Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Զարդարյան. «Արվեստի էությունը՝ հումանիզմ…» (Ֆոտոշարք)

Հունվար 09,2018 17:51

Հունվարի 8-ին լրացավ ՀՀ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակը: Այս կապակցությամբ ընթերցողին ենք ներկայացնում հատվածներ վարպետի հետ հարցազրույցից, որը տպագրվել է 1978 թ.-ին «Սովետական արվեստ» ամսագրում:

ՀՀ ժողովրդական նկարիչ Հովհաննես Զարդարյանի 60-ամյակի առիթով ստացված շնորհավորական հեռագրերից՝ «Սրտանց ողջունում եւ շնորհավորում են Ձեզ Ձեր նկարների պերսոնաժները՝ Բյուրականի աստղադիտարանի երիտասարդ աստղագետներ…

– Ես ինձ միշտ պատկերացնում եմ այնտեղ, նրանց կողքին … կա մեզ մերձեցնող էական մի պարագա՝ հումանիզմը: Այո, հումանիզմը, մարդու, մարդկության հանդեպ սերն ու նվիրումն է իմ գործերի բուն իմաստը: Համենայնդեպս, ես դրան եմ ձգտում, դրանով եմ ապրում: Եվ անշուշտ իմ այդ տենչը յուրահատուկ արձագանքն է ու արտահայտությունը ժամանակակից գիտության եւ առաջադեմ արվեստի զարգացման միտումների:

– Իսկ ավելի կոնկրե՞տ …

– Պետք չէ չափից ավելի «կոնկրետանալ», արվեստը նախ ընդհանրացում է, ոգու, էության բացահայտում: Մեր դարի խոշորագույն գեղարվեստական երեւույթները՝ Չապլինը եւ Պիկասոն, իտալական նեոռեալիզմը, Վիլյամ Սարոյանը (եւ էլի շատ ուրիշներ) ընդհանրացում-հայտնագործումներ են՝ հումանիզմի մեկնակետով: Ընդ որում, պարզ տեսանելի է մի իրողություն. մեծ արվեստը ծնվում է մեծ մտքերից, մեծ դրամայից, ուղղվում մեծ չարիքի դեմ եւ անպայման հաստատում է կյանքը: Ահա իր այդ կոնկրետությամբ արվեստը ժամանակի լիազորվածն է ու մեծ արարիչը, մարդկային խղճի ոգիացումն ու մարմնացումը՝ միաժամանակ: Երբ Վ. Սարոյանը եկավ Բյուրականի իմ արվեստանոցը, ես պատկառանքով ու երկյուղով սպասում էի նրա խոսքին: Միայն մեկ բառ ասաց. – Այստեղ մեծ միտք կա … – Անշուշտ նա նկատի ուներ իմ նկարների ընդհանուր միտումը՝ դարին, աշխարհին, մարդու գործերին հաղորդվել, դրանցով ապրել: Ինչ խոսք, անչափ կարեւոր է, թե ինչ ես ժառանգում, ինչի վրա ես հենվում, ինչպես ես վերցնում, մարսում, օգտագործում եղած արժեքները: Մենք էլ, ահա, կառուցում ենք 21-րդ դարի հոգեւոր հիմքերը, մենք էլ ժառանգություն ենք ստեղծում այդ դարի, ապագայի համար:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ձեր ստեղծագործությունը:

– Ես ինքս ինձ դատավոր կամ գնահատող չեմ կարող լինել: Կասեմ միայն, որ արել եմ եւ անում եմ դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտ, բայց իմը մարդու էության որոնումն է: Մարդկային մտքի եւ հոգու ներդաշնակության, նոր պոեզիայի որոնումը: Բյուրականն այդ իմաստով ինձ շատ բան է տալիս … Փաստ է, որ հատկապես վերջին շրջանում «երկնագիտության» մարդկանց, նրանց «տիեզերական» աշխարհը հաճախ ու գնալով ավելի մեծ սիրով եմ պատկերում: Դա ասես իմն է, իմ էությունը, այն, ինչը որոնում էի ստեղծագործական կյանքի ողջ ընթացքում: Վերջերս, օրինակ, սկսեցի «Համաստեղություն (Պլեադներ)» պատկերը: Աստղային համակարգություն, հավերժական շարժում, իրերի, կյանքի հավերժական ընթացք … Գտնել այդ ամենի երկրային-մարդկային ցոլքը, կոնկրետությունը, Բյուրականն իմ՝ նկարչիս ըմբռնմամբ: Եվ այդ տիեզերական-աստեղայինն ինձ, ի վերջո, ներկայացավ մոր եւ մանկան կերպարանքով: … Իմ արվեստանոցը եկավ նշանավոր գիտնական Ռուդոլֆ Մյոսբաուերը: Երկար զրուցեցինք:

Պարզվեց, որ այդ աշխարհահռչակ ֆիզիկոսը, որին Նոբելյան մրցանակ է շնորհվել գիտական մեծ հայտնագործության՝ «Մյոսբաուրյան էֆեկտ»-ի համար, ամեն օր, երկու ժամ դաշնամուր է նվագում՝ Մոցարտ: Հիրավի, մոցարտյան ինչ-որ բան կար նրա մեջ, բանական-գիտականի եւ հոգեւոր-զգացականի արտասովոր համերաշխություն: Դա իմ իդեալն է, ինչի պահանջը գնալով աճելու է … Առհասարակ նկատել եմ, որ մեր գիտնականների մեջ հետզհետե զորանում է հոգեւորի, գեղեցիկի, մարդկայինի տենչը: … Արտեմ Ալիխանյանը մի առիթով ասաց. կան լիրիկական, դրամատիկ, ողբերգական ֆորմուլներ, բանաձեւեր … այդպես էլ իրենք՝ գիտնականները: Նրանք հաճախ արվեստից ավելի են հասկանում, քան մեր արվեստաբաններից ոմանք … Գիտնականների հայացքն, ըստ երեւույթին, այսօր տեսնում է ինչ-որ մի բան, որին մենք՝ արվեստագետներս դեռ նոր պիտի հաղորդվենք: Իսկ դա անհրաժեշտություն է. այսօր «ընդլայնվում» են տիեզերքի, մարդու մտքի ու երեւակայության սահմանները՝ թե՛ իրական, թե՛ հոգեւոր իդեալական առումներով: Եվ արվեստը, նաեւ կերպարվեստը, չի կարող անցնել դրա կողքով եւ չպետք է սոսկ իր «մասնագիտական թավայում տապակվի»:

Իր նոր խնդիրները նա կարող է լուծել՝ հարստանալով, հագենալով մարդկության մտավոր-հոգեւոր բոլոր նվաճումներով եւ պայմանով, որ ճանաչի իրերի ընթացքի վրա ներազդելու իր սեփական հնարավորությունները: Արվեստագետի ուժն արվեստի ներգործության ուժն է: Ընդ որում, այս վերջինն էլ տարբեր եզրեր ունի. կան ստեղծագործողներ, որոնց հետաքրքրությունները կենտրոնանում են կյանքի բացասական, մութ կողմերի մերկացման վրա, դրանով են արժեւորվում: … Բայց եղել է եւ կա նաեւ մեկ ուրիշը. գեղեցիկը, վեհը, պոետականը պատկերելու, դրանցով մարդուն մաքրելու, ազնվացնելու, բարձրացնելու նախընտրանքը: Սա դույզն չափով չի հակադրվում առաջինին, չի մերժում, այլ էապես միասնանում է նրա հետ: Ինքս, իբրեւ նակարիչ, իբրեւ մարդկային խառնվածք, հակված եմ ստեղծագործելու եւ ապրելու այս «իդեալիստական» մեթոդով: Իմ «Ձգտում» նկարը հենց դրանից է ծնվել: 1961-ին Գագարինը կատարեց մարդու արտերկրային առաջին քայլը: Դա համայն մարդկության՝ դեպի տիեզերական անսահմանություն ձգտման մի արտահայտություն էր, եւ իմ մեջ ծագեց այդ երեւույթը պատկերելու ցանկություն… Հենց այդ ժամանակ Բյուրականում ստեղծվեց մտահղացումս «տեսնելու» մի առիթ: Վիկտոր Համբարձումյանը նվեր էր ստացել մի եղնիկ. մի օր նա փախավ, բոլորն ուզում էին բռնել, իսկ եղնիկը դես ու դեն էր նետվում, ցատկոտում, սլանում, չէր ուզում հանձնվել: Ազատության, սլացքի, լույսի այդ տենչն իմ ստեղծագործական ենթագիտակցության մեջ ըստ երեւույթին միահյուսվեց դեպի տիեզերք մարդու թռիչքի իրողությանը, եւ ձգտման գաղափարն ամբողջացավ՝ ձեռք բերելով շոշափելի ու միաժամանակ խորհրդանշական իմաստ:

– Իսկ դրանից առաջ Դուք ստեղծել էիք «Գարուն»-ը, եւ դա էլ խորհրդանշական պատկեր է՝ երկիր, ժողովրդի վերածնություն, գարուն …

– Այո, միայն թե ավելացնեմ, որ խորհրդանշականն այնտեղ թերեւս իր «տեղային-հայաստանյան» ավելի վառ երանգն ուներ: Մենք հաճախ այնքան էլ ուշադիր չենք այն արժեքների հանդեպ, որոնցով իրապես ապրում ենք: Օրինակ, մեր արվեստում Արարատն ավելի մեծ տեղ ու կշիռ ունի, ավելի մեծ պատիվ, քան Արագածը: Մինչդեռ մեզ կերակրողն այսօր Արագածն է: Բիբլիական լեռան համբավը մեզ թույլ չի տալիս տեսնել Արագածի կենարար ուժը, նրա հարստությունը, գեղեցկությունը, գնահատել իբրեւ կյանքի աղբյուր, երկրի, գարնան խորհրդանիշ: Ահա եւ ես փորձել եմ բացել, ցույց տալ Արագածի՝ ասել է թե իրական, «աշխատող» երկրի այդ պատկերը: Ինչ խոսք, այստեղ էլ խորհրդանշանք կա, բայց դա իրողության, ոչ թե պատրանքի սիմվոլ է: Արդարեւ, մեր վերածնունդը հենվում է ոչ թե այս ու այն, թող որ նվիրական, պատրանքի, այլ նախ հողի, իրականության, ճշմարտության վրա: Ինքս էլ կողմնակից եմ ոչ թե վերացական, այլ գործուն, իրական հումանիզմի: Պետք է ապրել, ստեղծագործել, եւ իրատես լինել, ինչ խոսք, ոչինչ չտալով մոռացության: «Գարուն» պատկերի խորհուրդը դա է: Ու նաեւ մեծ հավատը կյանքի ընթացքի, շարժման, ապագայի հանդեպ…


Նկարչությունն առհասարակ բարդ գործ է, եւ ամենամեծ բարդությունն, ըստ իս, այն է, որ նկարիչը կարող է կորցնել ինքնատիրապետումը՝ չդիմանալով քննադատությանը կամ, որ ավելի վտանգավոր է, շռայլ գովեստին: Վերջինս բթացնում է զգոնությունդ, եւ քեզ թվում է, թե արդեն հասել ես կատարելության, կարող ես հանգիստ ապրել վաստակիդ տոկոսներով. այլեւս ոչ մի մտատանջություն ու կասկած … «Մարդկային» այդ թուլությունը կործանարար է ստեղծագործողի համար, մանավանդ, երբ դրան է միանում մանր փառասիրությունը: Դա կարելի է հաղթահարել այն սթափ գիտակցությամբ, որ երբ թուլանում կամ չքանում է դիմադրությունը, երբ ամեն ինչ հեշտ է արվում, ուրեմն, ինչպես Սարոյանը կասեր, ինչ-որ բան, ինչ-որ տեղ սխալ է … Ես այն զգացողությունն ունեմ, որ դեռ «ոչինչ չեմ արել», ու եթե մի բան ստեղծելու եմ, դա լինելու է իմ վերջին գործերում…


– Ինչպե՞ս եք գնահատում վիճակը մեր այսօրվա կերպարվեստում:

– Փաստ է, որ հայ կերպարվեստն աշխարհում ճանաչված է իբրեւ դեմք ունեցող արվեստ, ճշմարտապես ազգային արվեստ: Ոչ թե ազգային տիպաժներ, արդուզարդ, այլ ազգային նկարագիր, էություն պարզող արվեստ: Հենց միայն Սարյանի անունը դրա հավաստումն է: … Իհարկե, մեր արվեստում էլ իրենց զգացնել են տալիս զանազան ազդեցություններ, կատարվում են էքսպերիմենտներ, երբեմն՝ ընդօրինակումներ: Սկզբում շատերը դժգոհում էին դրանից, հայհոյում, իսկ ես բնական եմ համարում դա – ոչ մի արվեստ չի կարող կաղապարվել-փակվել իր մեջ, պետք չէ ստեղծել «արգելված պտղի» հրապուրանք, թող փորձեն, համտես անեն, համոզվեն…

Վերստին ուզում եմ դառնալ մեր գիտնականների՝ բյուրականյան իմ հարեւանների աշխատանքին, ստեղծագործությանը: Նրանց հետ շփվելով, նրանց գործին, տքնությանն ականատես լինելով՝ մի տեսակ ձգվում ես, լցվում «ինքնադժգոհությամբ»: Հասկանում ես, թե որքան դժվարահաճ է բնությունը, ինչպիսի դժվարությամբ է բացում մարդուն իր գաղտնիքները: Ի դեպ, արվեստի հանդեպ գիտության մարդկանց հակումը, հետաքրքրությունը, կարծում եմ, միայն գեղարվեստական հաճույք ստանալու, զվարճանալու միտում չէ: Ըստ երեւույթին ավելի կարեւոր է այն պարագան, որ աշխարհի, կյանքի, իբրեւ ամբողջության, գեղարվեստական ընկալումն ու զգացողությունը՝ արվեստի սպեցիֆիկան, էապես լրացնում է գիտական ճանաչողությունը: Այո, իրականության զգայական-պատկերային ընկալման մեջ գիտնականը տեսնում է աշխարհի ճանաչման մի նոր ու անհրաժեշտ միջոց եւ դիտանկյուն, մի նոր հնարավորություն … Եվ, բացի այդ, արվեստը զարգացնում է ստեղծագործական երեւակայությունը…

Զրույցն այստեղ ավարտվեց. Հովհաննես Զարդարյանը պիտի գնար Բյուրական՝ շարունակելու, ավարտին հասցնելու իր գործերը…

 

«Առավոտ»

09.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031