Լրահոս
Օրվա լրահոսը

Հուզումներ մեր հարեւանությամբ

Հունվար 09,2018 22:00

Իրանցիները Նոր տարին նշում են գարնանը, սակայն մե՛ր Ամանորը համընկավ 2009-ից հետո Իրանում աննախադեպ լարվածության հետ

Ամանորյա լրահոսում հարեւան երկրում տեղի ունեցող իրադարձությունները զբաղեցնում էին ամենակարեւոր տեղը: Իրանը սովորական երկիր չէ: Իրանը Սիրիա չէ եւ Իրաք չէ, որոնց սահմանները որոշել են գաղութարարները՝ իրար մեջ պայմանավորվելով, եւ որպես արդյունք՝ երկրները կան, Սիրիան եւ Իրաքը, բայց մեծ հաշվով չկան սիրիացին եւ իրաքցին: Նրանք առաջին հերթին սուննի, շիա, քուրդ, այս կամ այն ցեղախմբից, կլանից եւ այլն են, նոր՝ իրաքցի կամ սիրիացի, եւ պետությունը պահպանել հնարավոր էր միայն դաժան բռնապետության հաստատման ճանապարհով:

Այլ է պարագան Իրանում. Իրանն Իրան է պատմության դասագրքի առաջին գլխից, երբ մնացյալը զուտ աշխարհագրական տարածք էին լավագույն դեպքում: Եվ Իրանի ուժը եղել եւ մնում է իրանցին, որն իրանցի էր թե՛ մինչեւ Իսլամը, թե՛ Իսլամի օրոք՝ անկախ նրանից, թե ինչ ծագման դինաստիա է կառավարել երկիրը: Ավելին, այդ երկիրը հնարավոր չի եղել նվաճել, նվաճողը կարճ ժամանակ անց «մարսվել» եւ ինքն է դարձել իրանցի, իսկ հետամնաց նվաճողները քաղաքակրթվել են հենց իրանական մշակույթի տիրույթում: Իրանն ունեցել է պատմության մեջ «խավարումներ», եղել կիսանկախ, բայց ոչ երբեք նվաստացած գաղութ, ինչպես, ցավոք սրտի, ողջ արաբական աշխարհը, երբեք չի կորցրել պետականությունը, միշտ վարել է ակտիվ դիվանագիտություն, որի «անընդմեջ ստաժը» չունի ներկայիս քարտեզի վրա եւ ոչ մի պետություն՝ «ընդամենը» 5000 տարի:
Այս ամենը ցույց է տալիս, որ այլ պետությունները մեծ հաշվով անկարող են ձեւավորել կամ նույնիսկ ուղղորդել ներքաղաքական գործընթացներն Իրանում: Գուցե օգտվեն, գուցե ուժեղացնեն կամ թուլացնեն այս կամ այն միտումները, բայց ներքաղաքական առումով այդ երկիրն ինքնաբավ եղել եւ մնում է այդպիսին: Այդպես էր թե՛ 1906-ի հեղափոխության, թե՛ Իսլամական հեղափոխության ժամանակ: Որքան էլ որ իրանցի պաշտոնյաները մեղադրեն օտար ուժերին ինչ-ինչ դժգոհություններ հրահրելու մեջ, կյանքը ցույց է տալիս, որ իրականում իրանցիները մասշտաբային ընդվզման գնում են բացառապես ներքին պատճառներից դրդված: Այնպես, ինչպես հազար ու մի Պառվուս կամ Լենին ընդունակ չէին լինի գահընկեց անել Ռոմանովների իշխանությունը, եթե դրա համար չլինեին խորը օբյեկտիվ պատճառներ:

Հաստատապես, Ամերիկան չէր, որ կասկածելի ընտրություններ անցկացրեց 2009-ին, եւ հաստատապես, Ամերիկան չէր, որ թանկացրեց առաջին անհրաժեշտության ապրանքների գներն Իրանում, մինչդեռ մեծ հաշվով պատժամիջոցների մեծ մասը ստացվեց չեզոքացնել միջուկային գործարքից հետո: Նույնիսկ երբ ներկայումս ցույցերը դադարել են ցավալի զոհերից հետո, պետությանը հաջողվեց խուսափել փոթորիկից, սակայն հարցերը փակված չեն՝ կապված կառավարման որակի եւ ուղղվածության հետ: Ունենալով մեծ մասամբ երիտասարդ բնակչություն՝ երկիրը շարունակում են կառավարել տարեց գործիչները, շարունակելով քաղաքական որոշումներ կայացնել սեփական պատկերացումների հիման վրա, այլ ոչ երիտասարդ, ազատությանը եւ ինքնահաստատմանը ձգտող, ակտիվ քաղաքացիական շերտերի: Սա ոչ «դավադրություն» էր, ոչ էլ «ձգում էր» ազատական հեղափոխության կամ ներկայիս պետական կարգը տապալելուն ուղղված փորձի: Ինչպես տեսանք, այս ընդվզումը չուներ ոչ առաջնորդներ, ոչ քաղաքական ղեկավարություն որպես գործառույթ, ոչ էլ նույնիսկ քաղաքական հենք եւ կարգախոսներ:

Հայաստանը եւ հայ հասարակությունը ամանորյա եռուզեռի պայմաններում նույնիսկ չհասցրին կարծիք ձեւավորել եւ ձեւակերպել տեղի ունեցածի վերաբերյալ, բայց լայն սպեկտրով կարծիքների ֆոնին, այնուամենայնիվ, հնչում էին հարեւան եւ բարեկամ երկրում կատարվողի եւ կատարվածի վերաբերյալ նաեւ զսպվածության, խոհեմության, շտապողականությունից եւ հուզականությունից զերծ մնալու կոչեր, հատկապես Իրանով մասնագիտորեն զբաղվող, ֆարսիով աղբյուրներից օգտվելու կարողություն ունեցող այն ինտելեկտուալների կողմից, որոնց դժվար է կասկածել ազատություն չսիրելու եւ բռնապետություն դավանելու մեջ: Այո, Իրանը Սիրիա չէ՛, որտեղ ղեկավարությունն անխոհեմ կերպով եւ ոչինչ չառաջարկելով պարզապես ուժով ճզմում է դժգոհությունը, իսկ դժգոհողները միանգամից դիմում են զենքի եւ հարեւան երկրներից դիվերսանտների օգնությանը:

Առաջին հերթին, Հայաստանին հակացուցված է քաոսն Իրանում, տեւական ապակայունացումը եւ Իրանի՝ որպես տարածաշրջանային սուբյեկտի թուլացումը: Դժվար չէ պատկերացնել, թե այդ վակուումն առաջին հերթին ինչ աղբով է լցվելու. Բաքվի, Մոսկվայի եւ Անկարայի երազանքն է մարգինալացնել, թուլացնել եւ տարածաշրջանային գործընթացներից դուրս թողնել Իրանը, չնայած երեսպաշտական «բարեկամական» հայտարարություններին: Եվ դժվար չէ որպես դրա հետեւանք պատկերացնել, որ Հայաստանը երկար ժամանակով կկորցնի իր հեռանկարը՝ կապված հնարավոր տարածաշրջանային նախագծերի հետ, իրապես վերածվելով «չուլանի» եւ մնալով «Գազպրոմ»-«Ռոսնեֆտի» եւ ռուսական բանակի ողորմածությանը: Հայաստանի հետ երկար ժամանակով հույս չեն կապի ոչ Վրաստանը, ոչ Եվրոպան, Հայաստանի՝ որպես տարածաշրջանային սուբյեկտի կշիռը սրընթաց կմոտենա զրոյի:

Անշուշտ, Հայաստանի շահերից անվիճելիորեն բխում է բաց, ազատ, խաղաղ, զարգացող, բարեկեցիկ, Եվրոպայի եւ Արեւմուտքի հետ նորմալ հարաբերություններ ունեցող Իրանը, որի համար Հայաստանը եւ Վրաստանը լավագույն ճանապարհն է դեպի ամենահեռանկարային շուկաներ: Մյուս կողմից՝ հաստատապես, անկախ նրանից, թե ինչ իշխանություն է Թեհրանում, հայ-իրանական հարաբերությունները կան եւ մնալու են տարածաշրջանային անվտանգության եւ կայունության կարեւորագույն կոնստանտներից մեկը, Հայաստանի անվտանգության հենասյուներից մեկը, իսկ Հայաստանը՝ Իրանի համար գուցեեւ միակ ոչ խնդրահարույց հարեւանը, միակ եվրոպական հարեւանը: Չմոռանանք նաեւ, որ ի տարբերություն մեր տարածաշրջանի մնացած երկու մեծ հարեւանների՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի, Իրանը երկու դար է՝ պատերազմ չի վարել Կովկասում, սահման չի վերաձեւել, որեւէ մեկին շրջափակման չի ենթարկել եւ կայսերապաշտական նկրտումներով «ավագ եղբոր» կարգավիճակի չի հավակնել: Ուստի մեր բանաձեւը հնչում է շատ պարզ. ինչպես ասում են՝ «բարուց բարին չեն փնտրում», այն, ինչ լավ է Իրանի համար՝ լավ է Հայաստանի համար: Իսկ Իրանի ճակատագիրը որոշել է եւ կորոշի Իրանի մեծ ժողովուրդը:

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Նկարը՝ Բի-բի-սի-ի կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031