Իրականում սահմանային դեպքերը թաքցնելու հատուկ միտում է նկատվում, եւ սա սկսվել է դեռեւս այն պահից, երբ որոշում կայացվեց սահմանային վիճակի մասին տեղեկատվություն տրամադրել ոչ թե ամենօրյա ռեժիմով, այլ՝ շաբաթը մեկ անգամ:
Բանն այն է, որ երեկ «Հայկական ժամանակ»-ի լրագրողը բոլորովին այլ պատահականությամբ պարզեց, որ հունվարի 4-ին նույնպես պատահար է գրանցվել Արցախում: Մասնավորապես՝ Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունից երկու զինծառայող է վիրավորում ստացել: Զինծառայողներից մեկը դեռեւս գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում. նրա աջ ոտքն անդամահատել են, վիճակն այժմ գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Մյուս զինծառայողին տեղափոխել են ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ, անդամահատել են նրա ձախ ոտքը: Այս դեպքի մասին, սակայն նույնպես որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել: Այնինչ, երկու հոգու ոտքի անդամահատումով ավարտված դեպքը լավագույն ցանկության պարագայում անգամ հնարավոր չէ թեթեւ վիրավորում համարել: Այս դեպքի մասին հանրությունն այդպես էլ չէր իմանա, եթե «ՀԺ»-ի լրագրողները դուրս չգային ականապայթյունից վիրավորած զինվորների հետքի վրա:
Ինչո՞ւ է ՊՆ-ն որոշել թաքցնել սահմանային դեպքերը՝ այդ թվում ծանր վիրավորներին: Ո՞ւմ է խաբում, ինչո՞ւ է խաբում, ո՞ւմ աչքին է ուզում թոզ փչած լինել: Իմաստը ո՞րն է, ընդհանրապես: Եթե այս մարտավարության համար ինչ-որ գիգանտ բացատրություններ ունեն անգամ, դա չի կարող գոհացնել հանրությանը միայն այն պարզ պատճառով, որ այս գործելաոճով ՀՀ-ն եւ Արցախն ընդօրինակում են Ադրբեջանին, որտեղ բանակում կատարվածի մասին ոչ մի հավաստի պաշտոնական տեղեկատվություն գոյություն չունի:
Հայաստանի հանրությունը մինչ այժմ մեծամասամբ վստահել է պաշտոնական աղբյուրներին, եւ դրա շնորհիվ էր նաեւ, որ ապրիլյան պատերազմի օրերին ՊՆ-ին հաջողվեց տեղեկատվական դաշտում փայլուն առավելություն գրանցել: Դժվար է ասել, թե այդ ինչ նպատակ կարող է լինել, որն արդարացնի հանրության վստահությունը հետեւողականորեն կորցնելու այս քաղաքականությունը: Եթե այսպես շարունակվի, երկու պաշտպանական գերատեսչությունների խոսքը զոհերի, վիրավորների եւ դեպքերի ու հանգամանքների մասին գրոշի արժեք չի ունենա, եւ մարդիկ՝ հատկապես լրագրողները ստիպված կլինեն սեփական հետաքննություններն իրականացնել, պարզելու համար՝ արդյո՞ք այսինչ օրը սահմանում զոհ կամ վիրավոր ունեցել ենք, թե՞ ոչ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում