Լրահոս
Օրվա լրահոսը

Զինակոչիկի մայրը՝ Մովսես Հակոբյանին. «Իմ ճրագն է, ուղղակի խնդրում ենք՝ ոնց տալիս ենք, այդպես էլ վերադարձրեք» (Տեսանյութ)

Հունվար 08,2018 17:00

2018-ի առաջին զորակոչն էր այսօր եւ առաջին 26 զինակոչիկները հանրապետական կենտրոնական հավաքակայանում լսեցին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի խորհուրդները: Նա ոգեւորեց զինակոչիկներին եւ արդեն զինվորական հանդերձանքով ուղեկցեց իրենց ծնողների, հարազատների մոտ: Մինչ այդ նա կատակեց՝ համազգեստներդ ուղղեք, զգաստ, հպարտ ներկայացեք ծնողներին, առաջին անգամ են ձեզ տեսնում այս հանդերձանքով, պիտի տեսնեն ու «յան տան», գնան իրենց գործին:

Նա բացատրեց, թե ինչ է կատարվելու ծնողի հետ այդ հանդիպմանը. «Չվազեք փաթաթվեք, սկզբից չեն ճանաչելու, մինչեւ ջոկեն, բան անեն, կգնանք»:

Առաջին հանդիպումը զինվորների ու ծնողների, ինչպես միշտ, շատ հուզիչ էր, նրանք ոգեւորում էին միմյանց, արտասվում, գրկախառնվում, ձեռքով անում:

Զինակոչիկներից մեկի մայրը արտասվում էր, նա Մովսես Հակոբյանին ասաց, որ տղան միակողմանի ծնողազուրկ է, Հակոբյանը վկայակոչեց օրենքը:

ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ծնողներին հարցրեց՝ ի՞նչն է ձեզ մտահոգում՝ բանակ գնալու հետ կապված: Մի մայր պատասխանեց. «Իմ մինուճարն է, ես այդ մի տղան ունեմ ու մենակ եմ մնալու, դա է մտահոգում»: Մովսես Հակոբյանն էլ պատասխանեց. «Ո՞նց ես մենակ մնալու, ամբողջ բանակը դառնում են քո տղաները, ոչ թե մենակ ես մնալու, այլ քո տղաները շատանալու են»: Մայրը արցունքն աչքերին նայեց Հակոբյանին ու խնդրեց. «Իմ ճրագն է, ուղղակի խնդրում ենք՝ ոնց տալիս ենք, այդպես էլ վերադարձրեք»: Մովսես Հակոբյանը ի պատասխան վստահեցրեց. «Մենք ավելի լավ ենք ձեզ վերադարձնելու, ավելի լավ տղա են դառնալու»:

Ծնողներից մեկը հետաքրքրվեց՝ մեր մեծ տղան ծառայում է Մեղրիում, միջնեկ տղաս այսօր գնում է բանակ, կարո՞ղ եք այնպես անել, որ իրար հետ ծառայեն: Հակոբյանը պատասխանեց. «Օրենքը այսօր թույլ չի տալիս»: Ծնողը բողոքեց. «Կարելի՞ է այդ օրենքը այնպես անել, որ մի քիչ էլ մեզ հասանելի լինի: Ո՞նց կարան, եթե երեխան արդեն ծառայում է 17 ամիս, մեկ-երկու օրվա համար…էդ օրենքը կարելի է մշակել նորմալ ձեւով»: Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Շատ երկար մտածել ենք ու մշակել ենք»: Հակոբյանին հարցնում էին՝ չի՞ կարող չծառայել, եթե խնամքին 3 տարեկան քույր ունի, Հակոբյանը վստահեցրեց, որ օրենքի տառը պահպանում են. «Ամեն պարագայում կարգը սահմանված է»:

Զինակոչիկներից մեկի հարազատն էլ հարցրեց՝ «3 եղբայրները ծառայել են, չորրորդը հիմա գնում է բանակ, հայրը պատերազմի հաշմանդամ է, իրենք բազմազավակ են, բա հիմա այդ երեխայի հարցերը ո՞նց եք բան անում»: Մովսես Հակոբյանը պատասխանեց՝ ինչո՞վ է նա տարբերվում, ինչո՞ւ պիտի տարբերվի: Դիտարկմանը, որ արդեն 3 եղբայր ունի ծառայած, հալալ չէ՞ր կոմունիստների ժամանակներին, երկու եղբայր ծառայում էին, երրորդը չէր գնում բանակ՝ Հակոբյանը արձագանքեց. «Ամեն տղա իր համար է ծառայում, դու քո եղբոր համա՞ր ես ծառայել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031