Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորի գիշերը Վանաձորում կատարված առանձնապես խոշոր չափերի գողության գործով մեկ անձ կալանավորվել է, ևս մեկի նկատմամբ հայտարարվել հետախուզում (Տեսանյութ)

Հունվար 09,2018 19:15

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են Ամանորի գիշերը՝ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի լույս 2018 թվականի հունվարի 1-ի գիշերը, «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության դեպքի մի շարք հանգամանքներ։ Մեկ անձ կալանավորվել է, ևս մեկի նկատմամբ հայտարարվել հետախուզում։ Իսկ բացահայտման ուղղությամբ կատարած աշխատանքների ընթացքում դրսևորած մասնագիտական բարձր պատրաստվածության համար Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը և ՀԿԳ ավագ քննիչ Տ.Թադևոսյանը պարգևատրվել են։

2018թ. հունվարի 1-ին «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կառավարչից ահազանգ էր ստացվել, որ գրասենյակից գողություն է կատարվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և տեղում պարզել, որ  ենթադրյալ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, մուտք է գործել գրասենյակ, բացել չհրկիզվող պահարանը և հափշտակել առկա կանխիկ գումարը և քաղաքացիների կողմից գրավադրված ոսկյա զարդերը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, կատարվել դեպքի վայրի զննություն, մշակվել քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ և  ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կատարված առանձնապես խոշոր չափերի   հափշտակությանն առնչություն է ունեցել վարկային կազմակերպության մասնաճյուղի կառավարիչը, հստակեցվել նրա դերակատարության աստիճանը, ինչպես նաև՝ պարզվել Ամանորի գիշերը գրասենյակից հափշտակություն կատարած անձի ինքնությունը։

Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ գողության իրականացումը ծրագրվել է դեռևս  2017 թվականի օգոստոսին՝ կառավարչի նախաձեռնությամբ, ինչի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Երևանի մի բնակչի հետ։ Պայմանավորվածության համաձայն՝ 2017թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում վերջինս ժամանել է Վանաձոր քաղաք, ուսումնասիրել և ծանոթացել հիշյալ մասնաճյուղի տարածքին և դրամապահոցին, ապա կառավարչից վերցրել նրա մոտ գտնվող դրամապահոցի երկու փականներից մեկի բանալին և կրկնօրինակել այն:

2017թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, կառավարիչը մասնաճյուղի գանձապահից վերցրել է վերջինիս մոտ գտնվող դրամապահոցի երկրորդ փականի բանալին, այն դրել փականի մեջ՝ պատրանք ստեղծելով իբր փակել է փականը՝ իրականում բաց թողնելով այն:

Նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, մասնաճյուղի աշխատակիցների հեռանալուց հետո, կառավարիչը դրամապահոցից գաղտնի հափշտակել է առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդեր և առկա առանձնապես խոշոր չափերի գումարը:

Պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի հունվարի 01-ին՝ ժամը 00:14-ի սահմաններում, մյուս քաղաքացին, մասնաճյուղի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով, ապօրինի մուտք է գործել գրասենյակ, անջատել անվտանգության համակարգը, իր մոտ գտնվող կրկնօրինակ բանալիով բացել դրամապահոցի դուռը, գաղտնի հափշտակել մնացած ոսկյա զարդերը և գումարը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ կառավարչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է հափշտակված գումարի և զարդերի մի մասը՝ 90.600.000 ՀՀ դրամի ընդհանուր արժողության ոսկյա զարդեր՝65 փաթեթում, ինչպես նաև՝ 803.000 հազար ՀՀ դրամ և 4.854 ԱՄՆ դոլար։

Կառավարիչն ընդունել է առաջադրված մեղադրանքը և ցուցմունք տվել դեպքի շուրջ։

Հունվարի 8-ին քննիչը որոշում է կայացրել Երևանի բնակչին ներգրավել որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, մասնագիտական բարձր պատրաստվածություն, գրագետ ընտրված վարկածների ուղղությամբ քննության տակտիկան ու մեթոդիկան ճիշտ ընտրելու համար, որի արդյունքում կարճ ժամանակահատվածում պարզվեց ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը պարգևատրվել է «Հավատարմության համար» մեդալով և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տարոն Թադևոսյանը՝ «Անբասիր ծառայության համար» երրորդ աստիճանի մեդալով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031