Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պապերի հողում հունվարի 1-ին հայկական դրոշն ենք բարձրացրել, էլ դրանից մեծ նվե՞ր»․ Սլավիկ Սարգսյան

Հունվար 08,2018 13:38

2018 թվականի հունվարի 1-ը Հայաստանի դահուկասպորտի պատմության մեջ նշանավորվեց կարևոր իրադարձությամբ․ Գյումրու Լյուդվիգ Մնացականյանի անվան Ձմեռային մարզաձևերի հանրապետական մարզադպրոցի սան, 21-ամյա Աննա Մխիթարյանը Թուրքիայի Էրզրում քաղաքի «Kandilli» մարզաբազայում կայացած դահուկավազքի ՖԻՍ մրցաշարում 10 կմ ազատ ոճում գրավեց 1-ին տեղը՝ նվաճելով ոսկե մեդալ։

Բավական հաջող հանդես են եկել նաև նույն մարզադպրոցի սաները՝ Աննա Ռաշոյանը, որը գրավեց 6- րդ տեղը, Մյասնիկ Ղարիբյանը՝ 7-րդ, Նելլի Խաչատրյանը 12-րդ։

Թուրքիայի Էրզրում քաղաքի «Kandilli» մարզաբազայում կայացած դահուկավազքի ՖԻՍ մրցաշարը, որն անցկացվում էր 2017 թվականի դեկտեմբերի 31-ից 2018 թվականի հունվարի 3-ը, համարվում է նաև 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներ։

Գյումրու Լյուդվիգ Մնացականյանի անվան Ձմեռային մարզաձևերի հանրապետական մարզադպրոցի տնօրեն, վաստակավոր մարզիչ Սլավիկ Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Մենք ամանորյա ամենամեծ նվեր ենք պարգևել հայ ժողովրդին։ Չեք պատկերացնի իմ ապրումները, երբ մեր պապական հողերի վրա ոսկե մեդալ նվաճեցինք, հնչեց մեր հիմնը ու բարձրացավ մեր դրոշը։ Դրանից մեծ երջանկություն չէր կարող լինել։ Թուրքիայում Ամանոր չեն նշում, բայց տեսնելով իմ հուզմունքը, երկրպագելու պահին ինձ տարբեր դիրքերով նկարել էին ու տարբեր ազգերի ներկայացուցիչներ, մոտենալով, ասում էին՝ շատ լավ է, սա ամենաուրախ Ամանորն է ձեր համար։ Իհարկե, նկատելի էր, որ թուրքերը շատ ծանր տարան, մեր աղջիկը գրավեց առաջին տեղը, երկրորդ տեղում հույնն էր, երրորդ տեղում՝ թուրքը։ Ես անկեղծ պիտի ասեմ՝ չէի սպասում առաջին տեղի։ Մեր հանրապետական մարզադպրոցը շուտով իր 40 տարին կնշի, բայց չեմ հիշում, որ Թուրքիայից ոսկե մեդալ նվաճած լինեինք կամ միջազգային մրցման հաղթող աղջիկ ունենայինք»,- ասաց մարզիչը։

Աննա Մխիթարյանը, որը Շիրակի պետական համալսարանի ուսանողուհի է, սովորում է հոգեբանության մագիստրատուրայի բաժնում, պատրաստվում է մասնակցել օլիմպիական խաղերի։ Վաստակավոր մարզիչ Սլավիկ Սարգսյանն ասում է՝ եթե խոչընդոտող չլինի, նա անպայման կմասնակցի։

Ի դեպ, Աննա Մխիթարյանի մայրը՝ Հայաստանի դահուկավազքի բազմակի չեմպիոն է, սպորտի վարպետ, հիմա մարզիչ է աշխատում։

«Մեր մարզադպրոցը մեծ ավանդույթ ունի, մենք միշտ էլ օլիմպիական խաղերի մասնակիցներ ենք տվել, լավ սպորտսմենները՝ Հայաստանի չեմպիոնները մեր մարզադպրոցից են։ Հայաստանի հավաքականի մեծ կորիզը համալրված է Գյումրու Լյուդվիգ Մնացականյանի անվան Ձմեռային մարզաձևերի հանրապետական մարզադպրոցի սաներով»,- ասաց մեր զրուցակիցը։

Շիրակի մարզպետարանի սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Առջևում նաև հանրապետության առաջնությունն է, իսկ ամենամեծ ստուգատեսը ձմեռային մարզաձևերի Հարավային Կորեայի Փխենիա քաղաքում անցկացվող օլիմպիական խաղերն են, փետրվար ամսին են։ Իսկ մինչ օլիմպիական խաղերը ՖԻՍ ծրագրով անցկացվում են մրցումներ, ասեմ, որ նաև Հայաստանի առաջնությունն է տալիս միավորներ օլիմպիական վարկանիշային, հուսով ենք, որ անպայման կունենանք դահուկորդներ օլիմպիական խաղերում։ Դեռևս հայտնի չէ, հիմա ՖԻՍ ծրագրով մրցումներն են, տարբեր երկրներում են անցկացնում, Հայաստանի առաջնությունը ևս ՖԻՍ ծրագրում է ընդգրկված, տալիս է միավորներ։ Ասենք՝ կարող է մի ուրիշ երկրից մեկը գա ու մասնակցի Հայաստանի Հանրապետության առաջնությանն այդ միավորները ստանալու համար։ Դահուկային սպորտն արդեն առաջընթաց է ապրում, դա փաստ է, Էրզրումի հաջողությունը դրա վկայությունն է։ Անցած տարի էլ մեծ հաջողություն ունեցանք․Սերգեյ Միքայելյանն Աշոցքից դարձավ Ղազախստանում ձմեռային համաշխարհային Ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր, նման նվաճում ամբողջ պատմության մեջ չէր եղել», -ասաց Վաչիկ Վարդանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031