Լրահոս
Օրվա լրահոսը

«Անիի գերեզմանով եմ երդվում՝ եթե ցմահ չտաք նրան, մինչեւ Եվրադատարան գնալու եմ». սպանված Անի Մաջնունյանի մայր

Հունվար 08,2018 17:10

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դատական վիճաբանությունների փուլում այսօր մեղադրող կողմը միջնորդեց 20 տարվա ազատազրկման դատապարտել էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող ռեժիսոր, «Յանուս» արտիստական թատրոնի երիտասարդ ղեկավար Մուշեղ Մխիթարյանին: Ճառով հանդես եկավ նաեւ գործով տուժող Լորետա Գոլմիյանը՝ Անի Մաջնունյանի տարեց մայրը:

«Եթե օրենքներն անտեսենք, այսպես շարունակվելու է: Այսօր Անին է, վաղը մեկ ուրիշը կլինի…Անիից հետո մի տղամարդ կտրեց իր կնոջ վիզը, հետո մեկ այլ ամուսին կացնահարեց կնոջը…բայց Անիի մահը նրանց նման չէր: Անին ազնիվ, բարի անձնավորություն էր, նա միայնակ էր, մեկ մայր ու եղբայր ուներ: Մենք չունենք հարազատներ ու բարեկամներ: Նա (նկատի ունի մեղադրյալ Մուշեղ Մխիթարյանին) օգտվեց այն հանգամանքից, որ Անին մենակ է»,-համոզմունք հայտնեց Լորետա Գոլմիյանը:

Նա շարունակեց. «Նա ամիսներով կողոպտեց Անիին, հետո խաբեբայաբար սկսեց փողերը շորթել՝ ասելով, թե հիվանդ է: Անիս էլ ասում էր՝ «ոչինչ, երեխա-լակոտ է, թող բուժվի»…այդպես նա Անիից միլիոններ էր տանում: Խաբում էր, թե ֆիլմ է նկարում, որում Անին էլ պետք է խաղար, ու այդպես փողերը տանում էր, Անին էլ տալիս էր»:

Ապա դիմելով Մուշեղ Մխիթարյանին՝ տիկինը նրա հասցեին մեղադրանքներ հնչեցրեց. «Հինգ միլիոնը ես ինքս եմ շարել այն տեղը, որտեղ խառնել էիր: Գոնե սպասեիր Անիս հոգին ավանդեր, նոր շորերը քանդեիր-լցնեիր դիակի վրա ու փող փնտրեիր»:

Հիշելով կատարվածը՝ վատառողջ Լորետա Գոլմիյանն անընդհատ հուզվում էր ու լաց լինում. «Դու կոտրել ես Անիի ձեռքերի ոսկերները, որ նա չկարողանար պայքարել: Նա մի կերպ հասել է սենյակի դռանը, ձեռքը բարձրացրել դեպի բռնակը, ու դռան վրա արյան հետքն այդպես էլ մնացել է: Մինչ օրս չի անցնում, ոնց լվանում եմ, չի մաքրվում… Տղաս մինչ օրս հիշողության կորուստներ է ունենում այն բանից հետո, երբ տեսավ Անիի դիակը, իսկ ես լսողությունս եւ տեսողությունս կորցրի…այնքա՜ն «Անի ջան» գոռացի…Դու ոչ թե մի, այլ երեք հանցանք ես գործել. մեկը Անիս, մեկը ես, որ չկամ, մյուսն էլ տղաս»:

Լորետա Գոլմիյանն էլ, ինչպես իր շահերի ներկայացուցիչը, դատարանից պահանջեց ցմահ ազատազրկման դատապարտել Մուշեղ Մխիթարյանին: «Անիի գերեզմանով եմ երդվում՝ եթե ցմահ չտաք նրան, մինչեւ Եվրադատարան գնալու եմ: Բնակարանս կծախեմ, բայց կհասնեմ Եվրադատարան»,-հայտարարեց նա:

Հավելենք, որ առաջիկա նիստերում արտահայտվելու հնարավորություն կունենա նաեւ մեղադրյալ Մուշեղ Մխիթարյանը: Այս գործով հաջորդ նիստերը կկայանան հունվարի 30-ին, ժամը 15:00-ին, փետրվարի 12-ին, ժամը 13:00-ին եւ փետրվարի 19-ին՝ 13:00-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

(Լուսանկարում՝ Անի Մաջնունյանի մայրը՝ Լորետա Գոլմիյանը)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031