Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացառված չէ, որ սրանք կիրիլիցա մտցնեն». Ազատ Արշակյան

Հունվար 09,2018 16:53

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի ձևակերպմամբ՝ Եվրասիական միությունը Հայաստանը մասնակիորեն հանձնեց Եվրամիությանը, և այժմ հայ քաղաքական վերնախավը նոր իրավիճակում է հայտնվել:

«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Արշակյանը նշեց. «Հայաստանն արդեն ոչ թե լուծարվող պետություն է, այլ լուծարման գործընթացը կասեցված է»:

Պարոն Արշակյանի հավաստմամբ՝ քաղաքական վերնախավը երկիր քանդելու մասնագետ է, այն լեզուն հանձնող վերնախավ է. «Չհարգեցին Խաչատուր Աբովյանի, Նալբանդյանի, Չարենցի, Բակունցի հիշատակը և արգելեցին «Խավարում» ցուցադրությունը»:

Անդրադառնալով տնտեսական ցուցանիշներին՝ պարոն Արշակյանը զուգահեռներ անցկացրեց Թուրքիայի հետ. «Անգամ կրոնապետական Թուրքիան այդ իրավիճակում 11.5 տոկոս տնտեսական աճ է ունեցել: Մենք այդտեղից պետք է սկսենք: Ռինգում գտնվող մեր մրցակիցը մեզնից երկու անգամ ուժեղ է: Մեր տնտեսական աճը՝ լինի չորս, հինգ, թե յոթ, թեև այդտեղ մատնոցախաղ կա՝ թվերը կեղծվում են, անգամ կեղծված թվերով, եթե մեր տնտեսական աճը երկու անգամ պակաս է մեր մրցակիցներից, դա մտահոգության առարկա է»:

Ըստ պարոն Արշակյանի՝ այնպես, ինչպես աշխատում ենք պաշտպանության բնագավառում, այնպես էլ պետք է աշխատենք մշակույթի և առողջապահության բնագավառներում: Մինչդեռ իրավիճակն այլ է. «Այն, ինչ բյուջեով նախատեսված է կրթության համար, կրթությունը կործանելու համար է, նախամաշտոցյան ժամանակաշրջան վերադառնալու համար է, բացառված չէ, որ սրանք կիրիլիցա մտցնեն, սկսեն արաբերեն գրել: Մինչդեռ Ղազախստանն ու Ղրղըզստանը կիրիլիցայից հրաժարվել են, իսկ դա կործանում է Եվրասիական միությունը»:

Պարոն Արշակյանն այս իրավիճակում անխուսափելի է համարում իշխանափոխությունը. «Եթե չլինի իշխանափոխություն, դա կնշանակի՝ հայկական պետությունը գնում է լուծարման»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031