Լրահոս
Օրվա լրահոսը

Վառելիքը կամայական են թանկացրել. տնտեսվարողներն ասում են՝ գումարը «կլորացրել են»

Հունվար 08,2018 20:20

Հունվարի 1-ից թանկացել են բենզինը, դիզվառելիքն ու գազը՝ գազալցակայաններում: Պատճառը «Ակցիզային հարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններն են:

Հունվարի 1-ից գործում է այս հարկատեսակի նոր դրույքաչափը:

Ավտոգազալիցքավորման ճնշակայանում սեղմված բնական գազի 1000 խմ-ի ակցիզը 8300 դրամ էր, այս տարվա հունվարի 1-ից փոփոխությունների արդյունքում այն դարձել է 25000 դրամ: Այսինքն՝ 1 խմ-ի ակցիզային հարկը 16,7 դրամով է բարձրացել: Սակայն տնտեսվարողները 1 խմ գազը ոչ թե 16,7 դրամով են թանկացրել, այլ՝ 20 դրամով:

Aravot.am-ը մայրաքաղաքում եւ մարզերում գործող մոտ 20 գազալցակայանների աշխատակիցներից հետաքրքրվեց՝ թե ինչո՞ւ են հենց 20 դրամով թանկացրել գազը, եթե այն 16,7 դրամով է ըստ ակցիազային հարկի թանկացել: Պատասխանները որոշ դեպքերում զավեշտալի էին: Ոմանք պատասխանեցին՝ «Բոլորը 20 դրամով թանկացրեցին, մենք էլ էդքանով թանկացրինք»: Ոմանք էլ ասացին՝ «Կլորացրած թիվ ենք դրել, 16,7 դրամը ո՞րս ա»:

Արդեն 1 շաբաթ է, ինչ այս թանկացումները գործում են, սակայն պետական որեւէ կառույց հայտարարությամբ հանդես չի եկել՝ արդյոք այս թանկացումները ակցիզային հարկի դրույքաչափի փոփոխությանը համարժեք ու համապատասխա՞ն են:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս ոլորտում եթե որեւէ պետական կառույց խնդրին պետք է անդրադառնա, ապա դա տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է՝ ՏՄՊՊՀ-ն. «Որովհետեւ սահմանափակ քանակությամբ տնտեսվարողներ կարող են համատեղ որոշում կայացնեն, այստեղ այնպես չէ, որ շատ մեծ շուկա է: Գների մասով ՏՄՊՊՀ-ն կարող են գերիշխող դիրք զբաղեցնողների մոտ ուսումնասիրություն անել: Բայց այս հանձնաժողովը, թերևս, միակ կառույցն է, որ կարող է գնի մոնիտորինգ անել, բայց ոչ թե սանկցիա կիրառել: Մոնիտորինգ անի, հրապարակի տվյալները, բայց այն դեպքում, եթե պետության քաղաքականության հիմքում այն է, որ իրեն հետաքրքրում եւ մտահոգում է քաղաքացին: Այսինքն՝ ոչ թե գնան ասեն՝ ինչո՞ւ եք թանկացրել, սանկցիա կկիրառենք հեսա, այլ ուղղակի թանկացման հիմնավորումը բացահայտեն»:

Պիպոյանի ներկայացմամբ՝ երբ նման գնաճ է տեղի ունենում, պետությունը տնտեսվարողներին «մեսիջ» հղի, որ իրեն նման թանկացումները դուր չեն գալիս. «Պետությունն ի սկզբանե պետք է հայտարարություն աներ, որ իրական թանկացումն այսքան պետք է լինի, ոչ թե այն, ինչ հիմա կա: Ի վերջո, մեր երկրում շատ հարցեր ոչ թե իրավական դաշտում, այլ ներքին կարգով են լուծվում»:

Ինչ վերաբերում է բենզինի թանկացմանը, ապա Պիպոյանն ասում է, այստեղ խնդիրն այլ է. «Նախորդ թանկացման ժամանակ էլ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրեց ու ասեց՝ թանկացումը հիմնավոր է, բայց մենք գիտենք, որ թղթերով այդպես են ձեւակերպում: Ասենք՝ ցույց են տալիս, որ 280 դրամով են գնել, վաճառել 380 դրամով: Այստեղ կարգավորումն այլ կերպ պիտի լինի: Օրինակ՝ այն, որ վարչապետն ունի բիզնես ակումբ, այլ երկրներում էլ կան, եւ այնտեղ արդյունավետ են գործում: Բիզնես ակումբն այն է, երբ օրինակ վերցնենք բենզինի շուկան. երբ մարդը հասկանում է, որ տնտեսվարողը թղթով ձեւակերպել է ու ցույց է տալիս, որ ինքը գնել է 280 դրամով վաճառում է 380-ով, ու խախտում չի անում, ինքը նայում է ու ասում՝ 220 ով գնելու հնարավորություն չունե՞ս: Երբ տեսնում է, որ ուներ այդ հնարավորությունը, բայց ուղղակի թղթերն է սիրուն սարքած, ապա բիզնես ակումբի անդամներից 2-3-ին ասում է՝ գնացեք կարգավորեք շուկան եւ գինը: Այսինքն՝ ընկերական հանձնարարում է շուկան պահել այնպես որ խաղի կանոն թելադրվի: Կան խնդիրներ, որոնք այս կարգով են լուծվում: Եթե այսպես չարվի, խնդիրը չի լուծվելու»:

Պիպոյանի կարծիքով 2017-ին արձանագրած մոտ 7 % տնտեսական աճը քաղաքացու վրա բացասական է ազդել. «Որովհետեւ, եթե նվազագույն զամբյուղի ապրանքները, որոնք մենք ամեն օր գնում ենք, գնաճի են ենթարկվել ոչ թե 0. 8%, այլ միջինում՝ 20%, ու նվազագույն աշխատավարձի ու կենսաթոշակի բարձրացում չի եղել, բնականաբար, 7% տնտեսական աճի պայմաններում 20% գնաճը կյանքի վատացման ռիթմ է, ոչ թե՝ լավացման»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031