Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետը քեֆի էլ կգնայի, բայց որպես դատավոր նա անզոր է». Պավլիկ Մանուկյանը՝ Արտուշ Գաբրիելյանի մասին

Հունվար 09,2018 16:45

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր մեկնարկեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանի՝ դատավորին վիրավորելու գործով դատաքննությունը: Պավել Մանուկյանը մեղադրվում է նրանում, որ «Սասնա ծռերի» գործով նախորդ դատական նիստերից մեկի ընթացքում դատավոր Արտուշ Գաբրիելյանի հասցեին վիրավորական արտահայտություններ է ասել:

Այսօր նրա պաշտպաններից Ինեսա Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց՝ այս գործը կարճելու վերաբերյալ: Ըստ պաշտպանի՝ խնդիրն այն է, որ գործով տուժող դատավոր Արտուշ Գաբրիելյանը համապատասխան մարմիններին որեւէ հաղորդում չի ներկայացրել՝ իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու առնչությամբ: «Նա անգամ չի հարցաքննվել: Նախաքննական մարմինը քրեական գործ է հարուցել, բայց դատարանը ներկայացնում է դատավորը, որի արժանապատվությունը, ըստ նախաքննական մարմնի, վիրավորվել է»,-նկատեց Ինեսա Պետրոսյանը:

Նա կրկին շեշտեց, որ Արտուշ Գաբրիելյանը չի հարցաքննվել, սակայն Մանուկյանին առաջադրված մեղադրանքի հիմքում որոշ կարգադրիչների ցուցմունքներ են:

«Դրանք ուղղորդված ցուցմունքներ են: Ստացվում, որ նրանք են որոշել՝ Պավել Մանուկյանը դատարանին վիրավորե՞լ է, թե ոչ: Գտնում եմ, որ նախաքննական մարմինն անօրինական քննություն է կատարել: Նման պայմաններում այս քրեական գործի վարույթը ենթակա է կարճման»,-համոզմունք հայտնեց Ինեսա Պետրոսյանը:

Ապա նա մեկ այլ միջնորդություն էլ արեց՝ որպես վկա հարցաքննել Արտուշ Գաբրիելյանին. «Հասկանանք՝ նա վիրավորվե՞լ է: Մենք չգիտենք՝ նա ի՞նչ կարծիք ունի այս ամենի մասին»:

Ամբաստանյալ Պավել Մանուկյանը միացավ միջնորդությանը՝ գտնելով, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանի ներկայությունը պարտադիր է. «Համ էլ՝ կարոտել եմ: Ասել եմ՝ նա լավ մարդ է, բայց չի կարող…Հետը քեֆի էլ կգնայի, բայց որպես դատավոր նա անզոր է»:

Դատավոր Սերգեյ Մարաբյանը որոշեց հետաձգել միջնորդությունների քննարկումը եւ դրանց անդրադառնալ գործում առկա նյութերն ուսումնասիրելուց հետո:

«Երկիրը կործանման եզրին են կանգնեցրել, եկել դատավոր են խաղացնում: Ուղղակի զարմացել եմ՝ ո՞նց եք դուք այս գործը վերցրել»,-դժգոհեց Պավել Մանուկյանը:

Մարաբյանն էլ պատասխանեց. «Ես իմ պարտականություններն եմ կատարում: Գործը քննենք, կտեսնենք՝ ի՞նչ է տեղի ունեցել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031