Հունվարի 24-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Շնորհակալությու՛ն, հայ զինվոր» բարեգործական համերգը, որի ողջ հասույթը կտրամադրվի զինծառայողների առողջության վերականգնողական նոր կենտրոնի կառուցմանն ու վերազինմանը: Ծրագիրն իրականացվում է «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպության և մշակույթի նախարարության համատեղ ջանքերով: Նախաձեռնությանը սիրահոժար իրենց աջակցությունն են բերել հայտնի երգիչ, երգչուհիներ: Համերգին ներկա կլինեն հայրենիքի պաշտպանության համար ծանր վիրավորում ստացած տղաներ:
«Երգիչներ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, ու Մկրտիչ Մկրտչյանը շատ արագ ու սիրով արձագանքեցին այս նախաձեռնությանը: Գաղափարը մեծ սիրով ընդունեց նաև մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ դեկտեմբերի սկզբին այցելելով վերականգնողական փուլում գտնվող ապրիլյան պատերազմի մասնակիցներին: Համերգի կազմակերպման գործում մեծ է մշակույթի նախարարության օժանդակությունը: Արսեն Գրիգորյանը, որը նախարարի խորհրդականն է, մեզ օգնում է և՛ ցուցապաստառների, և՛ համերգի կազմակերպման, և՛ նախարարությանն առնչվող բոլոր հարցերում: Միաժամանակ, երգելու է համերգին»:
«Սա շատ սովորական վերաբերմունք է այն տղաների հանդեպ, որոնք հանուն մեզ չխնայեցին ամենաթանկը. մեկը կորցրեց ոտքը, որպեսզի մենք ոտք ունենանք, մյուսը կորցրեց ձեռքը, որպեսզի ձեռք ունենանք, մեկ ուրիշը՝ կյանքը, որպեսզի ապրենք մենք ու մեր զավակները: Ես կարծում եմ, որ նման նախաձեռնությունները պետք է դառնան ավանդույթ, մեր կենսակերպը: Մենք պարտավոր ենք կանգնել այս տղաների կողքին, որովհետև նրանք մեր կողքին էին երկրի ամենածանր պահին»:
Արսեն Գրիգորյանն իր խոսքում հիշեց նաև վերականգնողական փուլում գտնվող տղաներին այցելած նախարար Ամիրյանի խոսքը.
«Սա նվազագույնն է, որ կարող ենք անել ձեզ համար: Ձեր կողքին կանգնելը բոլորիս պարտքն է»:
«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Մանուել Մանուկյանն ընդգծեց, որ նախագծին մեծ սիրով միացել են բազմաթիվ արվեստագետներ, որոնց շնորհիվ կկայանա ոչ միայն բարեգործական նախաձեռնությունը, այլև վերականգնողական շրջանն անցնող տղաներն ու նրանց ծնողները մի քանի ժամով կկտրվեն իրենց ծանր ապրումներից:
Ալիսա Գևորգյան
Համերգի տոմսերը վաճառվում են Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղում։
ՀՀ մշակույթի նախարարություն