Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիացիներին զարմացրել է Լեւոն Չուգասզյանի դասախոսության նյութը

Հունվար 10,2018 13:30

ԵՊՀ Հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանը վերջերս Մոնպելիեյի տասնութերորդ դարի պալատներից մեկում դասախոսությամբ է հանդես եկել հայ-ֆրանսիական մշակութային առնչությունների մասին: Ընդ որում, դասախոսությունը կարդացել է ֆրանսերեն: «Առավոտը» պրոֆեսորին խնդրեց մանրամասներ ներկայացնել, մանավանդ ինքը Հայաստանից միակն է, որ Մոնպելիեյի ակադեմիայի թղթակից անդամ է:
«Քանի որ Մոնպելիեյի ակադեմիայի ղեկավարությունը ամիսներ առաջ տեղեկացված էր իմ՝ Ֆրանսիա գալու մասին, ուստի նախապես դիմել էր ինձ, որպեսզի մի դասախոսությունով հանդես գամ իրենց հասարակական բաժանմունքում: Այդ դասախոսությունը, ինչպես եւ ծրագրված էր, տեղի ունեցավ դեկտեմբերի տասնմեկին: Ելույթիս թեման կրում էր «Հայ-ֆրանսիական գեղարվեստական հարաբերությունները միջնադարում» խորագիրը եւ ուղեկցվում էր գունավոր լուսապատկերների ցուցադրությամբ: Դասախոսությունս տեղի ունեցավ Մոնպելիեյի 18-րդ դարի պալատներից մեկում, որտեղ սովորաբար տեղի են ունենում հասարակական բաժանմունքի նիստերը եւ միջոցառումները: Բարձր առաստաղներով այդ պալատի պատերը պաստառապատված են նախշավոր մուգ վարդագույն թավիշով, զարդարված գեղեցիկ շրջանակավորված մեծ հայելիներով, ջահերով, հին քանդակազարդ կահկարասիներով:

Հակառակ օրեր շարունակ տեղացող անձրեւին, ակադեմիայի սրահը բավական մարդաշատ էր: Դասախոսությանս ներկաները՝ գիտնականները, գլխավորապես ծերունազարդ մարդիկ էին: Ակադեմիայի նախագահ Ժ.Պ.Նուժեի բացման խոսքին հաջորդեց ակադեմիայի անդամ, նշանավոր հայագետ, պատմաբան, Մոնպելիեյի Պոլ Վալերի համալսարանի նախկին դասախոս, պրոֆ. Ժիրայր Դեդեյանի ներածականը, որտեղ իմ գիտական գործունեությունը համառոտ կերպով ներկայացնելուց հետո, նա հրավիրեց ինձ սկսելու ելույթս:

Դասախոսությանս սկզբում ես ներկաներին ծանոթացրեցի հայ-ֆրանսիական գեղարվեստական հարաբերությունների հնագույն վկայությունների հետ, սկսելով Կառլոս Մեծի օրոք՝ իններորդ դարում հայազգի ճարտարապետ Օդոնի կամ Օդոյի կառուցած Ժերմինյի դե Պրեյի մատուռից: Նաեւ հիշատակեցի Կիլիկիայի հայոց պատմության առանձին դրվագները պատկերող տասնչորսերորդ եւ տասնհինգերորդ դարերի ֆրանսիական որոշ մանրանկարները: Այս ներածականից հետո ես ներկայացրեցի դասախոսությանս հիմնական նյութը, որը նվիրված էր տասներեքերորդ դարի նշանավոր մանրանկարիչ Թորոս Ռոսլինի եւ նրա անմիջական հաջորդների նկարազարդած ձեռագրերի մի շարք ձեւավորումների եւ այդ դարաշրջանի ֆրանսիական արվեստի զանազան ստեղծագործությունների ընդհանրություններին»,-հայտնեց պարոն Չուգասզյանը:

Գիտնականի խոսքերով. «Ներկաների համար ոչ միայն Թորոս Ռոսլինի եւ նրա անմիջական հաջորդների գործունեությունն էր անծանոթ, այլեւ իմ մեջբերած փաստերը նորություն էին եւ առիթ տվեցին բազմաթիվ հարցերի, որոնց ես հերթով պատասխանեցի: Զեկուցմանս մեջ զուգահեռաբար ներկայացրել էի հայկական եւ ֆրանսիական ստեղծագործությունների պատկերագրական եւ այլ կարգի ընդհանրությունները, որոնք բացատրում էի խաչակիրների հետ Երուսաղեմը նվաճելու եկած ֆրանսիացի արվեստագետների եւ կիլիկյան վարպետների սերտ համագործակցությամբ, հայկական եւ ֆրանսիական արքունիքների անմիջական կապերով, պաշտոնական բանակցություններով կամ, օրինակ, թագավորական մակարդակով նվերների փոխանակմամբ: Ակադեմիայի նախագահ Նուժեն առաջարկեց ինձ գրավոր ներկայացնել զեկուցումս, որպեսզի այն իբրեւ հոդված տպագրվի Մոնպելիեյի ակադեմիայի գիտական տեղեկագրում: Ելույթիցս օրեր անց, ես նրան ուղարկեցի հոդվածս գունավոր պատկերների հետ»:

Մեր դիտարկմանը, որ հայաստանցի գիտնականներից միայն ինքն է այդ հեղինակավոր ակադեմիայի թղթակից անդամ, մի բան, որ վիճակված չէ ամեն մեկին, Լեւոն Չուգասզյանը պատասխանեց. «Միանգամայն ճիշտ է, որ ես հայաստանցի միակ գիտնականն եմ, որ ընտրվել եմ Մոնպելիեյի ակադեմիայի թղթակից անդամ: Այդ պատվին ինձ արժանացնելու համար հաշվի է առնվել ոչ միայն իմ գիտական գործունեությունը կամ ուսումնասիրություններիս շարքում նաեւ տարիների ընթացքում տպագրածս հայ-ֆրանսիական դարավոր գեղարվեստական կապերին նվիրված զանազան հոդվածներս: Երկու հարյուր տարվա պատմություն ունեցող Մոնպելիեյի ակադեմիան ունի իր որոշակի քաղաքականությունը իսկական անդամների եւ թղթակից անդամների ընտրության հարցում: Իսկական անդամ ընտրում են Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող գիտնականներին, մինչդեռ թղթակից անդամ են ընտրում ֆրանսերեն իմացող եւ այդ լեզվով ուսումնասիրություններ հրատարակող, միջազգային առումով ճանաչված օտարազգի գիտնականներին: Մոնպելիեյի ակադեմիայի համացանցային էջում կարելի է տեսնել նրանց քառասուներկու օտարազգի թղթակից անդամների, այդ թվում նաեւ իմ անունը»:

Մեր զրուցակիցը նաեւ հավելեց. «Ընդհանրապես, թե Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի եւ թե այս կամ այլ միջազգային ակադեմիայի անդամության համար երաշխավորում են այդ ակադեմիայի անդամները եւ պատճառաբանում, հիմնավորում իրենց առաջարկը, բնութագրելով հնարավոր թեկնածուի գործունեությունը եւ հրատարակած աշխատանքների գիտական կարեւորությունը, հարմար գտնելով նրա ընդունելությունը իրենց շարքերի մեջ: Այլ հարց է, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, հատկապես հասարակական բաժանմունքի անդամների շարքերն անցնելու համար գործում են կլանային, թայֆայական շահերը, խարդավանքները եւ, որպես արդյունք, ակադեմիայի անդամ կարող է դառնալ ճարպիկ մեկը, որը բոլորովին անհայտ է աշխարհին եւ միջազգային առումով ասելիք չունի: Այս ճանապարհը տանում է դեպի Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային հեղինակազրկում: Որքան գիտեմ, այդ բաժանմունքի հայաստանյան անդամներից ոչ մեկը այսօր որեւէ միջազգային ակադեմիայի անդամ չէ: Դեռեւս մի քանի տարի առաջ կային Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ, որոնք նաեւ միջազգային ակադեմիաների անդամներ էին, բայց նրանք արդեն կյանքից հեռացել են, օրինակ, Հրաչ Բարթիկյանը Աթենքի ակադեմիայի անդամ էր, իսկ Սիմոն Կրկաշարյանը Հռոմի Տիբերինա ակադեմիայի անդամ եւ այլն: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի խայտառակ ընտրությունները տեղի են ունենում այն պատճառով, որ ակադեմիայի անդամ դարձողները սկսում են վճարվել: Ընտրությունների այս բացասական բնույթը կարող է վերանալ այն ժամանակ, երբ անդամներին դադարեն վճարել եւ ամեն տեսակ մարդիկ իրենց մեջտեղ չեն ձգի, եթե իմանան, որ դրա մեջ, այսպես ասած, փող չկա:
Մոնպելիեյի ակադեմիան եւ մյուս միջազգային ակադեմիաները, օրինակ, Միլանի չորս հարյուր տարվա պատմություն ունեցող Ամբրոզիան ակադեմիան, որի անդամն էլ եմ ես, չի վճարում իր անդամներին եւ նրա անդամ դառնալը պատվի հարց է, եւ ընտրվում են գիտական լուրջ վաստակ ունեցող մարդիկ»:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

09.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031