Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ է, մենք ապրում ենք բռնատիրական երկրո՞ւմ, որ զարմանում եք, նորմալ է, թող երթ անեն». Շարմազանովը՝ «Ելքի» երթի մասին

Հունվար 09,2018 17:54

Հունվարի 1-ից թանկացել է բենզինը, դիզելային վառելիքը, սեղմված գազը եւ դա դժգոհությունների տեղիք է տվել: Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը թանկացումների հետ կապված հարցին պատասխանեց. «Այն թանկացումները, որոնք սուբյեկտիվ բնույթ են կրում եւ արհեստական են միգուցե, պետք է քայլեր ձեռնարկվեն»:

Նա ասաց, որ կառավարությունը պետք է այնպես անի, որ տնտեսական աճն ավելանա եւ մեր խոցելի խավերն իրենց վրա շատ չզգան թանկացումները. «Թանկացումները լինում են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ: Եթե անհարկի թանկացումներ կան, կա հակամենաշնորհային հանձնաժողով, պետք է ստուգումներ իրականացնեն: Եթե այդ թանկացումները կապված են արտաքին գործոնի հետ եւ այստեղ որեւէ կարգավորում հնարավոր չէ, այստեղ արդեն կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկեն, որ թանկացումները հնարավորինս քիչ ազդեն խոցելի խավերի համար: Մենք չենք ապրում պլանային տնտեսությունում, որտեղ Կրեմլը որոշում էր՝ գներն այսքան են ու այսքան պետք է մնան: Կան թանկացումներ, որոնք օբյեկտիվ են եւ կան թանկացումներ, որոնք սուբյեկտիվ են: Թանկացումները, բնականաբար, հաճելի եւ դրական երեւույթ չեն: Ցանկացած քաղաքական իշխանության խնդիր պետք է լինի ավելի շատ ապահովել տնտեսական աճ, քան գնաճ»:

Շարմազանովն ասաց, որ ԱԺ-ում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ու ֆինանսների նախարար Վարդան Արամյանը արհեստավարժ մեկնաբանություններ են տվել՝ այդ հարցի հետ կապված:

Խոսելով «Ելքի» հայտարարության մասին, որ թանկացումների հետ կապված երթ են անելու՝ Շարմազանովն ասաց. «Յուրաքանչյուր քաղաքական կուսակցության իրավունքն է օրենքով սահմանված կարգով իրականացնել իր պայքարը: «Ելք» դաշինքը, որպես խորհրդարանական ընդդիմություն, իրավունք ունի իրականացնել երթեր, ցույցեր, հանրահավաքներ: Իրենց իրավունքն է, մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում եւ պետք չի զարմանալ…Ինչ է, մենք ապրում ենք բռնատիրական երկրո՞ւմ, որ զարմանում եք, նորմալ է, այդպես են կարծում՝ թող իրենց երթով անեն, ինչ է եղել»:

Լրագրողների դիտարկմանը, որ այս օրերին Իրանի փորձը տեսանք՝ Շարմազանովն արձագանքեց. «Իրանում ոչ միայն տնտեսական էին խնդիրները, այնտեղ քաղաքական էին, սոցիալական էին, ներքաղաքական էին, ներիշխանական էին, ինչպես նաեւ արտաքին քաղաքական են: Իրանը՝ 80 մլն-անոց երկրի պրոբլեմներով, իսլամական երկիրը՝ իր խնդիրներով կապել Հայաստանի հե՞տ: Եթե դուք ակնարկում եք բունտեր, ապա որեւէ բունտով որեւէ երկրում որեւէ խնդիր չի լուծվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031