«Վիգեն Սարգսյանը՝ որպես ՊՆ նախարար առաջին հերթին խախտում է սահմանադրականության սկզբունքը, որ եկեղեցին անջատ է պետությունից»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով պաշտպանության նախարարների՝ եկեղեցական հանդիսություններին մասնակցությանը՝ այսպիսի կարծիք հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Ըստ նրա՝ այն դրույթը, թե Հայ առաքելական եկեղեցին պատասխանատու դեր ունի հայ ժողովրդի կյանքում, չի կարող հիմք լինել ՊՆ նախարարի կողմից նման վարքագծի դրսևորման համար: Արթուր Սաքունցը շեշտեց՝ սահմանադրական կարգի հիմք է հանդիսանում պետությունը և եկեղեցին անջատ լինելու դրույթը:
Արթուր Սաքունցի համոզմամբ՝ երևույթն անընդունելի է, բայց լիովին համապատասխանում է Վիգեն Սարգսյանի՝ բազմիցս հրապարակային արտահայտած մոտեցմանը, որ հայ առաքելական եկեղեցին պետք է ունենա ուղղակի մասնակցություն և դերակատարություն զինված ուժերում: Պարոն Սաքունցը հիշեցրեց՝ ՊՆ նախարարը հենց Ազգային ժողովում հասարակական լսումների ժամանակ նաև հայտնեց, որ ինքը որպես այս պահին նախարար, այդպես է մտածում, իսկ եթե կլինեն այլ նախարարներ, կլինի այլ մոտեցում, դա արդեն իրենց խնդիրն է:
Ըստ Արթուր Սաքունցի՝ Վիգեն Սարգսյանը՝ որպես ՊՆ նախարար ինքն իրեն բարձր է դասում սահմանադրությունից և դրանով ցույց տալիս, որ իր՝ որպես պաշտոնատար անձի համար կարևոր է իր անձնական դիրքորոշումը, քան սահմանադրությունը:
Պարոն Սաքունցի կարծիքով՝ հանրային այսպիսի աշխույժ արձագանք չէր լինի, եթե նախապես Վիգեն Սարգսյանը ներկայացրած չլիներ ազգ-բանակ հայեցակարգը. «Այսինքն՝ պաշտպանության նախարարը որպես քաղաքական դեմք քաղաքական վարքագիծ է դրսևորում, որի նպատակը դրա ներկայացումն է, որ ազգը բանակի համար է և ազգը նաև եկեղեցու համար է: Սա նշանակում է ազգ-բանակ-եկեղեցի եռամիասնության ձևավորում, որն ամբողջությամբ հակասահմանադրական է: Այս հարցերի պատասխանն ու հիմնական, անմիջական պատասխանատուն Սերժ Սարգսյանը պետք է լինի: Հայաստանում որևէ պաշտոնատար անձ չի կարող է իրեն որևէ քայլ, գործողություն թույլ տալ առանց Սերժ Սարգսյանի համաձայնության կամ հավանության կամ հենց նա կարող է մեկ վայրկյանում հեռացնել նման վարքագիծ թույլ տված պաշտոնյային»:
Հետաքրքրվեցինք՝ փաստորեն խնդիր է դրված իջեցնելո՞ւ Վիգեն Սարգսյանի վարկանիշը, պարոն Սաքունցը պատասխանեց. «Նրանք ընդհանրապես հանրային կարծիքի հիման վրա որոշում կայացնելու գործելակերպ ու կարողություն չունեն, նրանք պարտադրում են հանրությանը ապրել ազգ-բանակ-եկեղեցի եռամիասնության կոնցեպտի շրջանակներում»:
Պարոն Սաքունցը զուգահեռ անցկացրեց՝ ինչպես պարտադրել են սահմանադրական փոփոխությունները, այնպես էլ այս նոր հայեցակարգն են պարտադրում, ինչը հակասահմանադրական, հակաիրավական և հակաժողովրդավարական է. «Իրենք չեն մտածում արժեքների մասին: Դա ողջամիտ տրամաբանության և մարդկային քաղաքակրթության զարգացման տրամաբանության տեսակետից է ճիշտ, որ եկեղեցին արժեզրկվեց: Իրենք արժեքների, նվաճումների, արժեզրկման մասին չեն մտածում, այլ սեփական իշխանության ամրապնդման մասին: Հակառակ դեպքում ընտրությունները, դատարանը, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը չէին արժեզրկի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ