Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուխով, մա՛մ ջան, ժպտա՛, պապ ջան». Առաջին զորակոչը եւ Մովսես Հակոբյանի խորհուրդները՝ զինակոչիկներին (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հունվար 08,2018 16:29

«Դուխով, մա՛մ ջան, ժպտա՛, պապ ջան»,- այսօր այս տարվա առաջին զորակոչն էր եւ բանակ գնացող զինակոչիկները այսպես սրբում էին իրենց ճանապարհող ծնողների արցունքներն ու ոգեւորում նրանց:

ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ու ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը զինակոչիկների հետ կարճատեւ զրույց ունեցան, նրանց փոխանցեցին առաջին խորհուրդները: Առաջին խորհուրդը, որ տվեց Մովսես Հակոբյանը նրանց՝ լրագրողներից զգուշանալն է, նա ուղղեց զինվորի պարանոցից կախված համարանիշը՝ ասելով՝ «Լրագրողները կտեսնեն, նրանք շատ վտանգավոր են»: Արտակ Զաքարյանն ասաց, որ զգույշ լինեն՝ ձեռնոցները չկորցնեն. «Կորելու խասյաթ ունեն»:

Զաքարյանը հարցրեց՝ մենակ անկեղծ ասեք՝ ի՞նչն է ձեզ հիմա մտահոգում՝ բանակ գնալիս: Զինակոչիկներից մեկը պատասխանեց՝ «որ տանը մեկը սպասում է»: Մովսես Հակոբյանն էլ արձագանքեց. «Միշտ այդպես պիտի լինի, բանակից հետո էլ է այդպես՝ միշտ ձեր տանը մեկը պիտի սպասի՝ կամ մայրդ, կամ հայրդ, կամ սիրած աղջիկդ, կամ երեխադ: Ամբողջ կյանքդ, երբ չափահաս ես դարձել, ինչ-որ մեկը քեզ սպասելու է, դա պատասխանատվություն է մարդու մոտ առաջացնում, երբ իրեն ինչ-որ մեկը սպասում է»:

Փոխնախարարը պատմեց, որ երբ արդեն զորացրվող զինվորներին հարցրել է՝ ի՞նչն է քեզ բանակի հետ կապում, պատասխանել է՝ կարոտը. «Ասաց՝ երբ գալիս էի բանակ, մտածում էի, որ կարոտելու եմ տնեցիներին, հիմա մտածում եմ, որ այստեղ ամեն ինչ կարոտելու եմ՝ եւ զինվորական անցուդարձը եւ զինծառայակիցներին ու շատ անկեղծ էր ասում»:

Մովսես Հակոբյանն էլ պատմեց, որ զորացրված զինվորներին երբ հանդիպել է, ասել է՝ գիտե՞ս ինչ է փոխվել զորամասում, պարզվել է, որ նա կապը պահում է, ամեն ինչ իմացել է՝ ով է հրամանատարը, ինչով են զբաղված, ինչ նոր կարգ են մտցրել բանակում. «Շատ դրական է, որ քառօրյա պատերազմի ժամանակ մի մեծ մասսա զորացրված զինվորների միանգամից գնացին իրենց զորամասեր՝ իրենց ընկերների մոտ: Երեւի ձեր ծնողները ամենից մոտ ընկերներին ասում են՝ բանակիս ընկերն է, դուք էլ եք այդպես ասելու»:

Մովսես Հակոբյանն ու Արտակ Զաքարյանը զինվորների հետ խոսեցին նաեւ զինվորական հանդերձանքի մասին, հարցրեցին, թե քանի՞ րոպեում պատրաստվեցին, զինվորական կոշիկները հե՞շտ հագան: Լրագրողների հարցին, թե քանի՞րոպեում պետք է պատրաստ լինեն՝ Հակոբյանը պատասխանեց, որ երբ ասեն, ցավոք, թշնամին չի սպասում, նորմատիվ չկա, բայց ցանկացած զինծառայող պետք է արագ հանդերձավորվի, կարգի բերի ուսապարկը, զենքը: Զինվորը պիտի պատրաստ լինի թուրքին դեմ առ դեմ կանգնելու, միայն գեղեցիկ շորեր հագնելով չի՝ զգուշացրեց Հակոբյանը:

Արտակ Զաքարյանը հարցրեց զորակոչիկներին՝ ի՞նչն է ձեզ համար ամենակարեւոր բանը բանակում: Մեկը պատասխանեց, որ զգոնությունը, մյուսը՝ մաքրությունը: Զաքարյանն ասաց, որ այդ ամենը միասին պատասխանատվություն է, դուք պատասխանատվություն եք կրելու պետության անվտանգության, սահմանների պաշտպանության եւ անձեռնմխելիության համար, իսկ դա ամենակարեւոր աշխատանքն է:

Մովսես Հակոբյանը բացատրեց, թե ինչ է պաշտպանությունը եւ զինվորներին ասաց. «Բանակի այն հատվածը, որը ձեզ է վստահված, դրա խաթարման կամ ճեղքման պարագայում մեր հայրենիքը կարող է կործանվել: Լավ եք, չէ,՞ ծառայելու, տրամադրություններդ լավ է, ձեզ բարի ծառայություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031