Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Կարծես Թաթայի երգի մասին է խոսքը, այլ ոչ թե ճանապարհային երթեւեկության կանոնների. «Հայոց աշխարհ»

Հունվար 09,2018 11:36

Նոր մեկնարկած տարվա հանրային ակտիվության հրապարակային առաջին դրսեւորումը կարելի է համարել «Աջ ղեկ» նախաձեռնության բողոքի ակցիաները:

Կարելի է ասել, որ գործադիր իշխանությունը փորձել է հնարավորինս ընդառաջել արդեն իսկ աջակողմյան ղեկով ավտոմեքենա շահագործողներին, հարգել նրանց սեփականատիրական իրավունքները: Խելամիտ է թվում նաեւ ներմուծման արգելքը մի քանի ամիս անց գործողության մեջ մտցնելու քայլը, ասել կուզի՝ սահմանվում է որոշակի ժամկետ, ինչը թույլ կտա աջակողմյան մեքենաների ներկրմամբ զբաղվողներին՝ հնարավորինս անցնցում հաղթահարել այդ խնդիրը:

Բայց արի ու տես, որ «Աջ ղեկ» նախաձեռնության շուրջ համախմբված մեր հայրենակիցներին այդ ամենը չի բավարարում, ինչի վկայությունն են շարունակվող բողոքի ակցիաները:

Մասնավորապես, հիշյալ նախաձեռնության համակարգող Գեւորգ Աճեմյանը երեկ շեշտեց, որ չնայած այն հանգամանքին, որ հիմնական պահանջներից մեկը բավարարվել է, այսինքն՝ արդեն ներմուծված մեքենաների գրանցման արգելքը հանվել է, իրենք կշարունակեն պայքարել աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքի չեղարկման համար:

Սա արդեն հետաքրքիր է եւ որոշակի ենթադրությունների տեղիք է տալիս: Էլ ավելի հետաքրքիր էր լսել, թե երեկ, հօգուտ աջակողմյան ղեկի, ինչ յուրօրինակ փաստարկներ էին բերում բողոքի ակցիայի առանձին մասնակիցներ:

Նրանցից մեկը, օրինակ, այսպես հիմնավորեց իրենց մոտեցումը. «Կանայք աջ ղեկ են քշում, հիմա ուզում եք՝ կինը ձախ ղեկ քշի՞: Ես թույլ չեմ տա՝ իմ կինը ձախ ղեկով մեքենա նստի: Կին է, տեղ է գնում գեղեցիկ, կարճ զգեստով: Նա պիտի իջնի փողոցի բանուկ մասում, դուռը բացում է, չի կարող այդ աստիճան ուշադիր լինել: Մինչեւ իջնի, բանուկ մասի բոլոր ձախ ղեկի վարորդները աջ կողմ են նայելու, այստեղից եզրակացություն՝ նոր ավարիաներ են լինելու»:

Որքան հիշում ենք, Հայաստանը աջակողմյան երթեւեկությամբ (չշփոթել ղեկի հետ) երկիր է։ Դեռեւս։ Ավելին, ճանապարհային երթեւեկության կանոններում սեռային առանձնացված կամ տարանջատող, կամ խտրական վերաբերմունք չկա։ Ավտոմեքենա վարելու իրավունք տվող վկայականն էլ չի առանձնացվում՝ կնոջ է տրամադրվում, թե տղամարդու։

Մեկ ուրիշ փաստարկ ընդհանրապես «տապալեց»: Բողոքող քաղաքացիներից մեկը, օրինակ, հանրությանը ներկայացրեց իր ինքնատիպ դիտարկումը.«Նույնիսկ կարող եք նայել, մեր Հենրիխ Մխիթարյանի մեքենան աջակողմյան է, այնպես որ իմաստը չեմ տեսնում»:

Իմա՜ստը: Մենք տեսնում ենք: Բանն այն է, որ Անգլիայում ու Մեծ Բրիտանիայում ընդհանրապես, երթեւեկությունը ձախակողմյան է, այսինքն՝ շահագործվում են աջակողմյան ղեկով ավտոմեքենաներ: Որպես կանոն: Այնպես որ, եթե անգամ Մխիթարյանը ձախակողմյան ղեկով մեքենա էլ վարի, դա ավելի շուտ մեծ բացառություն կլինի, քան թե օրինաչափություն:

Ու առհասարակ, ի՞նչ կապ ունի այստեղ՝ ֆուտբոլային աստղի մեքենայի ղեկը ա՞ջ, թե՞ ձախ կողմից է: Կարծես Թաթայի երգի մասին է խոսքը, այլ ոչ թե ճանապարհային երթեւեկության կանոնների, մեր երկրի տարածքում հաստատված միասնական ձախակողմյան երթեւեկության համակարգի ու, ի վերջո, անվտանգ երթեւեկության:

 Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031