Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Մեղադրող-դատախազը միջնորդեց 20 տարվա ազատազրկման դատապարտել Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվողին

Հունվար 08,2018 16:07

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով հերթական դատական նիստն էր: Հիշեցնենք, որ նրա սպանության մեջ մեղադրվում է «Յանուս» արտիստական թատրոնի երիտասարդ տնօրեն Մուշեղ (Մոս) Մխիթարյանը:

Այսօր մեղադրող-դատախազն ընթերցեց մեղադրական ճառը, որում նախ ներկայացված են դեպքի հանգամանքները: Մեղադրական ճառում նշված է, որ 2015թ. Անի Մաջնունյանն իր բնակարանում հայտնաբերվել է բերանքսիվայր վիճակում՝ մարմնի տարբեր մասերում սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով. «Խառնված են եղել սենյակի իրերը, անկողնային պարագաները, դարակները: Անի Մաջնունյանի կրծքային հատվածում հայտնաբերվել է դանակի շեղբ»:

Ճառում ասվում է, որ Մուշեղ Մխիթարյանը ներկայացել է որպես արվեստի բնագավառի անձանց հետ շփումներ ունեցող մարդ, պարզել է Անի Մաջնունյանի հեռախոսահամարը եւ կապվել նրա հետ՝ ծանոթներից մեկի հետ այցելելու նպատակով. «Նրանք սկսել են առավել հաճախ շփվել, գտնվել են սիրային հարաբերությունների մեջ: Ներկայանալով որպես թատրոնի եւ արվեստի մարդ՝ Մուշեղ Մխիթարյանն իր գործունեության համար գումարներ է խնդրել Անի Մաջնունյանից ու ստացել: Նա տեղյակ է եղել, որ Մաջնունյանը տանը մշտապես գումար ունի, որոշել է սպանել նրան եւ գումարները հափշտակել»:

Ըստ գործում առկա տվյալների՝ Մուշեղ Մխիթարյանը Մաջնունյանի ննջարանում հարձակվել է նրա վրա, դանակով ու բութ առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել գլխին, դեմքին, պարանոցին, կրծքավանդակին՝ պատճառելով վնասվածքներ. արյունազեղումները հանգեցրել են մահվան:

«Բնակարանը տակնուվրա անելով՝ նա հափշտակել է 2 վզնոց, կախազարդով վզնոց, 2 կախազարդ, 2 շղթա՝ ընդհանուր 44 000 դրամ արժողությամբ: Հանցագործության հետքերը վերացնելու նպատակով նա հափշտակել է Մաջնունյանի բջջային հեռախոսները, փակել բնակարանի դուռը եւ հեռացել գործով վկա Աննա Միսակյանի հետ: Հետագայում հեռախոսները նետել է ծխատարը: Հաջորդ օրը գերեզմանատանը նա բենզինով այրել է դեպքի ժամանակ իր հագին եղած հագուստները»,-ընթերցեց մեղադրող-դատախազը:

Այսպիսով, նա դատարանին միջնորդեց Մուշեղ Մխիթարյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել ազատազրկման՝ 20 տարի ժամկետով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Այլ մանրամասները՝ քիչ ուշ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031