Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դատական վիճաբանությունների փուլում այսօր մեղադրող կողմը միջնորդեց 20 տարվա ազատազրկման դատապարտել էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող ռեժիսոր, «Յանուս» արտիստական թատրոնի երիտասարդ ղեկավար Մուշեղ Մխիթարյանին: Ճառով հանդես եկավ նաեւ գործով տուժող Լորետա Գոլմիյանի (Անի Մաջնունյանի մայրը) շահերի ներկայացուցիչ, փաստաբան Թամարա Բաղդասարյանը:
«Բառերով հնարավոր չէ նկարագրել այն վրդովմունքը, որն առաջացնում է Անի Մաջնունյանի բարբարոսաբար կատարված սպանությունը: Հարց է առաջանում՝ քսան տարին ի՞նչ է, որ…արդյոք այն կարո՞ղ է մխիթարել Անի Մաջնունյանի զառամյալ մորը, հարազատներին ու ընկերներին: Դժվար է ասել, թե մեղադրյալը բանտում անցկացրած տարիներից ինչ կքաղի, բայց Անի Մաջնունյանն այլեւս երբեք չի վերադառնա, դրա հետ հաշտվելն է դժվար»,-իր ճառն այսպես սկսեց Թամարա Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ մեղադրյալի աթոռին Մուշեղ Մխիթարյանը միայնակ չպետք է լիներ. «Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեին: Տեղի ունեցածն անմարդկային հանցանք է, հիմնական կատարողը՝ հայտնաբերված, եւ նա պետք է պատժվի»:
Թամարա Բաղդասարյանը շեշտեց, որ Մուշեղ Մխիթարյանը առանձնակի դաժանությամբ է սպանել Անի Մաջնունյանին՝ նրա կենսական կարեւոր նշանակության օրգաններին հասցնելով դանակի 59 հարված. «Նա գործել է ուղղակի դիտավորությամբ եւ նախատեսել է մահ պատճառելու անխուսափելիությունը: Նա դեռ մտորումների մեջ է այն հանգամանքի շուրջ, որ Անի Մաջնունյանի բնակարանից հետագայում այլ գումար է հայտնաբերվել»:
Փաստաբանը նկատի ունի այն, որ Անի Մաջնունյանի սպանությունից հետո նրա բնակարանում խոշոր չափի գումար է հայտնաբերվել, եւ ըստ Բաղդասարյանի՝ Մուշեղ Մխիթարյանը մտածում է, թե ինչպես այդ գումարի պահման վայրը վրիպեց իր ուշադրությունից:
Թամարա Բաղդասարյանն իր հերթին դատարանին միջնորդեց Մուշեղ Մխիթարյանին դատապարտել ցմահ ազատազրկման: Հավելենք, որ առաջիկա նիստերում արտահայտվելու իրավունք հնարավորություն կունենա նաեւ մեղադրյալ Մուշեղ Մխիթարյանը:
(Լուսանկարում՝ Անի Մաջնունյանի մայրը՝ Լորետա Գոլմիյանը)
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ