Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործեր` ՀՀ քննչական կոմիտեի և ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ

Հունվար 08,2018 14:26
qreakan

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնցից 3-ը վերաբերում են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպքերին:

Այսպես, Ս. Ի.-ն հաղորդում է տվել, որ Երևան քաղաքի գիշերային ակումբներից մեկում իր մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործով ցուցմունք է տվել, որ միջադեպի ժամանակ ինքն ու ակումբի այցելուներից երկու երիտասարդներ հայհոյել և հարվածներ են հասցրել միմյանց: Նախաքննության ընթացքում հիշյալ գործը քննող` ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչն իրեն հայտնել է, որ քրեական պատասխանատվության չենթարկվելու և գործը փակելու համար անհրաժեշտ է փոխել իր ցուցմունքները` վստահեցնելով, որ քրեական գործով անցնող մյուս անձինք նույնպես փոխելու են իրենց ցուցմունքները: Այդ նպատակով քննիչը Ս. Ի.-ի անունից նոր ցուցմունք է գրել, թե, իբր, ակումբում լուրջ վիճաբանություն տեղի չի ունեցել, և վերջինս, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նախկինում հայտնել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ:

Ես մեկ քրեական գործ էլ հարուցվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: Մասնավորապես, 13.12.2017թ.-ին կայացած դատական նիստի ընթացքում քրեական գործով վկա Է. Ս.-ն ցուցմունք է տվել, որ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հիշյալ քրեական գործով նախաքննության ժամանակ կատարված առերեսման ընթացքում Հ. Ա.-ն ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով` ծեծի է ենթարկել իրեն, սակայն քննիչը հրաժարվել է արձանագրել այդ հանգամանքը` պատճառաբանելով, որ շտապում է դեպքի վայր:

Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: Մասնավորապես, համաձայն քրեական գործի նյութերի, դատարանի կողմից 23.12.2014թ.-ին տրված կատարողական թերթով «Գեղամ Տրանս» ընկերությանը պարտավորեցվել է քանդել մեկ այլ ընկերությանը պատկանող` Արագածոտնի մարզում գտնվող հողատարածքի վրա կառուցած ինքնակամ շինությունները:

Հիշյալ կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿ ծառայության Արագածոտնի մարզային բաժնի հարկադիր կատարողը 03.08.2015թ.-ին հարուցել է կատարողական վարույթ, սակայն, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, տևական ժամանակ` ավելի քան 1 տարի 9 ամիս, կատարողական թերթի պահանջը կատարելու ուղղությամբ որևէ գործողություն չի իրականացրել, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պահանջատիրոջ իրավունքներին և օրինական շահերին: Բացի այդ, վերը նշված դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով հնարավոր չի եղել «Գեղամ Տրանս» ընկերության տնօրենին քրեական պատասխանատվության ենթարկել` վաղեմության ժամկետներն արդեն անցած լինելու պատճառով:

ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031