Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չնայած իմ կալանավորմանը՝ 2017-ին Ղարաբաղ են այցելել կրկնակի շատ զբոսաշրջիկներ, քան 2016-ին». Ալեքսանդր Լապշին. 1in.am

Հունվար 08,2018 22:55

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը «Առաջին լրատվական»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է ամենը, թե ինչ է կատարվել իրականում, ինչպես և ում նախաձեռնությամբ են իր դեմ մարդաորս սկսել, ձերբակալել իրեն, հետո արտահանձնել: Պատմել է ադրբեջանական բանտի մենախցում անցկացրած իր օրերի, այնտեղ տիրող անմարդկային վիճակի, ադրբեջանցի քաղբանտարկյալների բռնաճնշումների և կտտանքների մասին՝ դրանով իսկ նկարագրելով Ադրբեջանի կլանային իշխանությունների իրական դեմքը և քաղաքական իրադրությունն այդ երկրում:

Ղարաբաղյան հիմնահարցի առումով Լապշինն այս ամենից մի եզրակացություն է արել՝ մեծ սխալ կլինի ինչ-որ զիջումներ անել Ադրբեջանի ներկայիս ռեժիմին Ղարաբաղի հարցում. «Ադրբեջանի կողմից տարածվող ատելության քարոզչությունը հայերի նկատմամբ չի ենթադրում երկու ժողովուրդների խաղաղ համակեցության հնարավորություն»:

– Կարծում եք՝ Ձեր դեմ կազմակերպված այս ամբողջ արշավը ինչ-որ կերպ ազդե՞լ է Արցախ օտարերկրացիների այցելությունների և ընդհանրապես այս խնդրի միջազգային ընկալումների վրա:

– Իմ ձերբակալությունը և արտահանձնումը ի սկզբանե եղել են Ադրբեջանի իշխող կլաններից մեկի (Գուլիևների) վրեժի հետևանք, և Ղարաբաղի թեման կցվել է այս պատմությանը՝ դրան քաղաքական աստառ հաղորդելու շատ պարզունակ նպատակով: Գործողությունը մինչև վերջ հաշվարկված չէր, նրանք չէին կանխատեսել մի շարք գործոններ և իրենց հետագա քայլերը, որի պատճառով նրանք չկարողացան որևէ մեկին վախեցնել, որ չայցելեն Ղարաբաղ: Փոխարենը ամբողջ աշխարհով մեկ տարածվեցին ինքնաձիգներով զինված հատուկջոկատայիններով շրջապատված բլոգեր Լապշինի լուսանկարները, որին հատուկ ինքնաթիռով հասցրել են Բաքու միայն այն պատճառով, որ նա 7 տարի առաջ ինչ-որ տեղ է այցելել: Սա կատարյալ վայրենություն է մարդու իրավունքների եվրոպական նորմերի տեսանկյունից: Ադրբեջանը ցուցադրեց իրեն որպես դիկտատուրա, որը հետապնդում է լրագրողներին և չի հանդուրժում այլախոհություն: Ավելի պարզ ասած՝ Ալիևը «կրակեց ինքն իր ոտքին»՝ անգամ մեկ միլիմետր չմոտենալով Ղարաբաղը վերադարձնելու նպատակին, փոխարենը ավելի խորը ընկղմվեց ճահճի մեջ: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա չնայած իմ կալանավորմանը՝ 2017 թվականին Ղարաբաղ են այցելել կրկնակի շատ զբոսաշրջիկներ, քան 2016-ին:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ 1in.am-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031