Լրահոս
Օրվա լրահոսը

Խրոխտ պար՝ արցունքների ներքո․ բանակ ճանապարհեցին գյումրեցի տղաներին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունվար 09,2018 18:10

Այսօր Գյումրիում տեղի ունեցավ նոր տարվա առաջին զորակոչը։ Տղաներին բանակ ճանապարհեցին Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից։ Միախառնվել էին հուզմունքն ու հպարտությունը․ չնայած պաշտոնյաների հայրենասիրական ելույթներին՝ մայրերն անկարող էին զսպել արցունքները, նրանցից շատերն ամբողջ ընթացքում լուռ արտասվում էին։

Հուզիչ ու միաժամանակ անչափ խրոխտ ելույթ ունեցավ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն՝ ասելով․ «Այսօր յուրաքանչյուր տղայի համար բեկումնային պահ է․ տղան, երիտասարդը, երեխան դառնում են տղամարդ, համազգեստ են հագնում, զենք են վերցնում, որպեսզի պաշտպանեն իրենց հայրենիքը։ Հայրենիքը վերացական հասկացողություն չէ, հայրենիքն առաջին հերթին ծնողներն են, քույրերն են, եղբայրներն են, թաղի տղաներն են, աղջիկներն են, անծանոթ հայրենակիցներն են, ովքեր իրենց հույսը դնում են ձեր վրա, որ ձեր հզոր թիկունքի հետևում կարող են ապրել, կառուցել երկիրը, բարեկեցիկ դարձնել իրենց կյանքը։ Ձեր վրա մեծ առաքելություն է դրված, դուք մեր խաղաղ կյանքի պահապաններն եք, երաշխավորներն եք։ Եթե դուք չլինեք, չլինեն ձեր ծառայակիցները, հրամանատարները, մեզանից որևէ մեկն այստեղ կանգնած չի լինի»։

Նա ծնողներին մաղթեց համբերություն, սիրած աղջիկներին էլ հորդորեց հավատարմորեն սպասել, քանի որ բոլորը հետ են գալու։

«Անփորձանք ծառայություն, եթե տագնապներ լինեն, թող միայն փորձնական տագնապներ լինեն։ Քանի մարդ գնում է ծառայելու, այդքան մարդու քեֆով, պատվով դիմավորենք։ Ծնողներին համբերություն, հենց տղա է ծնվում, ուրախանում ենք, բայց գիտենք, որ գալու է այդ պահը, հպարտության պահ է, երեխեքին պատվով պահել, մեծացրել եք, հիմա երեխեքի ժամանակն է գալիս ձեզ պահել», -ասաց մարզպետը։

Տրամադրությունը փոքր-ինչ փոխվեց, երբ ժողովրդական երգիչ Մուրադ Մալխասյանը սկսեց հայրենասիրական երգեր կատարել։ Լսելով «շուն Թալիաթի մահը»՝ երիտասարդները սկսեցին խրոխտ պարել։

Գյումրիի զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատերն են հայրենիք վերադառնում իրենց պարտքը կատարելու։ Նրա տեղեկացմամբ, Գյումրիից ևս ցանկություն ունեցողներ կան «Ես եմ» ծրագրին մասնակցելու, սակայն թիվը չհրապարակեց։ Ըստ վերոհիշյալ պաշտոնյայի, բանակից խուսափողներ չկան, այլընտրանքային մեկ ծառայող կա, հիվանդության պատճառով բանակում չծառայողների թիվն էլ մեծ չէ։

Զորակոչիկներին բանակ ճանապարհեցին քահանայի աղոթքի ու ծափահարությունների ներքո։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031