Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վանկարկել են՝ «Մահ Ռուհանիին». ըստ իրանագետի՝ ցույցերը նախապես կազմակերպվել են ընդդեմ Իրանի նախագահի

Հունվար 08,2018 22:30

Իրանագետ Արտյոմ Տոնոյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Իրանում ընթացող հակակառավարական ցույցերին՝ մի շարք հարցեր մատնանշեց. մասնավորապես, թե որոնք են ցույցերի կազմակերպման դրդապատճառները, ում են դրանք թիրախավորել, և ինչու «նախնական թիրախը» դուրս մնաց ցուցարարների ուշադրությունից։ Փորձագետը նախ հիշեցնում է 2017թ.-ի հունիսի 23-ը, երբ մահմեդականների սրբազան ամսվա՝ Ռամազանի վերջին ուրբաթն էր:

«Այդ ժամանակ հերթական անգամ Իրանում նշվում էր Պաղեստինի ժողովրդի պաշտպանության օրը։ Իսկ դա նշանակում է, որ իրանական շատ քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանում, քայլերթեր էին։ Դրանց, ինչպես միշտ, մասնակցում էին նաև երկրի քաղաքական և հոգևոր ազդեցիկ դեմքերը։ Բնականաբար, քայլերթի էր դուրս եկել նաև Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռուհանին, սակայն հերթական քայլերթը՝ ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի, այդ օրը չունեցավ տրամաբանական ավարտ։ Նախագահը ստիպված եղավ ընդհատել քայլերթը և հեռանալ փողոցից, որովհետև «Մահ Իսրայելին» կոչերի ու վանկարկումների կողքին հանկարծ օդում ճայթեց «Մահ Ռուհանիին» կոչը, բարձր արձագանքվեց և տարածվեց Թեհրանի փողոցներով»,-նշեց Արտյոմ Տոնոյանը:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ միջադեպի շուրջ հետաքննություն սկսելու հանձնարարական տրվեց ԻԻՀ ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլիի կողմից, սակայն միջադեպն այդքանով ավարտվեց՝ առանց դրան քաղաքական հնչեղություն տալու: Բայց վերլուծաբանները, ինչպես Արտյոմ Տոնոյանն է նկատում, հնչած վանկարկման հրահանգիչ համարեցին ԻԻՀ հոգևոր առաջնորդին և ԻՀՊԿ-ին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին՝ դա պայմանավորելով քայլերթի մասնակիցների՝ հիմնականում «բասիջ» (աշխարհազորային) լինելու հանգամանքով։

Իրանագետը դա այսպես է բացատրում. «Մահ Ռուհանիին» կոչը հնչեցնողները ոչ թե ԻԻՀ շարքային քաղաքացիներ էին, այլ հոգևոր առաջնորդարանից տրվող կոչերն այդ օրերին փողոցում հնչեցնելու հանձնարարությունը կատարողներ։ Ուստի տրամաբանական էր, որ ի թիվս այլ վանկարկումների՝ այդ անգամ հրահանգվել էր գոռալ նաև «Մահ Ռուհանիին»։ Ինչո՞ւ։ Հոգևոր առաջնորդի և Ռուհանիի հարաբերությունները ևս հեռու են գործընկերային և թիմային լինելուց՝ այն պարզ պատճառով, որ Ռուհանին իր կառավարման առաջին շրջանում հանդես էր գալիս հայտարարություններով, որոնք, ըստ էության, անմիջականորեն հարվածում էին Իրանում գործող իսլամական կարգին, հարցականի տակ դնում հոգևոր առաջնորդի ինստիտուտի գոյության արդարացի լինելը՝ հաշվի առնելով այսօրվա Իրանում որոշումների ընդունման և կառավարման իրականացման մենակենտրոնության հանգամանքը։

Այլ կերպ ասած՝ Ռուհանին կրկնում էր հետհեղափոխական Իրանի առաջին նախագահ Աբոլհասան Բանիսադրի մտքերը, որոնց պատճառով վերջինիս նկատմամբ ժամանակին անվստահություն արտահայտվեց։ Բանիսադրը հեռացվեց նախագահի պաշտոնից, նրա դեմ սկսվեցին քաղաքական հետապնդումներ: Ի վերջո պատմությունն ավարտվեց Բանիսադրի՝ Իրանից փախուստով։ Ըստ էության, 2017թ.-ին ընտրությունների միջոցով չստացվեց Հասան Ռուհանիին փոխարինել՝ պահպանողական և Ալի Խամենեիի մերձ զինակիցներից Էբրահիմ Ռաիսիով։ Եվ ահա, 2017թ.-ի հունիսին հնչած «Մահ Ռուհանիին» վանկարկումը վեց ամիս անց կրկին հնչեց այս օրերին՝ արդեն ոչ թե Թեհրանում, այլ Իրանի արևելքում՝ Մաշհադ քաղաքում՝ «Ոչ թանկացումներին» կոչերից հետո»:

Իրանագետը հարցադրում է անում. «Արդյոք չէ՞ր կարող այս անգամ ևս հրահանգն իջեցված լինել հոգևոր առաջնորդարանից: Ենթադրաբար, կարող էր, սակայն ի տարբերություն 2017թ.-ի հունիսի, երբ գործող նախագահը անակնկալի էր եկել այդօրինակ կոչից, այս անգամ արդեն նախագահի համար դա հեռու էր անակնկալ լինելուց։ Կարելի է այստեղ տեսական մի ենթադրություն անել. չնայած ցույցերը նախապես կազմակերպվել էին ընդդեմ Հասան Ռուհանիի, սակայն կամ վերջինիս թիմի ջանքերով, կամ գուցե ակամա, դրանք շրջվեցին հոգևոր առաջնորդի և գործող իսլամական կարգերի դեմ, քանի որ «Մահ Ռուհանիին» կոչից հետո Իրանում լսվեցին «Մահ բռնապետին», «Մահ Խամենեիին» կոչերը: Իսկ վերջին օրերին, առհասարակ, հնչող կոչերն ուղղված են գլխավորապես ԻԻՀ հոգևոր առաջնորդի և գործող իսլամական կարգերի դեմ»:

Արտյոմ Տոնոյանի խոսքով, եթե մի կողմ թողնելու լինենք առաջ քաշված և քննարկված մնացած տարբերակները, այդ թվում՝ արտաքին որոշակի միջամտության և նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ ցույցերի կազմակերպման մեջ մասնակցություն ունենալու հավանականությունը, ապա իրադարձությունների զարգացման հաջորդականության այսպիսի ուրվագիծ է հնարավոր նշել.

1.Հոգևոր առաջնորդարանից անմիջականորեն հրահանգված կամ պարզապես այդ կառույցի հետ համաձայնությամբ պահպանողականների կողմից ուղղորդված ցույցեր՝ ընդդեմ Ռուհանիի։

2.Որպես պաշտպանական քայլ՝ գործող նախագահի թիմի կողմից գաղտնի և ոչ անմիջականորեն ցույցերի ուղղորդում ընդդեմ հոգևոր առաջնորդի և իսլամական կարգերի, ինչն այս պարագայում ամենևին դժվար չէր իրագործել։

3.Առկա տնտեսական և քաղաքական խնդիրների պարագայում իրավիճակային զարգացում դեպի գործող համակարգի դեմ բողոքի և անհնազանդության։

Ըստ Արտյոմ Տոնոյանի՝ վերջին կետն է, որ հանրագումարում արտացոլում է իրանական հասարակության մտայնությունն առ այն, թե որտեղից են ծագում տնտեսական և քաղաքական խնդիրները և որտեղ պետք է բարեփոխումներ իրականացնել: «Ի տարբերություն 2009թ.-ի, երբ իրանական հասարակությունը ցանկանում էր պահպանողականների իշխանությունը փոխարինել բարեփոխիչների իշխանությամբ, այսօր արդեն կարծես այլևս հույս չի կապում ո՛չ պահպանողականների, և ո՛չ էլ բարեփոխիչների հետ, այլ ցանկանում է համակարգային շոշափելի բարեփոխումներ՝ կառավարման ձևի փոփոխություն, որոշումների ընդունման մենակենտրոնության վերացում. մի բան, որի մասին խոսում են նաև նախկին ու գործող նախագահները՝ Մահմուդ Ահմադինեժադը և Հասան Ռուհանին՝ դրանով իսկ կրկնելով Աբոլհասան Բանիսադրի փորձը»,-եզրափակեց Արտյոմ Տոնոյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031