Լրահոս
Օրվա լրահոսը

Շտապօգնությունը վճարովի կդառնա-չի դառնա. մեկնաբանում է տնօրենը (Տեսանյութ)

Հունվար 09,2018 16:08

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը անցյալ տարի կարծիք էր հայտնել, որ  շտապօգնության որոշ ծառայություններ պետք է լինեն վճարովի: Մասնավորապես Ալթունյանն ասել էր՝ «Իսրայելի պես երկրում կանչերից միայն 10-15 տոկոսն է, որ անվճար է. այն կանչերը, որոնք հնարավոր է դասել անհետաձգելի եւ շտապ բուժօգնության կարիք ունեցողների շարքը: Այնպիսի կանչերը, ինչպիսիք են ճնշում չափելու, սրսկում կատարելու, զրուցելու, ջերմություն իջեցնելու անհրաժեշտությունը՝ այն կանչերը, որոնք ի սկզբանե պետք է կատարվեին առաջնային օղակի կողմից՝ ոչ շտապ կերպով, վճարովի են: Եթե հաճախորդը ցանկանում է այդ օգնությունը ստանալ շտապբուժօգնության բրիգադայի կողմից, նա պետք է վճարի»:

https://www.youtube.com/watch?v=SS5feB9WpYI

Այսօր Aravot.am-ը Երեւանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի շտապ օգնությունը վճարովի դարձնելու գաղափարի մասին: Ստեփանյանը մեր հարցին այսպես պատասխանեց՝ «Չէ, ընդհանրապես խոսք չի եղել երբեւիցե շտապօգնությունը վճարովի դարձնելու մասին: Խոսք չի գնացել անհետաձգելի մեր կանչերի մասին, որոնք մեր ծառայությունը մատուցում է: Ուղղակի խոսքը գնում է այն կանչերի մասին, օրինակ` եթե մենք միջինը օրական 650 կանչ ենք կատարում, եւ հիվանդանոց ենք տեղափոխում մոտ 15%-ին, պատկերացնում եք, չէ՞, որ մենք կատարում ենք նաեւ ընտանեկան բժշկի ծառայություն: Այսինքն, ունենք կանչեր, որոնք բացարձակ շտապօգնության բժշկի ծառայությունը չէ»:

Թե կոնկրետ որ ծառայությունն, ըստ Ստեփանյանի կարելի է վճարովի  դարձնել եւ արդարացված գինը ո՞րը կլինի, մեր այս հարցին ի պատասխան Ստեփանյանն ասաց. «Բայց հիմա խոսք չկա, որ դառնում է վճարովի: Շտապօգնության անհետաձգելի դեպքերը երբեւիցե չի քննարկվի եւ չի դառնա վճարովի»:

Մանրամասն՝ տեսանյութում

Թե որոնք կարող են համարվել անհետաձգելի դեպքեր, տիկին Ստեփանյանն ասաց, որ հիմա շտապօգնության որոշ ծառայությունները վճարովի դարձնելու ուղղությամբ որեւէ չափանիշ սահմանված չէ, ուստի հստակ ոչինչ չի կարող ասել:

Մանրամասն՝ տեսանյութում

Ստեփանյանը նաեւ ներկայացրեց տոնական օրերին կատարված կանչերը: Նա ասաց, որ դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 7-ը շտապօգնությունն արձագանքել է 6582 կանչի. սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 466 կանչով ավելին է:

Ըստ Ստեփանյանի, 1208 հիվանդ են տեղափոխել հիվանդանոց:

«Վերջին տարիներին թունավորման լուրջ դեպքեր չեն լինում: Այս Ամանորին 8 դեպք է եղել, բայց սա չեմ կարծում, որ կարելի է բնութագրել թունավորում:  Այս 8-ից 4-ը ալկոհոլի չարաշահման դեպք է եղել, մյուս 4-ն էլ՝ սննդակարգի խառնելու պատճառ»,-ասաց Ստեփանյանը: Նրա խոսքերով՝ շտապօգնության կանչերում առաջատար են սրտանոթային հիվանդության դեպքերը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031