Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւ Սամուելյանը պնդում է. «Գտածոները գանձագողության արդյունքում են ի հայտ եկել»

Հունվար 08,2018 15:23

Aravot.am-ը նամակ է ստացել Սեւակ Սաֆարյանից, որը մասնավորապես գրել է. «2016 թվականի ապրիլ ամսին, երբ հնագետ Հակոբ Սիմոնյանը Կապան քաղաքից գանձերը իր հետ բերեց, ինձ խոստացան, թե կփոխհատուցեն հայտնագործության համար: Անցել է երկու տարի, եւ ես ոչ մի դրական պատասխան նրանց կողմից չեմ ստացել: Հակոբ Սիմոնյանը նույնիսկ հայհոյեց ինձ` ասելով, որ գումարը պահանջեմ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանից, քանի որ իր մոտ գանձ չկա»:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը խնդրի վերաբերյալ նշեց. «Այդ գտածոները գանձագողության արդյունքում են ի հայտ եկել` ավերելով հայտնի չէ, թե ինչքան դամբարաններ: Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող գիտահետազոտական կենտրոնն ուսումնասիրել է, եւ արդեն նամակ ունենք գրած Սյունիքի երկրագիտական թանգարանին, որպեսզի իրենք վերցնեն դրանք, սակայն դեռեւս պատասխան չունենք: Ընդ որում, նամակը շատ ավելի վաղ է գրվել, քան 2017 թվականը, նաեւ բազմաթիվ անգամներ հեռախոսազրույցներ են եղել կենտրոնի եւ Երկրագիտական թանգարանի տնօրենների միջեւ, որպեսզի գան-վերցնեն: Ամեն մի գտածո, որ Հայաստանի Հանրապետության տարածքում է, պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Պետությունն, ի դեմս մշակույթի նախարարության, ծախս է արել, վերականգնել է գտածոները եւ այժմ պատրաստ է դրանք հանձնել մարզային երկրագիտական թանգարանին»:

Հիշեցնենք, որ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը 2016 թ ապրիլին կայացած ասուլիսում հայտարարել էր, որ Սյունիքի մարզում գանձագողության շնորհիվ Վանի թագավորության ժամանակաշրջանի արժեքավոր գտածոներ են հայտնաբերվել:

Դրանից հետո «Առավոտին» էր դիմել Սեւակ Սաֆարյանը՝ պնդելով, որ Հակոբ Սիմոնյանի՝ ասուլիսում հայտնած տեղեկությունները վերաբերում են իրեն, եւ կատարվածը գանձագողություն են որակում, որ իրեն չփոխհատուցեն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031