Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանից քաղվելիք հիմնական քաղաքական դասերը. Հրանտ Տեր-Աբրահամյան

Հունվար 09,2018 11:10

Անցած տարի մի քանի հոդվածներ գրեցի, որոնք կամ անավարտ մնացին, կամ էլ համարյա ավարտելով չեմ հրապարակել՝ տարբեր պատճառներով: Դրանցից մեկը ուներ «Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դասերն» աշխատանքային անունը, որտեղ փորձում էի ամփոփել այն քաղաքական դասերը, որը ես ինձ համար ձեւակերպել եմ տարիների ընթացքում լինելով Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի անդամ: Հոդվածն անավարտ մնաց, ու չգիտեմ ե՛րբ նորից կկարողանամ դա ավարտի հասցնել:

Քանի որ այսօր առաջին նախագահի ծննդյան օրն է, մտածեցի, որ այդ հոդվածի թեզերը գոնե կարող եմ հրապարակել, որովհետեւ, կարծում եմ, դրանք հետաքրքիր կարող են լինել ոչ միայն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին կամ համակրողներին:

Ըստ այդմ, Տեր-Պետրոսյանից քաղվելիք հիմնական քաղաքական դասերը հետեւյալներն են:

1.Քաղաքական ուժը կամ գործիչը պետք է լինի առաջնորդող, այլ ոչ միայն արտահայտող: Քաղաքական ուժի կամ գործչի բարձրագույն կոչումը ոչ թե հասարակության հայելին, նրա միջինն ու հանրագումարը լինելն է, այլ հասարակությունից մի քայլ առաջ լինելն է, նրան բարձրացնելն է, առաջ տանելը: Մարդիկ գնում են իրենցից ուժեղի, բայց ոչ իրենց նմանի կամ առավել եւս իրենց նմանակողի հետեւից

2.Սեփական ճշմարտության պնդումն՝ անկախ հանգամանքներից: Չնայած անհրաժեշտության դեպքում հոսանքին դեմ գնալու սկզբունքը կարճաժամկետ հեռանկարում կարող է կորուստներ բերել քաղաքական գործչին կամ ուժին, բայց երկարաժամկետ կտրվածքով այն, հակառակը՝ քաղաքական երկարակեցության երաշխիքն է: Դա այդպես է, որովհետեւ քաղաքականությունը «կռվի» տեսակ է, իսկ առաջնորդումն ուժ է, եւ հասարակությունն ի վերջո ընդունում է ուժի այդ ցուցադրումը՝ իր համար կարեւոր պահին կոչելով հենց ուժեղին այլ ոչ թե «սիրահետողին»:

3.Օրակարգեր ձեւավորելու, այլ ոչ միայն եղած օրակարգերին հետեւելու սկզբունքը: Հատկապես ընդդիմադիր քաղաքականության դեպքում, կարեւոր է խուսափել զուտ ռեակցիոն, հայելային մարտավարության ծուղակից: Այդ ծուղակը գոյանում է այն ժամանակ, երբ ընդդիմության գործունեությունը նույնացվում է իշխանության ամեն ասածին կամ արածին «չէ» ասելու հետ: Նման ընդդիմությունը ապրում է ոչ թե սեփական տեմպով ու բովանդակությամբ, այլ իշխանության պարտադրածով:

4.Դիմել մարդու բանականությանը, այլ ոչ թե զգացմունքներին: Նորից՝ զգացմունքներին դիմելը կարճատեւ էֆեկտ է ապահովում, բանականությանը դիմելը՝ հակառակ բոլոր ժամանակակից կարծրատիպերի՝ կայուն ու տեւական արդյունք է հիմնավորում:

5.Ռեալիզմ: Քաղաքական ծրագրի հիմնավորում՝ ելնելով տվյալ կոնկրետ իրավիճակից ու նրա ուժային դասավորությունից:

6.Գործողության ճիշտ ռիթմ, որը նշանակում է՝ երբեք չխառնել իրական ակտիվությունը շտապողականության, «աշխուժակության» հետ: Ճիշտ պահերին՝ դադար, ճիշտ պահերին՝ ակտիվացում: Ինքնավստահություն: Ոչ թե անկանոն կռիվ, այլ հաշվարկած հարվածներ:

7.Մանեւրի բացարձակ ազատություն: Ոչ միայն ընդհանուր կարծրատիպերը, այլ սեփական իսկ երբեմնի դիրքորոշումները կամ համոզմունքները, չպետք է կապանք լինեն քաղաքական գործչի եւ ուժի համար: Իհարկե, էս մեկը գործում է միայն այն գործիչների եւ ուժերի դեպքում, ովքեր վաստակել են նման ինքնիշխան ազատության նախնական կապիտալը, եւ կործանարար է սկսնակների համար:

Հրանտ ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031