Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Աստղաձորցիները ՀՀ բնապահպանության, առողջապահության նախարարներից և Գեղարքունիքի մարզպետից պահանջում են վերադարձնել իրենց գյուղի ջուրը

Հունվար 09,2018 16:17

ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի բնակիչները նամակներով դիմել են ՀՀ բնապահպանության, առողջապահության նախարարներ Արծվիկ Մինասյանին և Լևոն Ալթունյանին, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին`պահանջելով վերադարձնել իրենց գյուղի ջուրը:

Աստղաձոր համայնքը մնացել է առանց ջուր, քանի որ ջուրն ամբողջությամբ տարվել է հարևան Զոլաքար համայնք: Ջրի վերաբաշխումն իրականացվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (IFAD): Մինչև ծրագրի իրականացումը` 2016թ-ը, Աստղաձոր գետի ջուրը 5 օր տրամադրվում էր Զոլաքար գյուղին, 2 օր՝ Աստղաձորին:

ՀՀ բնապահպանության նախարարին ուղղված աստղաձորցիների նամակում մասնավորապես գրված է. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի բացատրությամբ Զոլաքար համայնքը դիմել է ՀՀ բնապահպանության նախարարություն և 15.04.2016 թ. ստացել է թիվ 000078 ջրօգտագործման թույլտվությունը «Գռան» և «Մեծ ձորի թմբան տակ» կոչվող 4 բնական աղբյուրներից 23,1 լ./վրկ. ջրառ իրականացնելու համար: Այս ջրօգտագործման թույլտվությունը հիմք է հանդիսացել ծրագրի նախագծահաշվարկային հատակագծերով շինարարական աշխատանքի իրականացման համար:

Հայտնում ենք, որ, այս ջրօգտագործման թույլտվությունը տալիս, հաշվի չի առնվել, որ Աստղաձոր գետի ջրահավաք ավազանից օգտվում է նաև Աստղաձոր գյուղը: Գյուղի շահերը և ջրի նկատմամբ իրավունքը խախտվել է: Աստղաձոր գյուղում անգամ այդ ջրօգտագործման թույլտվության նախագծի քննարկումը չի կազմակերպվել և մեր կարծիքը և ջրի նկատմամբ կարիքները հաշվի չեն առնվել:

Դիմում ենք Ձեզ տվյալ ջրօգտագործման թույլտվությունը վերանայելու, Աստղաձոր գյուղի նախկին ջրօգտագործման կարգը և Աստղաձորի գյուղի բնակիչների` ջրի նկատմամբ իրավունքը վերականգնելու պահանջով»:

Մյուս պատասխանատու կողմը ՀՀ առողջապահության նախարարությունն է, որին ուղղված նամակում նշված է. ««Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի բացատրությամբ Զոլաքար համայնքը ընտրվել է` հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող շարունակական վերահսկողության` բնակչությանը տրվող խմելու ջրի որակի նկատմամբ արդյունքները:

ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի (« Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք»), «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի («Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը»), «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի («Քաղաքացիներն ունեն շրջակա միջավայրի սանիտարահամաճարակային իրադրության վերաբերյալ հավաստի և ամբողջական տեղեկատվության և իրազեկման իրավունք») համաձայն` խնդրում ենք տրամադրել մեզ հետևյալ տեղեկատվությունը.

1.ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում իրականացված շարունակական վերահսկողության փաստաթղթերի կրկնօրինակները:

2.Պարզաբանել, թե ջրի որակի որ ցուցանիշով է անհրաժեշտ եղել փոխել Զոլաքարի ջրամատակարարումը:

3.ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում իրականացված խմելու ջրի շարունակական վերահսկողության արդյունքները:

Եթե այդպիսի մշտադիտարկում չի իրականացվել, ապա խնդրում ենք իրականացնել, քանի որ Աստղաձոր և Զոլաքար համայնքների ջրի աղբյուրները շատ նման են, գտնվում են միևնույն երկրաբանական ֆորմացիայում»:

Մյուս պատասխանատու կողմը ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանն է: Մարզպետին ուղղված նամակում նշված է. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի բացատրությամբ Զոլաքար համայնքը ընտրվել է` հիմք ընդունելով մասնավորապես ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի 19.05.2015 թ. դիմումը ՀՀ ԿԱ «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ-ին, որպեսզի Զոլաքար համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցումը ընդգրկվի ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի» մեջ: … Խնդրում ենք ներկայացնել մեզ այն հիմքերը, որի հիման վրա մարզպետարանը դիմել է ՀՀ ԿԱ «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ-ին, որպեսզի Զոլաքար համայնքի ջրամատակարարման համակարգը վերակառուցվի: Խնդրում ենք նաև պարզաբանել, թե ինչու Զոլաքար և Աստղաձոր գյուղերի ջրի վերաբաշխման հարցը չի քննարկվել Աստղաձոր գյուղի բնակիչների հետ: Դիմում պատրաստելիս հաշվի՞ առնվել են Աստղաձոր համայնքի շահերը:

Խնդրում ենք քայլեր ձեռնարկել ջրային ռեսուրսի օգտագործման շուրջ ստեղծված անարդարությունը վերացնելու ուղղությամբ և աջակցել մեզ ջրի նկատմամբ մեր հիմնարար իրավունքը վերականգնելու համար»:

 

«ԷկոԼուր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031