Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեքսանդր Արզումանյանը ե՛ւ ընդդիմադիր եղած ժամանակ, ե՛ւ այսօր եղել է ու կա ՀՀ պետական շահին ծառայող քաղաքացի». Շարմազանով

Հունվար 09,2018 17:37

ՄԻԵԴ-ը հունվարի 11-ին կհրապարակի Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանի դիմումի վճիռը: Իսկ պարոն Արզումանյանը հայց ՄԻԵԴ ներկայացրել էր դեռ այն ժամանակ, երբ ընդդիմադիր էր:

«Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանը այդ հայցով բողոքարկում է իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը՝ «Փողերի լվացման» հայտնի գործով։ Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր 2007-ի մայիսին՝ ապօրինի եկամուտների օրինականացման կասկածանքով։

Այս առնչությամբ այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով, թե ինչպե՞ս է հնարավոր, որ Հայաստանի դեսպանը Հայաստանի դեմ լինի՝ ասաց. «Ալեքսանդր Արզումանյանը, իմ խորին համոզմամբ, ե՛ւ ընդդիմադիր եղած ժամանակ, ե՛ւ այսօր՝ որպես դեսպան, եւ նախկինում՝ որպես արտաքին գործերի նախարար, պատգամավոր, եղել է ու կա Հայաստանի Հանրապետության նորմալ պետական շահին ծառայող քաղաքացի»:

Նա հիշեցրեց, որ 5 տարի աշխատել է Ալեքսանդր Արզումանյանի հետ, չնայած ունեցել են տարբեր քաղաքական մոտեցումներ. «Ես եղել եմ այն գործիչներից մեկը, որը ողջունել է պարոն Արզումանյանի՝ դիվանագիտական ծառայության վերադառնալը եւ Դանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելը: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի, եթե իր փաստաբանի հետ գտնում է, որ իր նկատմամբ վճիռ է իրականացվել ոչ օրինական, կարող է դիմել համապատասխան ատյաններ, ինչը արել է 2007-ին ոչ միայն Ալիկ Արզումանյանը, այլ նաեւ շատ մարդիկ: Նա այդ ժամանակ որպես քաղաքացի է դիմել, 2017-ին նշանակվել է արդեն դեսպան: Եթե այսպես նայենք, այսօրվա պառլամենտի իշխանության մի մասը ժամանակին եղել է ընդդիմություն: Հիմա որ վաղը, այսինքն՝ վաղը չէ, մի 20-30 տարի հետո ՀՀԿ-ն դառնա ընդդիմություն, ի՞նչ, ես որ դառնամ ընդդիմադիր գործիչ, պիտի ասեն՝ ժամանակին իշխանությունների՞ն է պաշտպանել…Ընդդիմադիր չի նշանակում պետության թշնամի եւ հակառակը՝ իշխանություն չի նշանակում պետության ուժեղ երկրպագու»:

Մենք հարցրեցինք՝ միտումն ինչպե՞ս է՝ ավելի շուտ ընդդիմադիրնե՞րը կդառնան ՀՀԿ-ական, թե՞ դուք՝ ընդդիմադիր՝ Շարմազանովը պատասխանեց. «Հաստատ մինչեւ 2022-ը ընդդիմադիր չենք դառնա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031