Հունվարի 9-ին Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլիի հետ։
Դեսպան Սադոյանն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ինչպես նաև մանրամասնեց դրանց ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ու առկա զարգացումները։
Ռուբեն Սադոյանն ԱՄՆ դեսպանին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերն ու դրան ի հակառակ Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը։ Այս առումով Յան Քելլին նշեց, որ ինքը տեղյակ է զարգացումներից և պատմեց իր գործունեության այն շրջանի մասին, երբ ինքն անձամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ էր՝ ԱՄՆ կողմից։
Դեսպան Սադոյանը այս համատեքստում նաև տեղեկացրեց օրեր առաջ Արցախում գրանցված ադրբեջանական հերթական սադրիչ գործողության արդյունքում դիպուկահարի կրակոցից հայ զինծառայողի զոհվելու փաստի մասին։
Այնուհետև, Ռուբեն Սադոյանն անդրադարձավ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և այն հնարավորություններին, որոնք ընձեռում է այդ համաձայնագիրը։
ՀՀ դեսպանը իր զրուցակցին ներկայացրեց նաև ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում ՀՀ նախաձեռնողական քաղաքականությունն և այդ ուղղությամբ միջազգային հարթակներում տարվող ակտիվ գործունեությունը։
Դեսպան Սադոյանը խոսեց նաև այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի մասին։
Հանդիպմանը կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ։
Վրաստանում Հայաստանի դեսպանություն