«Սասնա ծռեր» զինված խմբի գործով մեղադրյալներից Արայիկ Խանդոյանը, որն արդեն մոտ մեկ օր է դադարեցրել է հացադուլը, այս պահին առանձնակի գանգատներ չունի, սակայն առողջական վիճակը լավ չէ: Այս մասին այսօր «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից մի մասի գործով դատական նիստում լրագրողներին հայտնեց Խանդոյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը: «Նա երիկամների սուր ցավեր ունի:
Պատժախցում 10 օր նա եղել է ցուրտ եւ խոնավ պայմաններում, իսկ ջերմաստիճանը զրոյից ցածր է եղել: Սկզբում խոստացել են ջեռուցում ապահովել, բայց չեն տրամադրել»,- տեղեկացրեց Արայիկ Պապիկյանը: Փաստաբանը այդ պատժախուցը խոշտանգման խուց է անվանում: Պապիկյանը նաեւ նշեց, որ դեկտեմբերի 31-ին Արայիկ Խանդոյանի վիճակը շատ վատ է եղել. «Նա ցնցումների մեջ է եղել եւ անգամ չի կարողացել գնալ այն սենյակը, որտեղ բուժօգնություն է ցուցաբերվում: Շտապօգնության բժիշկները իրենք են գնացել պատժախուց Խանդոյանի մոտ»: Արայիկ Պապիկյանը կատակով ասաց, որ Խանդոյանին օգնություն ցույց տալու ժամանակ ոչ մի բժիշկ պատանդ չի եղել: Փաստաբանը նաեւ նշեց՝ Խանդոյանի հանդեպ նման վերաբերմունքի պատճառն այն է, որ դատական նիստերի ընթացքում նա անհնազանդություն է ցուցաբերում եւ իշխանություններին ուղղված հայտարարություններով է հանդես գալիս:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ