Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը, որի շրջանակներում անցկացվում են վեց մրցաշարեր՝ 5 պատանեկան և մեկ շրջանային: Մրցաշարերին, ընդհանուր առմամբ հանդես է գալիս Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Լեհաստանի, Իրան և Մոլդովայի 750 ներկայացուցիչ:
Գլխավոր՝ շրջանային մրցաշարին, հայտավորվել է 10 շախմատիստ՝ հնգական գրոսմայստեր և միջազգային վարպետ: Նրանք են. Փարհամ Մաղսուդլու (Իրան), Վադիմ Մոյիսեենկո, Կլեմենտի Սիչյով (երկուսն էլ՝ Ռուսաստան), Վոլոդիմիր Վետոշկո (Ուկրաինա), Արման Միքայելյան, Հովիկ Հայրապետյան, Արտաշես Մինասյան, Արամ Հակոբյան (բոլորն էլ՝ Հայաստան), Լուկաշ Ջարմուլա (Լեհաստան), Նիկիտա Մորոզով (Բելառուս):
Այսօր կայացած մեկնարկային տուրից հետո մեկական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Վոլոդիմիր Վետոշկոն, Փարհամ Մաղսուդլուն եւ Նիկիտա Մորոզովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ