Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս հաղթահարել հետտոնական սթրեսները. Հոգեբանը խորհուրդներ է տալիս

Հունվար 08,2018 16:15

Տոնական օրերին մարդիկ պլանավորում են հանգստանալ, վայելել տոնը։ Սակայն, Ամանորին պատրաստվելիս շատերը մեծ հոգեկան եւ ֆիզիկական էներգիա են ծախսում, ինչն այդ օրերին հոգնածության զգացողություն է առաջացնում։

– Քիչ չեն այն մարդիկ, որոնք անգամ տոնական օրերին մտահոգված են գումար վաստակելու խնդրով, քանի որ տոներին նախապատրաստվելիս յուրաքանչյուրն իր ընտանեկան բյուջեից մեծ գումար է ծախսում։ Մյուս կողմից էլ նրանք, ովքեր ծանրաբեռնված են աշխատել հատկապես դեկտեմբերին, տոնական օրերին չեն կարողանում հանգիստ ռիթմին հարմարվել, ինչը առաջացնում է ոմանց մոտ ներքին կոնֆլիկտ՝ ցանկությունների եւ սովորությունների միջեւ։ Ոմանք էլ սպասում են ամանորյա հրաշքի կամ Ամանորը ընկալում են որպես նոր կյանքի սկիզբ, նոր նպատակների եւ ցանկությունների մեկնարկ՝ թարմ ուժերով,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Նարինե Մովսիսյանը:

Լուսանկարը՝ Արարատյան բակալավրիատի ֆեյսբուքյան էջի

Հոգեբանի խոսքով տոներից ու արձակուրդներից հետո, հաճախ մարդիկ ընկնում են հետտոնական սթրեսների մեջ: Նարինեն ասում է, որպեսզի բնականոն կյանքին անցումը համեմատաբար հեշտ լինի, պետք է տոների ընթացքում եւս հետեւել սննդին եւ ռեժիմին. «Հետտոնական սթրեսից խուսափելու կամ դրանից ազատվելու համար փորձեք գիտակցել դրա առաջացման պատճառները, որոնք ամեն մեկի մոտ դրսեւորվում են յուրովի։ Սեփական վարքը, մտքերը կարելի է կառավարել, եթե այն գիտակցվում է: Կարելի է նաեւ ուշադրություն դարձնել քնի եւ սնվելու ռեժիմին: Որպեսզի «նոր կյանքին» անցումը ստացվի, հարկավոր է դնել իրական նպատակներ, պլանավորել գործողություններն ու ժամանակը, նաև հնարավոր ձախողումները»։

Շատերը արձակուրդներից հետո աշխատանքային ռեժիմին վերադառնալիս որոշակի խնդիրների առաջ են կանգնում: Որպեսզի հանգստից հետո կարողանանք անցնել բնականոն աշխատանքային կյանքին հոգեբանը մի քանի խորհուրդներ է առանձնացնում. «Ընդհանուր աշխատանքին անցնելու համար պետք է, որ տոն օրերին ոչ թե տրվեն ալարկոտության, ամբողջ օրը պառկած անցկացնեն, կամ նստեն միայն հեռուստացույց նայեն եւ տեղից չշարժվեն ու անցնեն պասիվ վիճակի, այլ պետք է ֆիզիկական ակտիվություն ցուցաբերեն եւ կյանքից հեռու չմնան: Մարդիկ պետք է չափազանցված նպատակներ չդնեն, որպեսզի հետո, եթե հանկարծ չհասնեն այդ ամենին, հիասթափություն չլինի: Սկզբնական շրջանում խորհուրդ է տրվում, որ թղթի վրա գրեն գործողություններ, թե այս մի քանի օրվա մեջ իրենք ինչ աշխատանք ունեն անելու: Հաճախ խորհուրդ է տրվում սկսել դժվար աշխատանքից, քանի որ, երբ դժվար աշխատանքը կատարում ես, հետո հեշտ աշխատանքն ավելի հեշտ է ընթանում: Բայց տոներից հետո կարելի է սկսել ավելի հեշտ ու թեթեւ գործողություններից, որոնք կարելի է ավելի արագ ավարտին հասցնել եւ դրանով ունենալ հոգեկան բավարարվածություն»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031