Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենավտանգավորը ծուլության համախտանիշն է

Հունվար 09,2018 10:10

Այս տարի «մեռելոցը», բարեբախտաբար, կիրակի օրն էր, եւ դա հնարավորություն չտվեց երկարաձգելու արձակուրդը եւս մեկ օրով: Շարունակում եմ պնդել, որ երկուշաբթի օրը ոչ աշխատանքային հայտարարելը ոչ միայն Սուրբ ծննդից, այլեւ ցանկացած այլ տաղավար տոնից հետո ավելի շատ վնասակար է, քան օգտակար: Ննջեցյալներին այցելելն իհարկե լավ ավանդույթ է, բայց եթե համեմատության նժարների վրա դնես այդ լավ ավանդույթը եւ ծուլության, եթե թույլ տրվի ասել՝ անկյալության սովորույթը, ապա երկրորդի վնասները գերազանցում են առաջինի օգուտներին: Պետությունը, հասարակության ակտիվ խավը պետք է քարոզի աշխատանքը, ուսումը, ոչ թե արձակուրդային եւ մեռելոցային օրերի պարապուրդը:

Հիմա՝ տեղեկատվական ստերջ օրերին, մամուլի ակումբների գլխավոր թեմաներն են. 1/ թանկացումները, 2/ տոների ժամանակ թունավորումներն ու սրտային խնդիրները, 3/ հետարձակուրդային սինդրոմը: Երկրորդ եւ երրորդ թեմաներն իրար հետ, ինչպես հասկանում եք, սերտորեն կապված են. ավելորդ կալորիաների եւ ալկոհոլի դոզաների ընդունումը, որը մեր հասարակական գիտակցության մեջ ասոցացվում է տոների եւ արձակուրդների հետ, տրամաբանորեն հանգեցնում է խումհարի եւ սթրեսի:
Մամուլի ակումբներ հրավիրված հոգեբաններն ու սոցիոլոգներն իհարկե ավելի խորը բացատրություններ կգտնեն եւ խորհուրդներ կտան դանդաղ, աստիճանաբար վերադառնալու աշխատանքին: Մասնագիտական առումով դա գուցեեւ ճիշտ է, գործնականում, սակայն, ինձ թվում է՝ ավելի նպատակահարմար է ամբողջությամբ «անջատվել» արձակուրդի ժամանակ եւ ամբողջությամբ «միանալ» աշխատանքի վերադառնալիս: Մեր կառավարությունը ճիշտ է վարվել՝ հաջորդ տարվանից աշխատանքային օրերը սահմանելով հունվարի 3-ից: Կյանքը երկու շաբաթով պարալիզացնելը պարզապես անիմաստ է:

Նույն հոգեբանները, բնականաբար, կնշեն, որ հետարձակուրդային սինդրոմը գիտականորեն ապացուցված փաստ է: Չեմ վիճում: Բայց ինձ հայտնի է շատ ավելի վտանգավոր եւ ազդեցիկ համախտանիշ՝ ծուլության եւ այդ ծուլությունը զանազան «օբյեկտիվ» հանգամանքներով արդարացնելու սինդրոմը:

Բազմոցի վրա պառկած փիլիսոփայելն ու կյանքից բողոքելը սովորություն է, որը պետք է հաղթահարել: Առավոտյան առույգ արթնանալն ու, ի հեճուկս ամեն ինչի, գործի մեջ խրվելը նույնպես սովորություն է, որն ամեն մեկն իր մեջ պետք է դաստիարակի: Կարծում եմ՝ մարդու «առեղծվածն» ուսումնասիրող բոլոր մասնագետները դրա հետ համաձայն կլինեն:

 ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031