Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ գազն Ուկրաինայում, որը գտնվում է ճնշումների ներքո, ավելի էժան է, քան Հայաստանում». Հովհաննես Իգիթյան

Հունվար 09,2018 15:44

«ՀՀ կառավարությունը որևէ կապ չունի պետությանը բնորոշ աշխատաոճի, կառավարման հետ»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Նրա հավաստմամբ՝ կառավարումը միայն բյուջեն հարկերով լցնելը չէ, կան այլ խնդիրներ ևս. «Բիզնեսի տեսանկյունից դպրոցները պետք է փակվեն, ծախսատար են, բայց պետության տեսանկյունից նույնիսկ այն դպրոցը, որտեղ չորս-հինգ աշակերտ է հաճախում, պետք է գոյություն ունենա, ինչպես պետք է գոյություն ունենա գյուղապետարանը և, ընդհանրապես, կառավարությունը: Կառավարություն պահելն էլ է ծախսատար, ուրեմն այն է՞լ օպտիմալացնենք»:

Անդրադառնալով թանկացումներին՝ պարոն Իգիթյանը վստահեցրեց, որ կարելի է կանխել գնաճն ու ՀՀ-ում գազի, հոսանքի և ջրի սակագները համեմատեց այլ երկրների՝ մասնավորապես Ուկրաինայի հետ. «Անգամ գազն Ուկրաինայում, որը գտնվում է ճնշումների ներքո, ավելի էժան է, քան Հայաստանում, հոսանքը երկու անգամ մեզ մոտ թանկ է, ջուրը՝ երեք անգամ: Հենց սա է պատճառը, որ մարդիկ չեն կարողանում գումար ներդնել արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքներ գնելու համար և խթանել այդ ոլորտների զարգացմանը»:

Դառնալով թանկացումներին՝ Հովհաննես Իգիթյանը նշեց, որ կոմունալ և այլ ծախսերի աճի հետ մեկտեղ նաև շուկայում ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ ներդրողը ոգեշնչված չի լինում ներդրումներ կատարել: Պատճառն այն է, որ մարդիկ հիմնականում իրենց միջոցները ծախսում են տարատեսակ վճարումների վրա, ինչը ՀՀ-ում մեծ թիվ է կազմում՝ համեմատած այլ երկրների՝ անգամ Վրաստանի հետ. «Սա է պատճառը, որ վերջին տարիներին ոչ միայն չունենք գումարների ներհոսք, այլև ունենք ՀՀ-ից արտահոսք: Հայաստանի՝ ազատ գումար ունեցող քաղաքացիները փորձում են գտնել այլ տեղ այդ գումարները ներդնելու համար»:

Պարոն Իգիթյանը մտահոգված է, որ կառավարությունը որևէ կերպ չի էլ փորձում փոխհատուցել քաղաքացիների վճարները: Այս համատեքստում նա հիշեցրեց աջ ղեկով մեքենաների վերաբերյալ՝ կառավարության որոշումը, որի դեպքում ևս փոխհատուցում չի նախատեսում:

Ըստ պարոն Իգիթյանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այս իրավիճակի պատասխանը տվել է մեկ նախադասությամբ. «Նա մեկ նախադասությամբ բացատրեց, որ այս կառավարությունը նշանակվել է մեկ նպատակի համար՝ ստեղծել արդյունավետ կառավարում: Բայց արդյունավետ կառավարումը միայն օպտիմալացնելը չէ: Դա հիմնականում կիրառվում է բիզնես ոլորտում, ըստ այդ մոտեցման՝ պետք է օպտիմալացնել ծախսերը և աշխատողների թիվը: Բայց պետությունը միայն օպտիմալացումն ու բյուջեն հարկերով լցնելը չէ, պետությունը պետք է լուծի նաև սոցիալական, դեմոգրաֆիական, մշակութային, զարգացման ներդրումային ֆոնի ստեղծման խնդիրներ»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031