Ռուսաստանցի գործարար Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոն), որի նկատմամբ ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել «օրենքով գողերին» աջակցելու համար, հայտարարել է, որ ինքը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է:
Ի պատասխան բլոգեր Ալեքսանդր Վալովի այն դիտարկման, որ Թաթուլյանը շրջում է դիվանագիտական համարով մեքենայով, վերջինս պատասխանել է. «Ես արտգործնախարարի խորհրդականն եմ: Ունեմ դիվանագիտական անձնագիր… ինձ կցված է դիվանագիտական մեքենա»:
Թաթուլյանը նաև հերքել է, որ որևէ կապ ունի «օրենքով գողերի» հետ, և նշել, որ ինքը ամերիկյան ընկերությունների հետ կապված կամ ԱՄՆ տարածքում գտնվող բիզնես չունի, հետևաբար պատժամիջոցները չեն կարող իրեն վնասել:
Ինչ վերաբերում է «օրենքով գողերի», մասնավորապես Դեդ Հասանի հետ ունեցած կապերին, Թաթուլյանը ուղղակիորեն չի հերքել ու չի հաստատել այդ տեղեկությունը՝ նշելով, որ ինքը, ելնելով իր գործունեությունից, ծանոթ է հարյուրավոր և հազարավոր մարդկանց հետ:
https://www.youtube.com/watch?v=lWtFtQDMjC4
«Առավոտը» այս պնդումը մեկնաբանելու հարցմամբ դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին: Նախարարության կայքի համաձայն՝ Էդվարդ Նալբանդյանի խորհրդականներն են Արմեն Ղեւոնդյանը, Անդրանիկ Հովհաննիսյանը, Դավիթ Սարգսյանը, Ռուբեն Շաքարյանը, Հրաչ Սիլվանյանը եւ Վահագն Աթաբեկյանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ