Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. «Պատերազմի մասին խոսակցությունները փուչիկ են» (Տեսանյութ)

Հունվար 09,2018 13:43

«Հակամարտության կարգավորման ուղղությամբ դրական տեղաշարժ չի լինի: Ես սա կարող եմ վստահ ասել, 100 տոկոսով չէ, բայց 99 տոկոսով առաջընթաց չի գրանցվի: Պատերազմ էլ չի լինի: Պատերազմի մասին խոսակցությունները փուչիկ են: Լայնամասշտաբ պատերազմ չի լինի: Իսկ թե ի՞նչ ծավալի էսկալացիա կլինի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, ինչ տեսքով, դժվար է ասել, դա կախված է գերտերությունների և մեր աշխատանքից, Ադրբեջանի ներքին դրությունից: Սա չի նշանակում, որ կրակոցները ընդհանրապես կդադարեն: Բացառել, որ էսկալացիա չի լինի, ես չեմ կարող»,- «Հայացք» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրություններն, ըստ բանախոսի, շփման գծում իրավիճակը չեն սրի, որովհետեւ Ադրբեջանում իշխանությունները ընտրություններով չէ, որ ընտրվում են: Սակայն սա չի նշանակում, որ սահմաններում հանդարտ կլինի: «Լարվածություն կլինի, բայց բռնության չափը դժվար է ասել: Դա կախված է նրանից, թե ինչքա՞ն մենք կկարողանանք զսպել»,- ասաց նա:

Այս ամենով հանդերձ, նա կարծում է, որ 2018 թվականը կարեւոր տարի կլինի Արցախի հակամարտության կարգավորման համար:

Հիշեցնենք, առաջիկայում նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը: Այդ հանդիպումից ինքն ակնկալիքներ չունի. հարցն այն փուլում չէ, որ ինչ-որ փոփոխություններ ակնկալվեն: Հանդիպումների օրակարգն էլ խնդրի կարգավորմանը չի վերաբերում. «Բոլոր հարցերն անվտանգության մասին են: Մինսկի խումբը վաղուց չի զբաղվում հակամարտության կարգավորմամբ, օրակարգում անվտանգության խնդիրն է»:

Քաղաքագետն ասում է, որ 2018 թվականի կարեւորագույն իրադարձությունը քաղաքական համակարգի փոփոխությունն է լինելու: Հստակեցնում է`ինքը կարեւորում է համակարգը, ոչ թե անձերը, ուստի առաջնային չի համարում հարցը, թե ապրիլին ո՞վ կզբաղեցնի վարչապետի պաշտոնը. «Մենք ունենալու ենք մի համակարգ, որը տարբերվում է ներկայիս համակարգից, չնայած հիմա էլ նույն ՀՀԿ-ն է մեծամասնություն, եւ որոշում ընդունողը ՀՀԿ-ն է: Լինելու է մի համակարգ, երբ մարդկանց «գնելու են», մի բան զիջելու են, որոշումները քննարկվելու են բուռն»:

Քաղաքագետն անդրադարձավ նաեւ իրանական զարգացումներին: Ինքն իրեն իրանագետ չի համարում, բայց որ Հայաստանին անհրաժեշտ է կայուն Իրան`միանշանակ է համարում:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031