Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն արվեստագետի ծննդյան օրը Պանթեոնում նշեց, որ Փարաջանովը չի կարողացել 20-ից ավելի ֆիլմեր ավարտին հասցնել: «Շատ ափսոս իհարկե… Այն տարիներին, որ կարող էր նկարել, փաստորեն 15 տարի չէր նկարում, այսինքն` ինչ անում էր, թույլ չէին տալիս: Ու ի՞նչն էր հետաքրքիր, հետո արդեն, որ նրան նստացրին, ասում էին, որ 64 թվականից ոչինչ չի նկարել, ոնց որ դա իր մեղքը լիներ: Խոսքն Ուկրաինայի մասին է»:
Զավեն Սարգսյանի խոսքերով. «Ինքը երազում էր Արա Գեղեցիկը նկարել, Կարեն Դեմիրճյանին նամակ գրեց, սակայն նամակն անպատասխան մնաց, բայց իրականում պարզվում է Սուսլովն է կատեգորիկ դեմ եղել: Պարզ է, որ այն ժամանակ առանց Մոսկվայի թույլտվության չէին կարող գործել»:
Aravot.am-ի հարցին` իր կարծիքով այսօր արդեն լիարժեք արժեւորվա՞ծ է Փարաջանովը, Զավեն Սարգսյանը պատասխանեց. «Հիմա կա թանգարանը, ամբողջ աշխարհը գիտի ու այցելում են հազարավոր մարդիկ….Իսկ արժեւորելը ո՞րն է… ամեն մարդ չի կարող միանգամից արժեւորել, ժամանակ է հարկավոր, աշխատանք…Մարդիկ կան, որ լրիվ կտրված են արվեստից ամբողջ աշխարհում, որովհետեւ արվեստի լեզուն այդքան պարզ լեզու չէ: Ցավոք, այսօր պրոֆեսիոնալիզմը վերանում է բոլոր ոլորտներում` սկսած ճարտարապետությունից, ինչը ցավալի է…Ընդհանուր մթնոլորտն է ահավոր…Հիմա վերցնում ու իրար մրցանակներ են շնորհում, չեն հասկանում որն է լավ, որը վատ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` ուկրաինացի կինոօպերատոր ու լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի ընկեր Յուրի Գարմաշի