Լրահոս
Օրվա լրահոսը

Մուշեղ Խուդավերդյան. Արեւմուտքը չի ցանկանում Իրանը ոչնչացնել (Տեսանյութ)

Հունվար 08,2018 13:06

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի կարծիքով՝ Իրանում վերջին օրերին տեղի ունեցող լայնածավալ ցույցերը հեղափոխություն կատարելու և Իրանի վարչակազմը տապալելու նպատակ չեն հետապնդում: «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետը ներկայացնելով իրանական զարգացումների վերաբերյալ իր վերլուծությունը, կարծիք հայտնեց, որ Իրանում տեղի ունեցող զարգացումները նպատակ ունեն ցույց տալու Իրանի ղեկավարության թույլ կողմերը, որոնք օգտագործելով՝ Արևմուտքը կարող է պայքարել նրա դեմ: Նրա համոզմամբ՝ Արեւմուտքի նպատակը ոչ թե Իրանը ոչնչացնելն է, այլ արեւմտյան շահերին համահունչ պետություն ստեղծելը:

«Արևմուտքի նպատակը ոչ թե Իրան պետության ոչնչացումն է, այլ ընդամենն Իրանում այնպիսի իշխանություն հաստատելը, որը համահունչ կլինի արևմտյան շահերին և չի սպառնա Արևմուտքի ազգային անվտանգությանը: Իրանում ցույցեր հրահրելն ուներ նաև այլ նպատակ: Թերևս Ռուսաստանի ու Չինաստանի դաշնակից երկրներին թուլացնելով՝ հետագայում թուլացնել նաև այդ գերտերություններին»,- ասաց Մուշեղ Խուդավերդյանը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ իրանական ցույցերի կազմակերպմանը խառնված է ոչ միայն ԱՄՆ-ը, այլ նաև իսրայելական «Մոսսադը»:

«Իսրայելը նպատակ ունի Իրանում իշխանություն փոխելով թուլացնել մահմեդական երկրների միասնությունը: Այդ միասնությունը չի բխում ինչպես Արևմուտքի, այնպես էլ Իսրայելի շահերից: Այնպես որ, Իրանում ցույցերի ավարտը ոչ այնքան ավարտ է, որքան մեծ գործընթացի սկիզբ: Արևմուտքը փորձում է հասկացնել, որ Իրանի դեմ պայքարելու է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին լծակներով»,- ասաց թուրքագետը:

Միաժամանակ բանախոսը նաեւ նշում է, որ Իրանում հեղափոխություն անելը բավական բարդ է՝ անգամ արևմտյան հատուկ ծառայությունների համար, քանի որ Իրանի ժողովուրդը կողմնակից է միասնականությանը եւ իսլամական իշխանությանը:

Մյուս կողմից, նրա կարծիքով, իրանական մահմեդական պահպանողական շարիաթական օրենքները բնակչության մի ստվար հատված համարում է հնացած: Շատերը կարծում են, որ Իրանն ավելի ժամանակակից զարգացման տեմպի մեջ պետք է մտնի:

Այս ամենին հավելելով Իրանի դեմ արեւմտյան պատժամիջոցների շարունակականությունը, ինչը հանգեցրեց երկրում սոցիալական լարվածության մեծացման, բանախոսի կարծիքով՝ կարող է անկանխատեսելի զարգացումների բերել:

Այլ մանրամասները՝  տեսանյութում:

Խոսելով Իրանում տեղի ունեցող զարգացումների՝ Հայաստանի եւ հայ-իրանական կապերի վրա հնարավոր ազդեցությունների մասին էլ, Մուշեղ Խուդավերդյանն ասաց. «Իրանում տեղի ունեցող ցանկացած խլրտում իր ազդեցությունն է թողնում Հայաստանի ազգային անվտանգության վրա: Քանի որ տարածաշրջանում հակամարտությունների սրման նոր օջախների առաջացման հնարավորություն կարող է ստեղծվել: Խոսքը նույնիսկ կարող է վերաբերել ղարաբաղյան խնդրին, երբ տարածաշրջանային անկայունությունն օգտագործելով՝ ադրբեջանական կողմը կարող է առիթից օգտվել և պատերազմ սանձազերծել»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031