Լրահոս
Օրվա լրահոսը

Ձվի թանկացումն Իրանին սպառնում է հեղափոխությամբ (Տեսանյութ)

Հունվար 09,2018 13:26

Դեկտեմբերի 28-ին ձվի թանկացման հետեւանքով Իրանի իսլամական հանրապետությունում գրանցված սոցիալական հուզումներն, որոնք հետագայում ստացան քաղաքական երանգ, ըստ իրանագետ Գոհար Իսկանդարյանի, բավական հաջող կերպով որսաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը`փորձելով իր աջակցությունը ցուցաբերել ցույցերին`Իրանի հարցը հասցնելով ընդհուպ մինչեւ Միավորված ազգերի կազմակերպություն: Այսօր «Արմենպրես» մամուլի սրահում խոսելով ԻԻՀ-ում տեղի ունեցող զարգացումների մասին, իրանագետն ասաց, որ իր համար գոնե անհասկանալի էր Իրանի հարցը ՄԱԿ-ում քննարկելը, քան որ որեւէ լուրջ գործընթաց`ոստիկանության կողմից ցուցարարների դեմ ուժի զանգվածային կիրառում եւ այլն, չէր եղել: Ցույցերն էլ արդեն հանդարտվել էին: Բայց ուշագրավ է համարում այն, որ ավանդաբար ԱՄՆ-ի կողքին կանգնող Ֆրանսիան եւ եվրոպական այլ երկրներ, ՄԱԿ-ում այս անգամ սատարեցին ՌԴ-ի եւ Չինաստանի դիրքորոշմանը`ասելով, որ դա Իրանի ներքին խնդիրներն են:

Ամեն դեպքում, տեղի ունեցածը իրանագետին հիմք է տալիս եզրակացնել, որ Իրանում կան լուրջ խմորումներ կառավարության պահպանողականների եւ չափավորների միջեւ: Նա նկատում է, որ Իրանում ավանդականորեն նախագահները երկրորդ անգամ ընտրվելու հնարավորություն են ստանում, բայց երկրորդ պաշտոնավարման շրջանը դժվար է լինում: Նա հիշում է, թե դեռ Խաթամիի կառավարման շրջանից սկսած՝ նախագահի վարկանիշն այնքան բարձր է լինում, որ հոգեւոր դասը կարծես խնդիր է դնում`նվազեցնել այդ վարկանիշը: Գոհար Իսկանդարյանը կարծում է, որ Իրանի ներկայիս նախագահն այս ամբողջ խժդժությունների մեջ մնաց իր բարձունքի վրա:

Անդրադառնալով ցույցերի ժամանակ հնչած կոչերին՝ իրանագետը անհիմն է համարում Ռոհանիից պահանջել բաներ, որոնք իր լիազորությունների մեջ չեն:

Մանրամասները` տեսանյութում

Իրանագետի կարծիքով, Իրանում ցույցերի ու դժգոհությունների իրական հիմքն այն էր, որ Ռոհանին առաջարկում էր հարկման դաշտ բերել հոգեւոր մի շարք կառույցների: Այս իմաստով, նա պատահական չի համարում, որ ցույցերը սկսվեցին ավանդաբար կառավարամետ Մաշադից: Ասում է`այդ ցույցերի ընթացքում աննախադեպ երեւույթներ եղան`շահից ներողություն խնդրելը, հոգեւորականների նկարներ պատռելը եւ այլն: Դրանք իրեն հիմք են տալիս ասել, որ Իրանում համակարգային խնդիրներ կան եւ դրանք չլուծելու դեպքում կարող են կրկնվել: Մինչդեռ այն, ինչ տեղի ունեցավ Իրանում, հստակ ցույց տվեց, որ խնդիր էր դրված, թե ալիքը պետք է գնար ընդդեմ կառավարության, ոչ թե համակարգի: Հիշեցնում է, որ Իրանում շահը գահընկեց արվեց հենց այն պատճառով, որ չկարողացավ սոցիալական խնդիրներ լուծել:

«ՀՀ-ին խիստ անհրաժեշտ է կայուն եւ անցնցում Իրան: Լավ կլինի, որ Իրանում լինեն ժողովրդավարական բարեփոխումներ, բայց եթե ցնցումներ լինեն եւ Իրանը կորցնի վերահսկողությունը`շատերը կարող են օգտվել իրավիճակից`վեր հանելով թե քրդական, թե Ատրպատականի խնդիրները: Իրանում ցնցումները սպառնում են ՀՀ-ի անվտանգությանը»,- ասաց իրանագետը`հավելելով, որ Իրանում հետագա ցնցումները կկասեցնեն նաեւ հայ-իրանական տնտեսական ծրագրերը, կլինի փախստականների հոսք, որին մենք դժվար թե կարողանանք դիմագրավել:

Aravot.am-ի հարցին`այնուհանդերձ Արեւմուտքին, տվյալ պարագայում ԱՄՆ-ին, կհաջողվի՞ Իրանում իրավիճակն ապակայունացման տանել, իրանագետը պատասխանեց, որ առաջիկա 3-4 տարիների կտրվածքով ինքը նման հնարավորություն չի տեսնում:

Այլ մանրամասները` տեսանյութում

Գոհար Իսկանդարյանը տրիվիալ է համարում կարծիքը, որ այս զարգացումները կարող են ազդել նաեւ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության վրա: Բայց եթե այդպես լինի ու Թրամփի մեկ հայտարարության արդյունքում վեցնյակի համաձայնության մեջ փոփոխություններ լինեն, ապա դրանից ԱՄՆ-ի հեղինակությունը էապես կտուժի: Նկատենք, որ համաձայնության հինգ երկրները հայտարարում են, թե Իրանը մինչ այժմ հավատարիմ է մնացել համաձայնագրով ստանձնած իր պարտավորություններին:

Այն, որ այսօր Իրանում ցույցեր չկան, միայն պրոկառավարական ցույցեր են, բանախոսի կարծիքով՝ վկայում է այն մասին, որ հարցերը լուծելու փորձեր են արվում: Համենայնդեպս, Մեջլիսում բուռն քննարկումներ են այժմ: Նախագահ Ռոհանին էլ հայտարարել է, որ ամեն ինչ անելու են իրավիճակը կայունացնելու համար:

Բոլոր պնդումները, որ Իրանում ազգային փոքրամասնությունները ազատ չեն, ճնշումների տակ են ապրում, բանախոսն անհիմն է համարում`օրինակ բերելով հենց հայ համայնքից: Նկատում է, որ տեղի հայերը ակտիվ մասնակցում են երկրի բոլոր գործընթացներին, այդ թվում նաեւ՝ ռազմական գործողություններին: Օրինակ է բերում Իրան-Իրաքյան պատերազմը, որին բավական հայեր մասնակցեցին, զոհեր ունեցանք եւ ամեն տարի Իրանի բարձրաստիճան ղեկավարները այցելում են հայկական ընտանիքներ ու իրենց շնորհակալությունը հայտնում: Սակայն, նկատում է, որ Իրանում բարձրագույն զինվորական պաշտոններ հայերը չեն զբաղեցնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031