Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաղդ միլիոնն ավելի լավ է, քան վիրտուալ միլիարդը». Բնակչությանը կոչ են անում զերծ մնալ կասկածելի ակտիվների մեջ մտնելուց

Հունվար 09,2018 18:55

Այսօր ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում ԿԲ փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը պատգամավորներին ներկայացրեց ֆինանսական շուկայում կրիպտոարժույթի հետ կապված ռիսկերը: Կրիպտոարժույթը մի արժույթ է, որը ոչ փող է, ոչ արժեթուղթ է, այն մի արժույթ է, որը որեւէ երկիր չի արտադրում, այսինքն, հետեւում պետություն էլ չկա:

Ինչպես բացատրեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, քանի որ Հայաստանը փոքր եւ բաց շուկա ունեցող երկիր է, մեծ վտանգ կա, որ հետագայում կրիպտոարժույթի պատճառով փլուզվի մեր երկրի ողջ դրամավարկային քաղաքականությունը եւ լուրջ հարված հասցվի ֆինանսական շուկային:

ԿԲ փոխնախագահն էլ ասաց, որ կրիպտոարժույթի բուռն «վերելքը» ստիպում է տարբեր երկրների մտածել այդ հարցի շուրջ: Ճապոնիան որոշակի օրենսդրական կարգավորումներ որոշեց մտցնել կրիպտոարժույթների վերաբերյալ. «Նա ընդունեց կրիպտոարժույթները՝ որպես վճարային միջոց, սակայն, երբ գործը հասավ նրան, որ պետք է վերահսկվի այդ ամբողջ գործընթացը, 29 ընկերություններից, բորսաներից, որոնք զբաղվում էին կրիպտոարժույթներով, շուրջ 1 ամսվա մեջ 18-ը միանգամից փակվեցին»:

Աբրահամյանն ասաց, որ երբ մենք խոսում ենք վճարումների մասին, ունենք հստակ կողմերի բացահայտման մեխանիզմներ, թե ովքեր են կողմերը, ինչ միջոցների են տիրապետում, կարող է սառեցվել միջոցները անհրաժեշտության դեպքում, իսկ այս պարագայում դու որեւէ վերահսկողություն չունես, թե քեզ ով փող կուղարկի:

ԱՄՀ-ն շատ զգուշավոր դիրքորոշում է հայտնել, շատ միջազգային կազմակերպություններ կոչ են անում երկրներին զերծ մնալ ընդհանրապես քննարկումներ կազմակերպել այս արժույթի վերաբերյալ, քանի որ դա կարող է մեկնաբանվել՝ որպես խրախուսում նման գործընթացների ու աջակցություն:

Վ. Աբրահամյանն ընդգծեց, որ կրիպտոարժույթների շրջանառության 90 տոկոսից ավելին անօրինական է, հիմնականում տեռորիզմի ֆինանսավորման եւ կիբերհանցագործություններին ուղղված ֆինանսավորումն է. «Իրենց համար դրախտային պայմաններ են՝ անձերը իդենտիֆիկացված չեն, բացահայտված չեն»:

Պատգամավորները սկսեցին կատակներ անել՝ էլեկտրոնային քսակների ու ունեցվածքների մասին: ԿԲ-ի մասնագետներն ասացին, որ կրիպտոարժույթի կապիտալիզացիան հասել է շուրջ 300 մլրդ-ի, բայց դա ընդամենը գնահատված արժեք է, ոչ թե ռեալ փող: Հանձնաժողովի անդամ Սամվել Նիկոյանն արձագանքեց. «Այստեղ են ասում, էլի՝ նաղդ միլիոնն ավելի լավ է, քան վիրտուալ միլիարդը»:

ԿԲ փոխնախագահի խոսքով՝ «Բնակչությանը կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ կասկածելի ակտիվների մեջ մտնելուց, որովհետեւ դա խաղամոլության պես բան է»: Դա լուրջ տնտեսագետներ գնահատել են՝ որպես դարի ամենամեծ փուչիկներից մեկը:

Աբրահամյանն ասաց, որ մեր երկրում առայժմ օրենսդրական կարգավորումներ այս հարցով վաղ է անել, բայց ռիսկեր կան. «Դա անկառավարելի կարող է դարձնել իրավիճակը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031