընթացից նա տեղեկություն չի ունեցել, գտնվել է արձակուրդում, բացակայել է հանրապետությունից եւ ընդհանրապես իր աշխատակցուհու՝ Աիդա Սարգսյանի եւ Նավո Սլոյանի գործարքի մասին ոչինչ չի իմացել, տեղյակ չի եղել նաեւ, որ Նավոյի թոռնիկը՝ Ալբերտ Սլոյանը, քաղաքում չի եղել եւ նրա անունից տրված դիմումը ստորագրված է եղել Աիդա Սարգսյանի կողմից:
Նախաքննության մարմինը մեղադրանք էր առաջադրել Արտյոմ Սեդրակյանին պաշտոնեական կեղծիք կատարելու եւ անձնագրային աշխատակցուհի Սոֆյա Ունուսյանին իբր 500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն տալու համար, որը իբր Ունուսյանը ստացել է պաշտոնեական կեղծիք կատարելու, «Էրեբունու զինկոմիսարիատում հաշվառելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ պաշտոնական փաստաթղթերում մտցնելու, գրառումներ կատարելու եւ կեղծ փաստաթղթեր կազմելու համար»:

Հայաստանի Հանրապետությունում չգտնվող Ալբերտ Սլոյանի անվամբ տպագրված անձնագրի եւ այդ կապակցությամբ Նավո Սլոյանից 4500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու փաստի վերաբերյալ հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցները չհաստատվեցին: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի դատավճռից հետո վերաքննիչ դատարանի նախկին դատավոր Իսկուհի Վարդանյանը լաց է եղել, քանի որ արդարացվածը նրա որդին էր, որը մեկ տարուց ավելի մնաց կալանքի տակ, ապա փոխվել էր խափանման միջոցը գրավով:

Ըստ պաշտպանի՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ժաննա Կոտիկյանի (լուսանկարում), նախաքննության մարմնի մեղադրանքն ի սկզբանե անհիմն էր. «Մեղադրողն իր ճառում ապացուցված համարեց իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները, առանց թվարկելու այն հիմնավորող ապացույցները: Մեղադրողը Արտյոմ Սեդրակյանի նկատմամբ պատիժ միջնորդելիս, որպես ծանրացուցիչ հանգամանք ներկայացրեց այն փաստը, որ նա ոստիկանության ղեկավար աշխատող է եղել եւ երդվել ազնվորեն իրականացնել իր վրա դրված պարտականությյունները: Այս մասին անդրադարձ կատարելով ուզում եմ փաստել, որ մեղադրողը ոչ միայն չթվարկեց գործով ձեռք բերված ապացույցները մեղադրանքների ապացուցվածության հետ կապված, այլ նաեւ անհիմն ծանրացուցիչ հանգամանք ներկայացրեց, մատնացույց անելով, որ Ա. Սեդրակյանը իբր դրժել է իր տված երդումը այդ պաշտոնին նշանակվելիս»:

Այս կապակցությամբ, պաշտպանական կողմը տեղեկացրեց, որ Արտյոմ Սեդրակյանը Էրեբունու անձնագրային բաժնի պետ է նշանակվել ՀՀ ոստիկանության պետի հրամանով եւ «այդ կապակցությամբ հատուկ արարողակարգով երդում չի տվել իր իրավունքներն ու պարտականությունները իրացնելու վերաբերյալ, հետեւապես անհիմն մեղադրանքին ավելացնելով նաեւ անհիմն ծանրացուցիչ հանգամանքը, անհիմն խիստ պատիժ էր միջնորդել Արտյոմ Սեդրակյանի նկատմամբ իր չկատարած հանցանքի համար»:
Պաշտպանական կողմն, ի դեպ, դեռեւս նախաքննության փուլում ահազանգել էր (այդ մասին կա «Առավոտում»՝ 18.08.2015), որ քննիչը գործի ելքով շահագրգիռ անձ է, եւ բացարկ էր ներկայացրել նրա դեմ՝ պատճառաբանելով, որ քննիչ Գորիկ Հովակիմյանն այս գործը վարույթ է ընդունել Քրեական դատավարության օրենսգրքի պահանջների խախտումով, այն է՝ գործի քննությունը մեկ քննչական մարմնից մեկ այլ քննչական մարմին է փոխանցվել առանց ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարության եւ ստորագրության եւ որպեսզի շտկի եւ կոծկի իր իսկ կողմից թույլ տրված սխալը, նա քննության խորթ միջոցներով ցուցմունքներ է կորզել Ալբերտ Սլոյանի անձնագիրը տրամադրելու գործընթացի հետ առնչված անձանցից այն կապակցությամբ, որ իբր իրենք այդ անձնագիրը տպագրության են հանձնել անձնագրային բաժնի պետի՝ Արտյոմ Սեդրակյանի գիտությամբ։

Դատարանը հաստատված է համարել այն, որ Ալբերտ Սլոյանին կորստյան հիմքով անձնագիր տրամադրելու գործընթացում, բացի դիմումին ընթացք տալու վերաբերյալ կատարված մակագրությունից, Արտյոմ Սեդրակյանը որեւէ այլ փաստաթուղթ չի մակագրել կամ չի ստորագրել, քանի որ նա արձակուրդում է գտնվել 2013թ. օգոստոսի 12-ից մինչեւ սեպտեմբերի 17-ը, ավելին՝ օգոստոսի 21-ին նա իր ընտանիքով գտնվել է Վրաստանում:

Դատարան ներկայացված դատաձեռագրաբանական փորձագետի եզրակացության համաձայն, Ալբերտ Սլոյանի անունից կորստյան հիմքով անձնագիր տրամադրելու վերաբերյալ դիմումը լրացված է եղել Ս. Ունուսյանի կողմից, Ալբերտ Սլոյանի անվան դիմաց դրված ստորագրությունը Աիդա Սարգսյանի ստորագրությունն է, դիմումը ներկայացվել է Ա. Սեդրակյանին մակագրության օգոստոսի 8-ին, որը նա մակագրել է նույն օրը Ոսկեհատ Գասպարյանին եւ Ս. Ունուսյանին, որի կապակցությամբ հարցում է կատարվել ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչություն եւ պահանջվել է Ալբերտ Սլոյանի նախկինում ստացված անձնագրի թիվ 1 ձեւը: Պատասխանը ստացվել էր օգոստոսի 12-ին եւ նույն օրն էլ Ա. Սեդրակյանն այդ պատասխանը մակագրել էր Ս. Ունուսյանին։

Այդ նույն օրվանից Ա. Սեդրակյանն այլեւս աշխատանքի չի գնացել՝ նրան փոխարինել է անձնագրային բաժնի առաջատար մասնագետ Հովհաննես Հովհաննիսյանը, որպես անձնագրային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Աիդա Սարգսյանի դատաքննության ժամանակ տված ցուցմունքի համաձայն էլ, օգոստոսի 26-ին անձնագրային բաժանմունքի պետի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը աշխատասենյակում չի եղել, ներս է մտել նրա սենյակ եւ պատուհանին դրված բազմաթիվ անձնագրերի միջից գտել է Ալբերտ Սլոյանի անձնագիրը, վերցրել է այն, դուրս է եկել սենյակից, ապա Ալբերտ Սլոյանի անունից ստորագրել է անձնագրային գործողությունների վերաբերյալ դիմումում, եւ նոր տպագրված անձնագիրը հանձնել է Նավո Սլոյանին, որն էլ այդ անձնագիրը ուղարկել է թոռանը՝ Ալբերտ Սլոյանին։
Հիշեցնենք, որ այս գործով 3 դատավոր են «անցել»՝ Վլադիմիր Գրիգորյանը, Վարդան Գրիգորյանը եւ Արտուշ Գաբրիելյանը:

Արտյոմ Սեդրակյանը կալանավորվել էր 2015թ. հունվարի 19-ին: Իսկ 2016թ. հունվարի 8-ին նրա նկատմամբ կիրառվել էլ այլընտրանքային խափանման միջոց` 2 500 000 դրամ գրավը:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

09.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. vincomed says:

    Այ Ռուզան, ես քո գրածը կարթացել ես?. Ով ում բարեկամն է չհասկացա. Ով,ինչ, որտեղ, «կաշ» :

  2. Ռուզան says:

    խոսքն արդարացման դատավճռի մասին էր, հարգարժան ընթերցող, եւ նաեւ այն մասին, թե ում որդին էր ամբաստանյալը

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031