Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի դատավարության հետքերով. Ալեքսանդր Բոժկո

Հունվար 08,2018 23:50

Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն ծավալուն հոդված է հրապարակել Aravot-ru.am-ում՝ լույս սփռելով Ղարաբաղյան հակամարտության մեջ ուկրաինացի վարձկանների մասնակցության պատմության վրա:

Երկար ժամանակ զբաղեցնելով Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը՝ ես բազմիցս ստիպված էի լինում հայ գործընկերներիցս կշտամբանքներ լսել Ղարաբաղյան պատերազմի տարիներին Ադրբեջանի կողմից կռվող ուկրաինացիների պատճառով։ Այս սուր թեմային նորից անդրադառնում եմ յուրօրինակ տարեդարձի կապակցությամբ․ 20 տարի առաջ՝ 1997 թվականի դեկտեմբերի 16-ին, Կիևի քաղաքային դատարանում սկսվեց Լեռնային Ղարաբաղում 1990-ական թթ․ սկզբին կռված ուկրաինացի վարձկանների դեմ դատական գործընթացը։

Քանի որ Հայաստանում առանձնապես չեն լսել այդ աղմկահարույց գործի մասին, անհրաժեշտ եմ համարում դրա վրա հանգամանորեն կանգ առնել, որպեսզի հայ ընթերցողն ավելի լիարժեք պատկերացում կազմի թե՛ բուն գործընթացի, թե՛ այդ երևույթի նկատմամբ Ուկրաինայի վերաբերմունքի մասին։ Առավել ևս, որ Հայաստանում այս կամ այն ենթատեքստում դուրս է լողում այս թեման, որտեղ Ուկրաինան, երբեմն, քիչ է մնում ներկայացվի որպես ղարաբաղյան հակամարտության շահագրգիռ կողմ։

Գործի էությունը հետևյալն է։ 1994թ․ մայիսին Կիևի Բորիսոպոլ օդանավակայանում ձերբակալվել էր Ուկրաինայի 18 քաղաքացի, որոնք ուղևորվում էին Բաքու, ինչպես հետո պարզվեց Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Նրանց ուղեկցում էր ոմն Վերդիև Ֆիզուլի Գուլուօղլի իր 3 օգնականների հետ։ Նրանց մեղադրեցին վարձկաններ հավաքագրելու մեջ և ձերբակալեցին՝ հետագայում համապատասխան պատժաչափ սահմանելով։ Նրանց կալանքի համար իրավական հիմք ծառայեց Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 63-1 հոդվածը (Վարձկանություն), որն ընդունվել էր բառացիորեն նախօրեին։ Հոդվածը վերաբերում էր նյութական պարգևի կամ անձնական շահի նկատառումներով այլ պետության տարածքում ռազմական գործողություններին մասնակցող անձանց։

Դեռևս 1989թ․ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը, հաշվի առնելով շատ երկրներում վարձկանության ապակայունացնող հետևանքները, ընդունեց Միջազգային կոնվենցիա, որով արգելվում էր վարձկանների հավաքագրումը, օգտագործումն ու մարզումը։ Այդ փաստաթուղթը վավերացրին մոտ տասը աֆրիկյան երկրներ, իսկ եվրոպական երկրներից՝ միայն Ուկրաինան։ Այդպիսով՝ Ուկրաինան այդ ժամանակ դարձավ առաջին և գրեթե միակ նախկին խորհրդային երկիրը, որն օրենսդրությամբ ամրագրեց վարձկանության մասին դրույթը։ Դա համապատասխան մարմիններին թույլ տվեց զբաղվել այդ խնդրով և փորձել կանխել Ուկրաինայի քաղաքացիներին հետխորհրդային տարածքում հակամարտությունների մեջ օգտագործելը։

Ֆիզուլի Վերդիևի և նրա օգնականների ձերբակալությունը հանգեցրեց հավաքագրման հանցավոր ցանցի գործունեության հետագա հետաքննությանը։ Հետաքննությունը, սակայն, ի սկզբանե բախվեց մի շարք դժվարությունների, որոնք բարդացնում էին հնարավոր մեղադրյալներին բացահայտելու գործը։ Օրինակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրադարձությունները տեղի էին ունենում պետության տարածքում, որն առանձնապես շահագրգռված չէր մեղադրյալների գործունեության մասին պատշաճ տեղեկություն տրամադրելու մեջ։

Այսպիսով, որպես արդարացնող փաստաթուղթ շրջանառվում էին պայմանագրեր, որոնք իբր թե կնքվել էին ուկրաինացիների հետ Ադրբեջանի տարածքում ինժեներական կամ շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Գործընթացը բարդացնող որոշակի հանգամանք կարող էր լինել նաև այն, որ դատարանի առջև կանգնած անձանց դեմ ցուցմունք տալով՝ վկաներն իրենք էլ էին մեղադրյալ դառնալու ռիսկին դիմում։ Իսկ Ուկրաինայի ՔՕ վերոնշյալ 63-1 հոդվածով վարձկաններ հավաքագրելն ու արտասահմանում զինված հակամարտություններին մասնակցելը 3-12 տարվա ազատազրկում է սպառնում։

Իսկ այդ հանգամանքը չէր կարող այսպես թե այնպես չանդրադառնալ վկաների վարքի և դատական լսումների պատրաստության վրա։ Արդյունքում գրեթե 3 տարի տևած դատական գործընթացի ֆիգուրանտներ դարձան Ուկրաինայի 5 քաղաքացիներ, որոնց դեմ դատախազության քննիչները կարողացան ծանրակշիռ ապացույցներ հավաքել։ Այս ռեզոնանսային գործի մասշտաբի և բարդության մասին է վկայում, օրինակ, այն փաստը, որ դատական գործի շրջանակում պլանավորվում էր հարցաքննել ավելի քան 100 վկայի։ Դատական գործընթացի, հետաքննության ընթացքում հայտնաբերված փաստաթղթերի քննության, վկաների հարցաքննության արդյունքում քիչ թե շատ ամբողջական պատկեր ստացվեց այն մասին, թե ինչպես էին Ուկրաինայի քաղաքացիներին ներգրավում պատերազմի մեջ։ Պարզվեց, որ հիմնականում նրանց հավաքագրում էին Կիևի և Չերկասիի մարզերի գյուղերից, որոնց բնակիչները գործազրկության պատճառով լավ օրեր չէին ապրում։

Գյուղացիների աշխատանքն ապահովող կոլխոզները ցրվել էին, իսկ  նոր ագրոընկերություններ չէին ստեղծվել։ Այդ պատճառով, երբ գյուղերում հայտնվեցին մարդիկ, որոնք երիտասարդ տղաներին ամսական 300-500 դոլար աշխատավարձով Կովկասի տարածաշրջանում աշխատանք էին առաջարկում, ցանկացողների պակաս չէր զգացվում։ Այն մասին, թե ինչ «աշխատանք» է նրանց սպասում, գլխի էին ընկնում այն եզակիները, որոնցից հավաքագրողները հատկապես շատ էին հետաքրքրվում նրանց բանակային անցյալի մասին։

Ամեն ինչ վերջնականապես պարզ դարձավ, երբ գալով Ադրբեջան, նրանց ուղղակիորեն բացատրեցին, որ նրանք եկել են ոչ թե կառուցելու, այլ պատերազմելու համար, դառնալու այդ ժամանակ արդեն թեժացած հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության փաստացի մասնակից: Իմանալով այդ մասին՝ նրանց մի մասը, ի պատիվ իրենց, կտրականապես հրաժարվեց զենք վերցնել: Իսկ նրանք, ում համար դոլարներն ավելի սիրելի էին, քան իրենց և այլոց կյանքը, ուղարկվեցին ռազմական գործողությունների գոտի: Բայց, պետք է ընդգծել, որ նրանք էլ բավականին շուտ զգոնացան:

Մի քանի ամիս անց՝ ունենալով զոհեր և բազմաթիվ վիրավորներ՝ «Ֆորտունայի զինվորները» խռովություն բարձրացրին և հրաժարվեցին կռվել՝ պահանջելով իրենց վերադարձնել տուն: Բայց վերադարձնելու դեպքում էլ պարզվեց, որ նրանցից շատերին հավաքագրողը չի էլ պատրաստվում վճարել «ուղևորության համար», իսկ զոհերի հարազատներին՝ «թաղման ծախսերը»: Դա բուռն վեճի տեղիք տվեց անբարեխիղճ հավաքագրողների և նրանց ձախորդ հաճախորդների միջև, ինչն էլ ի վերջո գրավեց ուկրաինացի իրավապահպանների ուշադրությունը, որոնք զբաղվում էին այդ տհաճ պատմության քննությամբ:

Շուտով քննիչները դուրս եկան «Ռունա և Քո» մասնավոր ձեռնարկության և դրա սեփականատեր Ֆիդել Կոմարի հետքի վրա, որը պայմանագիր էր կնքել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ՝ նպատակ ունենալով «Ադրբեջանի Հանրապետություն գործուղել ռազմական պրոֆիլի մասնագետների, որոնք անհրաժեշտ են ռազմական առաջադրանքների իրականացման համար…»: Մի քանի շաբաթով, բնականաբար: Այդ անձի հակաիրավական գործողություններն այնքան ակնհայտ էին, որ իրավապահներին այլ բան չէր մնում անել, քան ձերբակալել նրան և նրա մերձավոր շրջապատին` օտարերկրյա պետության օգտին ռազմական հակամարտությանը մասնակցելու համար վարձկաններ հավաքագրելու մեղադրանքով: Հենց նրա կողմից գրանցված «Ռունա և Քո» և «Վիսթ» ընկերություններն էլ հանդիսանում էին այն միջանցքը, որոնց միջոցով իրականացվում էին ադրբեջանական կողմից գումարների փոխանցումը վարձու «մասնագետներին» վճարելու համար: Հենց նրա մոտ էին պահվում նրանց անձնագրերը, որ նա վերցնում էր իր հաճախորդներից՝ նախքան արտասահման ուղարկելը: Սկզբում նա հերքում էր իր մեղավորությունը՝ փորձելով իրեն ներկայացնել որպես գործարար, որը շահագրգռված է միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնմամբ: Իսկ հասկանալով ինչ է իրեն սպառնում Ուկրաինայի Քրեական օրենսգրքի հոդվածը՝ հանուն անձնական շահի կամ նյութական պարգևի զինված հակամարտություններին մասնակցելու համար, Ֆիդել Կոմարը փորձեց իրեն ներկայացնել որպես ծայրահեղական խմբավորումներից մեկի գաղափարական անդամ: Բայց դա հենց անմիջապես հերքվեց այդ քաղաքական ուժերի կողմից:

Ֆիդել Կոմարը ցուցմունք է տալիս դատարանում. «Կիեւսկիե վեդոմոստի»-ի նկարը

Երկարատև դատական լսումների արդյունքում Ֆիդել Կոմարը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման՝ գույքի առգրավմամբ, իսկ նրա 3 ենթակաները՝ 3-6 տարվա ազատազրկման: Դրանով իսկ հերքվեց այն տարածված կարծիքը, որ ռազմական գործողություններում վարձկանների մասնակցության փաստն ապացուցելը չափազանց բարդ է: Բարդ է, բայց հնարավոր է՝ քաղաքական կամքի առկայության դեպքում: Միաժամանակ, այդ կոշտ դատավճռով Ուկրաինան հստակ ազդանշան ուղարկեց այլ երկրներում ռազմական հակամարտություններում ներքաշված բոլոր վարձկաններին՝ ինչ է նրանց սպասվում վերադառնալու դեպքում:

Յուրի Բելիչենկո

Եվ պատահական չէ, որ Ղարաբաղում խփված հայտնի օդաչու Յուրի Բելիչենկոն Ստեփանակերտի բանտից ազատ արձակվելուց հետո մեկնեց Ռուսաստան, որովհետև Ուկրաինայում նրան կսպասվեր ավելի խիստ պատիժ, քան ԼՂՀ-ում: Ցավոք, հենց Ռուսաստանում վարձկանությունը ոչ միայն չի հետապնդվում, այլև օգտագործվում է պետության կողմից այն հարևան երկրների դեմ հիբրիդային պատերազմներում, որոնք փորձում են դուրս գալ իր ազդեցության ուղեծրից: Խորշելի գնդապետ  Վագների (Ուտկին) հարյուրավոր վարձկանների գործողությունները Վրաստանի, ուկրաինական Ղրիմի և Դոնբասի, հիմա նաև Սիրիայի իրադարձություններին դրա վառ ապացույցն են:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031