Թուրք գրող Մուրաթ Աթաշը գրի է առել Հայոց ցեղասպանության դրվագներից մեկը, որը «Արմինե. Չորաք լեռան աքսորը» խորագրով լույս է ընծայվել Ստամբուլի «Արաս» հրատարակչությունում։ Թեմային անդրադարձել է թուրքական «Hürriyet» թերթի կայքը՝ ներկայացնելով Աթաշի հետ անցկացված հարցազրույցը։
Գրքի սկզբում կարդում ենք․ «Օգոստոսյան այրող տապին մարդկանց սրտերում սարսուռ առաջացնող մի խավար իջավ գյուղի վրա։ Աշխարհը մի ակնթարթում քարացավ, թռչունների դայլայլը դադարեց, ծղրիդները լռեցին։ Բոլոր կենդանի արարածները թաքնվեցին իրենց բներում»։ Եվ հենց առաջին նախադասությունն արդեն հուշում է, որ գիրքն իր ընթերցողին տանելու է դժվարին և հարկադիր մի ուղևորության հետքերով։
Ուղևորություն, որն իր ողջ դաժանությամբ անակնկալ էր ինչպես հայերի, այնպես էլ նրանց դարավոր հարևանների՝ թուրքերի համար։ Սա Սարիղամիշի մարտերում զոհված Միհրանի, նրա մոր և հոր՝ գաղթի ճանապարհին մահացած Մանուշակի, բանտ նետված Արփիարի, Միհրանի պապի՝ Գալիպ էֆենդու պատմությունն է։ Թուրք սիրելիի և իր ընտանիքի վերադարձին անվերջ սպասող Արմինեի պատմությունը։
«Գիրքն ընթերցողին տեղափոխում է այլ ժամանակներ, երբ, ինչպես ասում էր Կարապետ էֆենդին, «լալիս էր արևը»։ Այդ արտահայտության ողջ իմաստն Արմինեն հասկանում է 1915թ․ գաղթի ճանապարհին, երբ տեսնում է ծարավից մահացածների դիակներ, հրոսակախմբերի կողմից բռնաբարված երիտասարդների մարմիններ և մարդկության բոլոր չարիքներին ականատես եղած ու մեկ գիշերում հասունացած երեխայի պես բացականչում է․ «Արևը լալիս է»։ Լալիս են լեռները, լալիս են ձորերը»,- գրում է Hürriyet-ը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու որոշեց Հայոց ցեղասպանության մասին գիրք գրել, Աթաշը պատմում է․ «Իրականում ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ դեռ ուսանողական տարիներին ուսուցիչն ինձ զրո նշանակեց «Հայերի տեղահանությունը» թեմայով հանձնարարության համար։ Այն ժամանակ աղբյուրները սահմանափակ էին։ Միայն Սիվասի նահանգային ժողովրդական գրադարանում 60-70 էջանոց մի գիրք կարողացա գտնել։ Այդ շատ սահամանփակ «տեղեկություններով» էլ պատրաստվեցի դասին։ Երբեք չեմ մոռանա վերջին նախադասությունը, որ ասացի դասարանում՝ իմ պատրաստած նյութը ներկայացնելուց հետո։ Ես ասացի․ «Մեղավոր էին և հայերը, և Օսմանյան կայսրությունը»։ Կարծում եմ՝ ուսուցչին բարկացրել էր այն, որ դուրս էի եկել պաշտոնական և սառը մոտեցումների սահմաններից, որոնցով առաջնորդվում է պատմությունը՝ անտեսելով մարդուն։ Հենց այդ «զրոն» էլ խթանեց ու սաստկացրեց թեմայի նկատմամբ հետաքրքրությունս»։
Դրանից հետո Աթաշը բազմաթիվ գրքեր ու փաստաթղթեր է ուսումնասիրում, լսում է տարեցների վկայությունները, գրի է առնում դրանք։ Ավելի ուշ, երբ դադարում է աշխատել թերթում, օգտագործում է ազատ ժամանակն ու գրի առնում այն պատմությունը, որն արդեն ձևավորվել էր իր մտքում՝ բոլոր այդ աղբյուրներն ուսումնասիրելու արդյունքում։
«Արմինեն, ում կոչում են «Էմինե», «ուրիշ մենք»-ն է։ Սա չեմ ասում որպես այս կամ այն կողմի ներկայացուցիչ։ Դրանով միայն թուրքերին կամ հայերին էլ նկատի չունեմ։ Արմինեն նույն քուրդն է, լազը, արաբը, չերքեզը, վրացին, եզդին կամ մյուսներից մեկը։ Չէ՞ որ այնքան նման ենք իրար։ Մեր մշակույթները, երջանկությունը, ցավը, բարկությունը, սերը և թշնամանքը կամ նախապաշարմունքները նման են։ Եվ ես համոզված եմ, որ այդ նախապաշարմունքները կոտրելը կարող է նպաստել, որ ավելի առողջ հայացք դարձնենք ապագային», – նշում է գրքի հեղինակը:
Աղբյուր` Ermenihaber.am