Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործով ամբաստանյալներից Պավել Մանուկյանի գործով դատական նիստն էր:
Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալի աթոռին միայն Պավել Մանուկյանն է: Նա մեղադրվում է նրանում, որ «Սասնա ծռերի» գործով նախորդ դատական նիստերից մեկի ընթացքում դատավոր Արտուշ Գաբրիելյանի հասցեին վիրավորական արտահայտություններ է ասել:
Այս գործով դատավորն է Սերգեյ Մարաբյանը: Նա Պավել Մանուկյանին տեղեկացրեց, որ ըստ ընթացակարգի՝ պետք է ճշտի իր անձնական տվյալները: Պավել Մանուկյանը չհամաձայնեց՝ ասելով, որ իր անձը բոլորին էլ հայտնի է:
Ապա Մանուկյանը վիրավորական արտահայտություններ արեց, ինչին հետեւեց դատավոր Մարաբյանի նախազգուշացումը:
«Զգուշացնում եմ ձեզ՝ իմ նիստերի ժամանակ հայհոյանքներ ու վիրավորական արտահայտություններ չեն հնչելու: Եկեք ամեն ինչ քաղաքակիրթ կերպով անենք»,-ասաց դատավորը:
Պավել Մանուկյանը կրկին չհամաձայնեց. «Հենց իրերն իրենց անուններով ենք կոչում, դատավորների ջանը քոս է ընկնում»: Դատավորը պատասխանեց. «Ոչ մի դատավորի ջանը քոս չի ընկել, կրկնում եմ՝ եկեք քաղաքակիրթ վարվենք»:
Մանուկյանը առարկեց նաեւ այն փաստի դեմ, որ դատավորն իրեն «ամբաստանյալ»-ով է դիմում: Սերգեյ Մարաբյանը նրան տեղեկացրեց, որ ընթացակարգն է այդպիսին, սակայն կարող է դիմել ազգանունով, ինչպես ինքն է ցանկանում:
Այնուհետեւ ամբաստանյալը հայտարարություն արեց, որը դատավորին էր ուղղված. «Ինչ վճիռ էլ կայացնեք՝ ես կկրկնապատկեմ այդ թիվը»:
Հետո Պավել Մանուկյանը հարցրեց՝ «իսկ հանցագործն ո՞ւր է, ո՞վ է»՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստերի դահլիճում չէ:
Սերգեյ Մարաբյանն իրավիճակն այսպես բացատրեց. «Սա հանրային մեղադրանք է եւ ներկայացնում է հանրային շահի խնդիր: Անձի ներկայության խնդիր այս դեպքում չկա, որովհետեւ խոսքը դատարանին վիրավորելու մասին է»:
Մանուկյանի պաշտպաններ Ինեսա Պետրոսյանը եւ Հարություն Բաղդասարյանը դատավոր Մարաբյանի ասածի հետ չհամաձայնեցին՝ նշելով, որ դա իր անձնական կարծիքն է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ