Լրահոս
Օրվա լրահոսը

Գարշահոտության հստակ պատճառներն ու մանրակրկիտ փորձաքննության արդյունքները պարզ կլինեն առաջիկա օրերին

Հունվար 09,2018 16:22

Հունվարի 8-ին, ժամը 18:12-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցի 1-ին փակուղու տներից և շրջակա տարածքից տարօրինակ հոտ է զգացվում: Դեպքի վայր է մեկնել ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Շենգավիթ համայնքային բաժնի օպերատիվ խումբը: Փրկարարները տեղում զրուցել են բնակիչների հետ, իրականացրել հարակից փողոցի դիտահորի դիտարկում, ստուգել տարօրինակ հոտի առկայությունը:

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ՝ հունվարի 9-ի առավոտյան ՀՀ ԱԻՆ ՓԾ ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի աշխատակիցները, ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Վեոլիա ջուր» և «Երևան գազ» ընկերությունների մասնագետների հետ, ուսումնասիրություններ են կատարել մայրաքաղաքի Նորագավիթ թաղամասի վերոնշյալ հասցեում:

ՀՀ ԱԻ նախարարության մասնագետները տեղում իրականացրել են դիտահորերում օդի մեջ քիմիական նյութերի առկայության և դրանց քանակության հետազոտություն, կատարվել են տեղանքում օդի և դիտահորերի ջրի նմուշառումներ, որոնք ենթակա են հետագա լաբորատոր հետազոտության:

Ստացված տվյալներով՝ նշված տարածքում օդի բաղադրության մեջ և դիտահորերում վտանգավոր կամ թունավոր նյութեր չեն հայտնաբերվել, իսկ գարշահոտությունը տարածվում է դիտահորերում առկա կոյուղաջրերից: Մարդկանց առողջությանը վտանգ չի սպառնում:

Դեպքի վայրում աշխատող մյուս պետական գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների աշխատակիցները ևս կատարեցին համապատասխան նմուշառումներ՝ լաբորատոր փորձաքննության նպատակով, որոնց արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա 5 աշխատանքային օրերի ընթացքում:

– Մանրակրկիտ փորձաքննության արդյունքները պարզ կլինեն առաջիկա օրերին, և միայն դրանից հետո կարող ենք նշել գարշահոտության հստակ պատճառներն ու ներկայացնել առաջարկություններ՝ հետևանքների վերացման համար,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Մուրադյանը:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031